13.02.2019 17:02

Լիզա Ճաղարյան. Խորհրդական չի, «մի ողջ ժողովրդի» սպասումների մունետիկն է փաստորեն

Լիզա Ճաղարյան. Խորհրդական չի, «մի ողջ ժողովրդի» սպասումների մունետիկն է փաստորեն

«90-ականներին ապրած մի ողջ ժողովուրդ սպասում է իմ հարցերի պատասխանին», - պնդում է վարչապետի խորհրդական Սրբուհին։

Համեստ աղջիկ է, ասեմ ձեզ։ Կարող էր, չէ՞, հայտարարել, որ մի ողջ հողագունդ է սպասում իր հարցերի պատասխանին։ Բայց՝ ոչ։ Ամոթխածորեն բավարարվել է միայն «մի ողջ ժողովրդով»։  

Դե, քանի որ մի ողջ ժողովուրդ աչքը ջուր կտրած երեսուն տարի սպասել է, որ Սրբուհին մեծանա ու վերջապես տա այդ ողջ ժողովրդին տանջող հարցերը, դե՛ Սրբուհին էլ բարեբախտաբար մեծացել է, դեռ մի բան էլ ավելի՝ վարչապետի խորհրդական է դարձել ու տվել է այդ հարցերը, ի՞նչ եք ուզում էդ «տրամաբանող» աղջկանից։

Ոնց է պատահել, որ «մի ողջ ժողովուրդ» երեսուն տարի համբերությամբ ու տառապանքով սպասել է Սրբուհու մեծանալուն, ինչու՞ այլ հարց տվող չի հայթայթել (ի վերջո՝ քիչ ենք, բայց դե՝ հայ ենք, էլի, հո այլ մոլորակից չենք իջել էս մի քանի միլիոնս), ավաղ, այս հարցի պատասխանը չեք գտնի «Հրապարակ»-ի թոթովախոս հարցազրույցում, որովհետեւ լրագրողն այդ հարցը չի տալիս խորհրդական Սրբուհուն։ Չի հարցնում նաեւ, թե՝ խորհրդական Սրբուհի, նախ՝ փաստեր հրապարակեք, որ «պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց», եւ եթե անհերքելի փաստերից լեզուներս կապ ընկնի, հնարավոր է՝ հետեւյալ հարցը ծագի՝ եթե ինչ-որ «ազգադավ» պայմանավորվածություն է ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց, ուրեմն այդ կոմիտեի բոլոր անդամներն են էդ «պայմանավորվածությունը» ձեռք բերել, ինչու՞ եք, տիկին խորհրդական, այդ հարցի պատասխանը միայն Հայաստանի առաջին նախագահից պահանջում, չէ՞ որ այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր՝ կոմիտեի մնացած անդամների նման։ Հնարավոր է, չէ՞, լրագրողի այս հարցից հետո խորհրդական Սրբուհին առավել կատաղի ու անհերքելի փաստ դնի սեղանին, ըստ որի՝ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է «պայմանավորվածություն ձեռք բերել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ», ու կոմիտեի մնացած անդամները մինչեւ հիմա անտեղյակ են, որ իրենք ազատ են արձակվել Տեր-Պետրոսյանի ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ։

Ի վերջո, «մի ողջ ժողովուրդ» սպասում է խորհրդական Սրբուհու այս հարցի պատասխանին, խորհրդական Սրբուհին էլ նամարդություն չի արել, մեծահոգաբար իջել է «Ժողովրդի ձայն» կոչվող լեռան բարձրաբերձ գագաթից եւ համաձայնել է զրուցել ինչ-որ մի կայքի ինչ-որ մի լրագրողի հետ, մի՞թե կարելի է այդ աստվածատուր շնորհին նման անփութությամբ վերաբերվել։

Բա լավ, չիմանա՞նք, թե այդ «էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովը» ի՛նչ չարաշահումներ է թաքցրել  ու պայմանավորվածություններ ձեռք բերել «լույսի անջատման դիմաց»։ Խորհրդական Սրբուհին եթե այդ հարցը տալիս է, ուրեմն չարաշահումների մասին էլ գիտի, պայմանավորվածությունների մասին էլ։ Ավելին, գիտի նաեւ, որ «բացարձակ հաղթանակ ենք ձեռք բերել», Գեորգի Ժուկովն էլ վկա՝ իր «безоговорочная капитуляция»-ով, բայց էլի եկել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ասել՝ ձեր կապիտուլյացիան գլխներիդ կպչի, զինադադարն էլ է բոլ-բոլ։

Պարզ է, չէ՞, որ «մի ողջ ժողովրդի» ձայնափողը գիտի, թե ինչի դիմաց ինչ է տրվել, ով է տվել, ում է տվել, ինչու է տվել, ինչքան է տվել, ինչքանով է տվել։ Հո «մի ողջ ժողովուրդ» ինչ-որ անտեղյակ ու տրամաբանությունից բոբիկ արարածի արդարության մունետիկ չէ՞ր կարգի։ Բա չիմանա՞նք, թե այսքան քաջատեղյակ խորհրդական Սրբուհին ինչու է իր վտիտ մարմինը դրել «իմանալ-չհայտնելու» քրհոդվածի ծանրության տակ։

Չփնտրեք անտեղի։ Լրագրողին չի հետաքրքրում այն «դարակազմիկ» բացահայտումները, որոնց մասին քաջատեղյակ է խորհրդական Սրբուհին։ Հիշեցնեմ. այս Սրբուհու երեք հարցերից ոչ մեկում կասկածի նշույլ չկա։ Ինքը հաստա՛տ գիտի, որ «պայմանավորվածություններ են ձեռք բերվել», պարզապես ուզում է ճշտել, թե՝ «ի՛նչ պայմանավորվածություններ»։ Ինքն անշուշտ բերանացի գիտի, թե «ինչ պայմանավորվածություններ» են դրանք, բայց լրագրողը եթե չի հարցնում, ինքը հո իր վարչապետախորհրդականական ծանր տեղը չի թեթեւացնելու ու ամբախ-զամբախ դուրս տա։

Լրագրողն ընդամենը համեստորեն հարցնում է.

-Ձեզ հաջողվե՞ց ստանալ Ձեր հարցերի պատասխանը։

-Ոչ, ես կարծում եմ, որ մեր պատմությունը կտա այդ պատասխանը։

Դե հիմա ո՞նց չասես՝ եթե պատմությունն է տալու պատասխանը, ի՞նչ ես մարտնչող տգիտության մակարդակի դատավորական պատմուճանը գցել ուսերիդ ու մեյդան ընկել, ա՛յ... խորհրդական։

Բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել ես կառավարությունում, գոնե այնքան խելք ունեցիր, գլուխդ կախած քուջուջ արա ու քո տհասությամբ մի վարկաբեկիր քեզ խորհրդական նշանակողին։

Մինչեւ որ տեսնենք՝ կասեր Վանոն։