14.02.2019 09:16

Հայկ Հովհաննիսյան. Գնահատականը լինելու է, բայց... միայն քաղաքական

Հայկ Հովհաննիսյան. Գնահատականը լինելու է, բայց... միայն քաղաքական

Վերջին շրջանում հենց խոսվում է անցումային արդարադատության կամ նախկինների գործունեությանը քաղաքական գնահատական հնչեցնելու մասին, որոշ քաղաքական շրջանակների միակ հակադարձումը լինում է՝ բա իննսունականները: Այո, հարգելիներս,  իսկ  իննսունականնե՞րը:

Ավելին ասեմ՝ իննսունականներն առավել քաղաքական գնահատականի կարիք ունեն, քան հաջորդած տասնամյակները: Այն մոլեռանդության պատճառով, որ Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակահատվածում է խեղվել, կեղծվել, այլանդակվել  պատմությունը, հենց  իննսունականներն ունեն քաղաքական գնահատականի կարիք,  «իմ սիրելի» հակահեղափոխականներ, հակապետականներ (հանրապետական բառը հետայսու ափսոս է արժեզրկել, ըստ այդմ՝ հենց հակապետականներ) ու կարծեցյալ ռևանշիստներ: Եվ  այդ քաղաքական գնահատականի արդյունքում հենց դու՛ք էլ պատասխան եք տալու ներկայիս սերնդի առաջ:  Պատասխան եք տալու, որովհետև դրանք պատասխան պահանջող իրողություններ են:

Պատասխան եք տալու հաղթանակած, նորաստեղծ պետականությունը հասարակության աչքին ու նրա առջև նսեմացնելու, փոշիացնելու համար: Պատասխան եք տալու դժվարագույն պայմաններում պետություն ու բանակ ստեղծած, բազում բարեփոխումներ իրականացրած, պատերազմում  հաղթանակ կազմակերպած պետական «վաղահաս» կառավարման համակարգն ի տես ու ի լուր ազգի «ձախողված, մազութ լափող, հոսանք հողանցող ու պղինձ ծախող» ներկայացնելու համար:

Կա՞ դրանից ավելի մեծ ստորություն պետության հանդեպ։  Չկա՛:

 Պատասխան եք տալու մոմի լույսի ներքո դաս անող այն սերնդի առջև, որի նվիրյալ զրկանքները պատերազմի տարիներին՝ ոչ թե փառաբանվեց ու գնահատվեց, այլ դարձավ հենց իր համար ամոթի խարան, թե, իբր, քաղցում ու մրսում էին, բայց դա ամենևին կապ չուներ պատերազմի հետ, չէ՜… Ներշնչում էին, թե զրկանքները հանուն Արցախի՝ նրանց փոքրիկ ներդրումը չէր, այլ ուղղակի իրենք խեղճ ու թույլ էին այնքան, որ մի քանի գայլեր խլում էին ամենն ու լափում։ Անվերջ լափում էին:

Լենինգրադյան բլոկադայի ամեն տուժածի  ու նահատակի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործին փառաբանվեց ու գովաբանվեց հազար ու մի  ֆիլմերում և գրքերում: Իսկ մեզ համար իննսունականները դարձան ցրտի ու մթի տարիներ, ու մոմի լույսի ներքո սոված դաս անող մանուկին ոչ ոք այդպես էլ դրվատանքի խոսք չասաց, թե սա էլ ձեր ներդրումն էր. չէ՛, նրանց հրամցվեց միայն, որ սով էր, ցուրտ էր, գայլերը․․․

Կա՞ դրանից ավելի մեծ ստորություն սեփական ժողովրդի հանդեպ։ Չկա՛:

Նույնիսկ բանակի ստեղծման գործում պետականության դերն իջեցնելով՝ հավասարեցրիք ֆիդայական կռվի մակարդակին ու ամեն մայիսին շքանշան կապած տարատեսակ համազգեստավորներին միկրոֆոն դեմ տվիք, որպեսզի պատմեին աջ ու ձախ, թե որ պաշտոնյան ո՛ր ռազմական գործողությունից տեղյակ չէր, ու թե ինչպես էին իրենք, ի հեճուկս պաշտոնական Երևանի, ազատագրում Արցախն իրենց իսկ ուժերով: Երևի տխրահռչակ գեներալները դեռ ութսունականներից էին տանկեր ու ուղղաթիռներ պահում սեփական տներում, որ հետո անսալով ղեկավարությանը՝ հանեին տներից ու հասնեին Բաքու թեյ խմելու:

Չէ՜, այդ ամենի հետ պետությունը կապ չուներ, իրենք էին, միայն իրենք: Իրենք էին բանակցում տարբեր շահագրգիռ երկրների ղեկավարների հետ, իրենք էին ելույթներ ունենում միջազգային կառույցներում, զինամթերք ու պարեն ձեռք բերում, երբեմն խնդրում ու զարտուղի ճանապարհներ գտնում: Իրենք էին դա անում միայն ու, ցավոք սրտի, պետությունը միայն խանգարում էր:

Տեսել ենք այդ ամենը, պարոնայք, լսել ենք տարիներ շարունակ: Պատասխան եք տալու, որովհետև մեր Պատերազմը այդ մակարդակին իջեցրիք: Հետո էլ կլորացրած աչքերով զարմանում էիք Սասնա ծռերին հերոսացնողների վրա: Իսկ ի՞նչ էիք սպասում, կարծում էիք՝ այս ազգը Սերժի ու Քոչարյանի դեմքո՞վ է պատկերացնում հաղթանակը։ Չէ՜: Նույնիսկ պետության դեմքով չի պատկերացնում: Պատկերացնում է մորուքով, ավտոմատը ձեռքին Ֆիդայու դեմքով: Ինչ է, չէի՞ք սպասում։ Ձեր ցանածն է, պարոնայք, հնձեք ձեր սերմածը:

Կա՞ ավելի մեծ ստորություն բանակաշինության հանդեպ։ Չկա՛:

Ձեզ պետք չէին ո՛չ պետականություն, ո՛չ քաղաքացի, ու այդ գործով էլ զբաղված էիք քսան տարի: Ոչ ձեզ, ոչ դաշնակցությանը (մնացած պարբերաբար կոալիցվողները շարքային պնակալեզներ էին, ուրիշ ոչինչ)։ Այ, այդտեղ է ձեր քսանամյա համագործակցության բանալին:

Ասում եք՝ գաղափարական կուսակցություններ եք․  դա էր ձեր գաղափարախոսությունը՝ ազգայնականության շղարշի տակ սպանել պետականությունն ու նոր ստեղծվող քաղաքացուն: Ձեզ Էթնոս էր պետք, ցեղախումբ, որ դուք էլ դառնայիք ավագանի, առաջնորդ, վոյին, քուրմ, ինչպես կուզեք կոչեք: Ձեզ քաղաքացի պետք չէր, ում համար գերագույն պաշտամունքը պետականությունն էր։ Ձեզ լավաշն ուսին, ուսընդուս պարող էթնոս էր պետք, ուրիշ ոչինչ: Մեծագույն ձեռքբերումներն էլ պիտի լինեին ամենաերկար բեղն ու ամենամեծ գաթան: Միջազգային հարթակներում էլ մեր ձայն հանելու տեղն ու դերը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ իր քոչարի ու տոլմա գրանցելու համար պայքարով:

Այ, այդտեղ հասցրիք դուք պետականությունն ու քաղաքացուն:  Ու պատասխան եք տալու: Հայաստանի հպարտ քաղաքացուն չկերտելու համար պատասխան եք տալու. իր պետականությունը սիրելու փոխարեն ատելու համար հայաստանցու առջև պատասխան եք տալու:

Կա՞ ավելի մեծ ստորություն Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Չկա՛:

Ու այսօր, վերջապես, եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը: Բայց դրա համար պետք է սկսել անցյալից։ Ովքեր մեղավոր են, թող պատժվեն անխնա, ովքեր անմեղորեն պախարակվել են, պիտի իրենց արժանի տեղը գտնեն պատմության էջերում: Ովքեր տարիներով ստել, կեղծել ու արատավորել են պետության ու պետական այրերի համբավը, պիտի գլուխները կախ հրապարակավ պարսավվեն:

Պիտի հայաստանցին վերջնականապես  իմանա իր իրական հերսներին, մոմի լույսի ներքո դաս անող սերունդը պիտի արժանին ստանա պատերազմում իր ներդրման համար, Հայոց պետականությունը պիտի կրկին գերագույն արժեք դառնա քաղաքացու աչքերում:

 Բայց այս ամենի պատասխանատվությունը չպիտի մնա միայն իշխող կուսակցության ուսերին։ Ո՛չ, դա մենք մի անգամ արդեն տեսել ենք: Գայթակղությունը մեծ է լինելու ամեն վատ բան անցյալի վրա բարդելու, ու դրա սաղմերն արդեն տեսնում ենք:

Անցյալին քաղաքական գնահատականներ չտալու արդյունքը լինելու է այն, որ քաղաքացին ու պետականությունն այդպես էլ իրենց արժանի դրվատանքը չեն ստանալու, չեն արժևորվելու, ու անդունդը՝ պետականություն-հասարակություն, ավելի է խորանալու՝ օրերից մի օր չար կատակ խաղալով նաև նոր իշխանության գլխին: Պետականությունը չսիրող ու չհարգող, իր մեջ պատասխանատու քաղաքացի չփնտրող հասարակությանն ով ասես և երբ ասես կարող է մոլորեցնել:

Ու դա է պատճառը , որ իշխանական շրջանակներից դուրս բոլոր այն անհատներն ու խմբերը, որոնք իրենց պատասխանատու են համարում Հայաստան պետության առջև, իրենք իրենց համար, իրենց իսկ ներսում պիտի սկսեն անցումային արդարադատության ու  քաղաքական գնահատականների դարաշրջանը, որպեսզի վերջիվերջո դառնան օրվա իշխանությանն՝ իրերն իրենց անուններով կոչել ստիպող ուժը:

Գնահատականը լինելու է, բայց... միայն քաղաքական։

Ու սա պիտի սկսել իննսունականներից: