14.02.2019 12:10

Հ. Ուլոյան. ՀՅԴ-ի ընկալմամբ՝ «Արցախի հարցի լուծում» նշանակում է «զիջում»

Հ. Ուլոյան. ՀՅԴ-ի ընկալմամբ՝ «Արցախի հարցի լուծում» նշանակում է «զիջում»

Քաղաքացի Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե «Կառավարության ծրագրի խորը վերլուծության արդյունքում Դաշնակցությունում եզրակացրել են, որ այնտեղ առկա է հայ ժողովրդի կողմից մերժված՝ «առանց Արցախի խնդրի լուծման չի լինելու տնտեսական առաջընթաց» բանաձևը»:

Ենթադրենք` իրոք ներկայիս կառավարության ծրագրում «քողարկված» կերպով գրված է, որ Արցախի հարցի լուծմամբ է պայմանավորված Հայաստանի տնտեսական առաջընթացը: Ե՞վ: Այսինքն` ռացիոնալ մտածելակերպ ունեցող ինչ-որ մարդ գոյություն ունի, ով կպնդի, որ Հայաստանը կարող է տնտեսական «նորմալ» առաջընթաց ապահովել առանց Արցախի հարցի լուծմա՞ն: Ինչպե՞ս կարող է Արցախի հարցի պես հարց ունեցող երկիրը իր զարգացումը չկապել այդ հարցի լուծման հետ: ՀՅԴ-ն ինքն է Արմեն Ռուստամյանի բերանով բազմիցս պնդել, որ Արցախի հարցը Հայաստանի «ազգային գերխնդիրը» կամ «գլխավոր խնդիրն» է: Բա հարց. եթե Արցախի հարցը Հայաստանի «գերխնդիրն» է, ինչպե՞ս է հնարավոր Հայաստանի զարգացումն առանց այդ «գերխնդրի» լուծման:

Իհարկե, հարցի «լրջությունը» մի փոքր այլ է, քանի որ Հայաստանի զարգացումը Արցախի հարցի լուծումով պայմանավորելը ՀՅԴ-ի համար լրիվ այլ բան է նշանակում: Այդ «բանաձևի» մերժմամբ ՀՅԴ-ն առաջարկում է իր «բանաձևը», այն է` «զարգանալ՝ չզիջելով»: Այսինքն` եթե պնդում է հնչում, որ «Հայաստանի զարգացումը պայմանավորված է Արցախի հարցի լուծմամբ», ապա ՀՅԴ-ն մերժում է այդ գաղափարը, քանի որ, ՀՅԴ-ի ընկալմամբ՝ «Արցախի հարցի լուծում» նշանակում է «զիջում»: Ըստ այդմ՝ Հայաստանի «գերխնդիրը» չպետք է լուծվի, քանի որ լուծումը  զիջումն է:

Եթե այս ամենին ավելացնենք Ռուստամյանի կողմից հնչեցված ևս երկու հայտարարություն, ապա Արցախի հարցի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումների, մեղմ ասած, խառնաշփոթն ավելի ակնառու կդառնա: 1. «Որևէ իշխանություն իրավունք չունի անձնական նախաձեռնությամբ փորձել լուծել Արցախի հարցը: Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է»:

2. «Չի կարող լինել որևէ զիջում Հայաստանի կամ Արցախի կողմից, քանի Ադրբեջանը չի ճանաչել Արցախի անկախությունը»:

Այսինքն` Արցախի հարցի լուծումը պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կամքի, այն է` Արցախի անկախության անվերապահ ընդունումը, որից հետո հայկական կողմը կարող է զիջումներ անել Ադրբեջանին: Սա արդեն թողնենք առանց մեկնաբանության: