18.02.2019 13:30

Tuttosport. Ալեգրին «Ատլետիկո»-ի համար անակնկալ է պատրաստում

Tuttosport. Ալեգրին «Ատլետիկո»-ի համար անակնկալ է պատրաստում

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին տակտիկական անակնկալ է պատրաստում «Ատլետիկո»-ի համար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, տնային պատրաստության ձեռագիրը հատկապես երևալու է կիսապաշտպանության ու պաշտպանության աջ թևում: Հաշվի առնելով «հնդկացիներ»-ի վտանգավոր հակագրոհները՝ «ծեր սինյորա»-ի պաշտպանության աջ թևում առաջին րոպեներից կարող է խաղադաշտում լինել ոչ թե Ժոաո Կանսելուն, այլ Մատիա դե Շիլյոն կամ Մարտին Կասերեսը: Ուրուգվայցին իտալացուց ուժեղ է օդային պայքարներում, կարող է տեղափոխվել կենտրոնական պաշտպանի գոտի, ինչպես նաև ավելի լավ ֆիզիկական տվյալներ ունի:

Այս պարագայում պորտուգալացի Կանսելուն կարող է տեղ զբաղեցնել կիսապաշտպանության աջ թևում՝ ինչը նրան հնարավորություն կտա ավելի շատ մտածել հարձակման, քան պաշտպանական գործողությունների մասին:  Դիրքի մյուս թեկնածուն Բերնարդեսկին է:

Նշվում է, որ վերոհիշյալ մարտավարական լուծման դեպքում պահեստայինների նստարանին կմնա Դիբալան:

Հավելենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի է ունենալու Մադրիդում փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին: