14.02.2019 13:28

Անբացատրելի է, չենք հասկանում, ոչ մի կերպ չենք հասկանում...

Անբացատրելի է, չենք հասկանում, ոչ մի կերպ չենք հասկանում...

Վերջերս «Հայոց պատմության» բուհական դասագրքում Հայաստանի նորագույն պատմության կեղծարար Էդիկ Մինասյանը կրկին ընտրվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնում։

Փաստը, մեղմ ասած, ցնցող է։

2012 թվականի աշնանն էր, մի քանի ամիս լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկն էր սեփական պատմության կեղծման այս խայտառակությունը։ Ուշադրության կենտրոնում էր եւ բուռն զայրույթ էր առաջացրել հատկապես  Մարտի 1-ի իրադարձությունների ցինիկ կեղծումը։

Հրապարակվեցին բազմաթիվ հոդվածներ, ահա մի քանիսը. «Ինչպես է ԵՊՀ-ն կեղծում պատմությունը», «Սրանք վտանգավոր են 1000 անգամ ավելի, քան թուրք ու ադրբեջանցի կեղծարարները», «Ինչպես է ԵՊՀ-ն կեղծում պատմությունը -2», «Երեւանի պետական համալսարանը պատմություն է կեղծում», «Ինչպես են ՀՀ-ում անցել նախագահական ընտրությունները՝ ըստ ԵՊՀ-ի», «Երեւանի պետական համալսարանը պատմություն է կեղծում», ««Հայոց պատմություն» դասագրքում կեղծվել է 1988-ից ի վեր ամբողջ պատմությունը» («Չորրորդ ինքնիշխանություն», 07.12.2012)։ Լրատվամիջոցների մեծ մասն անդրադարձավ կատարված անամոթ կեղծիքներին։

Միայն վերնագրերը բավարար էին, որպեսզի մեղադրվող կողմը դատարան դիմեր լրատվամիջոցների կամ հեղինակների դեմ ՝ իր «անունն ու բարի համբավը» արատավորելու հայցով։ Է. Մինասյանն այդ օրերին ընդամենը հեւիհեւ այս ու այն կողմ էր վազվզում՝ փորձելով կցկտուր «բացատրություններ» տալ կամ ինչ-որ կերպ արդարանալ։

Իրենց զայրույթն ու տարակուսանքն արտահայտեցին իշխանական ազդեցությունից դուրս գտնվող մտավորականներ.

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյան. «Կարո՞ղ է՝ շփոթմամբ ոստիկանական ամփոփագիրն են զետեղել դասագրքում:  Ռուսերեն ասում են кошмар, այսինքն` մղձավանջ: Բայց մեր օրերում, մեր աչքի առաջ և մեզ հետ պատահածն այսպե՞ս կներկայացնեն: Սովետականը փառք էր»: (24.11.2012)։

Դերասան Աշոտ Ադամյան. «Ինձ առաջին հերթին վրդովել է այն, որ անգամ այդ կարգի մարդն այդ աստիճան անպատասխանատու, խեղաթյուրված ու կեղծ կարծիք կարող է հայտնել: Այնինչ վերջինս կոչված է այդ բոլոր խնդիրներին արձագանքել մասնագիտորեն, այսինքն՝ կարող եմ եզրահանգում անել, որ մասնագիտական իմաստով՝ աղբ է»:(24.11.2012)։

Բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյան. «Փաստը ճիշտ չի ներկայացվել: Եթե խոսակցության տեղիք է տալիս, ուրեմն փաստը ճիշտ չի ներկայացվել: Ի՞նչ է նշանակում՝ անձնական կամ կուսակցական մոտեցումներ վերագրել դրան: 30.11.2012։

Փաստաբան Երվանդ Վարոսյան. «Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ ԵՊՀ-ում օգտագործվում է մի ձեռնարկ, որտեղ հայտնի դեպքերը ներկայացված են խեղաթյուրված կերպով»: 

Բնականաբար, առաջին հերթին իրենց բողոքի ձայնը բարձրացրին Մարտի 1-ի զոհերի ծնողները՝ նորից վերապրելով իրենց կորստյան ցավը: Պահանջեցին հանդիպում Է. Մինասյանի հետ լրագրողների ներկայությամբ, վերջինս հրաժարվեց նրանց ընդունել։ «Մարտի 1» հ/կ-ն պահանջեց բուհերից ետ կանչել նշված պատմության դասագրքերը և հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի զոհերի անունը արատավորելու փորձ կատարելու համար:

2015 թ. մեր կայքում հրապարակվեց պատմաբան Աշոտ Սարգսյանի «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը (1988-1998 թթ.)» գիտական աշխատանքը (21.09.2015)՝ շարունակական չորս ընդարձակ մասերով։ Քիչ անց այն նույն վերնագրով հրապարակվեց նաեւ առանձին գրքով (Երեւան, 2015)։ Գիրքը հասցվել է ԵՊՀ եւ անձամբ Է. Մինասյանին, Գիտությունների ակադեմիա, տարբեր գրադարաններ, դրվել է գրախանութներում։ Որեւէ տեղից՝ ոչ մի արձագանք, քար լռություն, եւ դա՝ այն դեպքում, երբ դրանում մեղադրվում է ոչ միայն կեղծիքների հեղինակը, այլ նաեւ այդ կեղծիքները հանձնարարած իշխանությունը եւ այն հանդուրժած պատմաբանները։

***

Եւ հիմա, ողջ ժողովրդի իրականացրած «թավշյա հեղափոխությունից»՝ ավազակապետական ատելի ռեժիմը տապալելուց հետո, նույն այդ ռեժիմի պատվերով Հայոց պատմությունը «ավելի վատ, քան թուրք եւ ադրբեջանցի պատմաբանները» կեղծած ու եղծած Է. Մինասյանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, նորից ընտրվում է մայր բուհի Պատմության ֆակուլտետի դեկան։ Իսկ խայտառակ այդ դասագրքով դեռ շարունակում են դասավանդել մեր ողջ ուսանողությանը։

Թվում էր, թե հեղափոխության առաջին գործերից մեկը կատարված կեղծիքը՝ կրթության բնագավառում շարունակվող «Մարտի 1»-ն արմատախիլ անելը պետք է լիներ։ Մինչդեռ ամեն ինչ ոչ միայն շարունակվում է, այլեւ այդ կեղծիքի հեղինակն էլ կրկին փառավորապես վերընտրվում է իր պաշտոնում։ Ուրեմն՝ ոչինչ չի փոխվել։

Անբացատրելի է, չենք հասկանում, ոչ մի կերպ չենք հասկանում...

iLur.am