15.02.2019 13:08

Արսեն Գրիգորյան. Մանուկ ընդդիմադիրը

Արսեն Գրիգորյան. Մանուկ ընդդիմադիրը

Ես վստահ չեմ, որ մեզ լավ ժամանակներ են սպասվում՝ այն իմաստով, որ առաջին անգամ մեր բախտը կարող է չբերել ընդդիմության հարցով: Հեղափոխությունն, ընդհանրապես, ավելի է բարդացրել ընդդիմություն ունենալու խնդիրը, չէ՞ որ գրեթե մի ամբողջ ժողովուրդ իշխանության հետ է:

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ընդդիմություն էր խաղում մի քանի ճակատով՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ ընդդեմ իր «ուրվականի»՝ Միքայել Մինասյանի: Միքայել Մինասյանը, հիշեցնենք, մարդ էր, որը Սերժ Սարգսյանի փեսայի կարգավիճակով տնօրինում էր գրեթե Հայաստանի ամբողջ էլեկտրոնային մեդիառեսուրսը, նաեւ այնպիսի լրատվամիջոցներ, որոնք հանդես էին գալիս իր աներոջն ընդդիմադիր դիրքերից: Արման Բաբաջանյանը երբեք չի հերքել, որ իր լրատվամիջոցը նույնպես սնվել է Միքայել Մինասյանի փողերով: Չէր զգացվում, որ պարոն Բաբաջանյանը Հայաստանում քաղաքական փոփոխությունների հույս ունի եւ պետք է ավելի ազնիվ խաղա ու մի օղակը լինի այդ փոփոխությունների: Ոչ: Նա այն մարդկանցից էր, որոնք հոգու խորքում հավերժ ղեկավար էին հռչակել Սերժ Սարգսյանին ու աշխատում էին ըստ այդմ:

Իսկ Միքայել Մինասյանի փողերի հետ կապը հերքելու կարիք չկար հենց այն պատճառով, որ այդ մասին գիտեին միայն այդ երկուսը, նրանք իրար վրա, Մարուքյանի բառերով ասած, «բոչկա» չէին գլորի: Եվ հանկարծ տեղի ունեցավ իշխանափոխություն: Միշիկը դարձավ չիշիկ: Ինչի՞ հաշվին: Խիստ կասկածում եմ, որ Մինասյանն ինքն է պատվիրել Արման Բաբաջանյանին չխորշել իր հետ կապը հերքելու բոլոր հնարավոր ազնիվ եւ անազնիվ միջոցներից: Արման Բաբաջանյանի հերքման մեթոդը մանկական է, բայց նա կամ գիտի, որ Մինասյանը չի խոսի եւ չի հաստատի կամ հերքի երբեմնի կապը Բաբաջանյանի լրատվամիջոցի հետ, կամ, որ ավելի խելամիտ է, չի էլ պատկերացնում, որ կարող է խոսել:

Բաբաջանյանն ավելի հեռու է գնում՝ նա ասում է, որ Մինասյանը ֆինանսավորել է նաեւ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթը: «Ընդդիմադիր» գործիչն ասում է, որ իր աղբյուրը լրատվամիջոցներն են: Ահա այստեղ է հատկապես երեւում, որ նրա դիմադրությունը մանկական է: Փաշինյանի աղբյուրը լրատվամիջոցները չեն: Նա 9 ամիս է Հայաստանի առաջնորդն է եւ հաստատ 9 ամիս  «օդում կախված լուրերով» չի առաջնորդվում:

Ինչպե՞ս Արման Բաբաջանյանը հայ ժողովրդին համոզի, որ ազնիվ ընդդիմադիր է: Նա հասկացնում է, որ դեռեւս Սիրիայից ու արտաքին քաղաքականության խնդիրներից բացի ուրիշ որեւէ բանում չի մեղադրել Նիկոլ Փաշինյանին, ինչու՞ է վերջինս այդքան բաց խաղաքարտերով խաղում: Պատգամավորը ընդդիմադիր լինելու հենակետ չունի, նույնիսկ Մարուքյանն այդ վիճակում չէ: Ըստ իս, նա դեռ կփորձի լեզու գտնել Նիկոլ Փաշինյանի հետ, չէ՞ որ Հայաստանում աշխատելու բոլոր տարիներին հենց դրանով է զբաղվել Արման Բաբաջանյանը: Նա ուղղակի առաջին անգամ է բախվում մի իրավիճակի, երբ մեղադրանքը ոչ թե  «բանակում չծառայելն» է, որը  պարոն Բաբաջանյանի դեմքը փրկելուն հավասար մեղադրանք էր, այլ իրերն իրենց անունով կոչելն է: Պատգամավորը առաջին անգամ է գործ ունենում մի իրավիճակի հետ, երբ իր աչքերի մեջ նայելով՝ ասում են, թե ով է ինքը: Երեկ նա առաջին քայլը կատարեց՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է վատը, այլ նրա խորհրդատուները: