18.02.2019 13:37

Վենեսուելայի ԱԳՆ. Եվրապատգամավորները զգուշացվել էին երկիր մուտք գործելու արգելքի մասին

Վենեսուելայի ԱԳՆ. Եվրապատգամավորները զգուշացվել էին երկիր մուտք գործելու արգելքի մասին

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Առեասան հայտարարել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք ուզում էին այցելել Բոլիվարիական Հանրապետություն, նախապես զգուշացվել էին, որ հնարավոր չէ մուտք գործել երկիր: Այդ մասին արտգործնախարարը կիրակի օրը գրառում է կատարել Twitter-ում:

«Պաշտոնական դիվանագիտական խողովակներով Վենեսուելայի իշխանությունները մի քանի օր առաջ ծանուցել են դավադիր նպատակներով երկիր այցելելու մտադրություն ունեցող Եվրախորհրդարանի պատգամավորներին, որ նրանց դա թույլ չի տրվի: Նաև նրանց խորհուրդ է տրվել հրաժարվել դրանից՝ հետագա սադրանքներից խուսափելու համար», - գրել է նախարարը:

Առեասան նաև գրել է, որ Վենեսուելայի կառավարությունը «եվրոպական ծայրահեղ աջ ուժերին թույլ չի տա խախտել խաղաղությունն ու կայունությունը երկրում այլևայլ կոպիտ ինտերվենցիոնիստական գործողություններով»:

Ավելի վաղ իսպանական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Էստեբան Գոնսալես Պոնսը հայտարարել էր, որ իրեն և Եվրախորհրդարանի մյուս անդամներին Վենեսուելայից արտաքսում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանով: Եվրախորհրդարանի պատվիրակությունը, բաղկացած վեց անդամից, պետք է հանդիպումներ անցկացներ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի, ինչպես նաև եվրոպական երկրների դեսպանների հետ:

Փոխանցում է tass.ru-ն: