18.02.2019 16:30

Բոլորը վաղ թե ուշ հատուցում են, պարոն Քոչարյան

Բոլորը վաղ թե ուշ հատուցում են, պարոն Քոչարյան

Հայաստանում աբսուրդի հասնող իրավիճակ է: Ռոբերտ Քոչարյանի մերձավորները, մի քանի պաշտպանները և մի քանի հանկարծահաս ու մի քանի ժամանակավրեպ աջակիցները բողոքում են հատկապես Քոչարյանի դեմ ներկայիս իշխանությունների գործողություններից ու այնպիսի բնորոշումներ են ներկայացնում, որ եթե անունները տեքստից հանես, կարող է թվալ, թե լավագույնս ներկայացվում են քոչարյանական կառավարման տարիները: 

Եւ քաղաքական վենդետան, թերեւս, այդ շարքում ամենամեղմ բնորոշումն է: Այսօր, օրինակ՝ Քոչարյանի ավագ որդին է խոսել: Ասում է՝ «մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակում է»  տեղի ունենում, ասում  է՝  իրենց դեմ «ստի ու կեղծիքի գերբարձր դոզա» կա, ասում է՝ «երկրի ղեկավար է դարձել մի մարդ, որը ցանկացած միջոց պատրաստ է օգտագործել իր կասկածելի նպատակներին հասնելու համար», ասում  է՝ վարչապետի նպատակն է «ցանկացած գնով իր իշխանության պահպանումը», ասում է՝ իրենց մասին «կեղծ և ստահոդ լուրեր» են տարածվում, որոնց հիմնական տեխնոլոգիան շատ պարզունակ է։ Ասում է՝ «տասնյակ եւ հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որեւէ իրավախախտում չպարունակող փաստ եւ ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել»:

Այո, սիրելի տիկնայք եւ պարոնայք, այս ամենը ասում է Քոչարյանի որդին՝ բնութագրելով այսօրը: Բայց իրականում՝ բնութագրելով այլ մարդու կառավարման տարիներն ու գործելաոճը:  

Վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակում. միացրեք այսօրվա Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումը եւ համեմատենք այն քոչարյանական ժամանակների Հանրայինի եւ մյուս բոլոր հեռուստաընկերությունների լուրերի թողարկումների հետ: Այսօրվա Հանրայինով դուք անգամ բանտից Քոչարյանի հղած ուղերձը կարող եք լսել: Իսկ քոչարյանական ժամանակներում ընդդիմությունն այնտեղ ոչ միայն ձայն չուներ, այլեւ այդ եթերն ամբողջությամբ եւ տարիներ շարունակ լցված էր նույնաբովանդակ ու կրկնվող հակաքարոզչությամբ՝ իրեն նախորդած իշխանությունների դեմ: Եթե այսօրվա Հանրայինը կարելի լիներ որակել հարձակողական, ապա դուք, ուրեմն, մոռացել եք քոչարյանական ժամանակների Հանրայինի հաղորդումների ժամանակ հնչող որակումները: Այ, հարձակումը դա էր:

Ստի ու կեղծիքի գերբարձր դոզա.  այսօրվա իշխանություններին ստի ու կեղծիքի մեջ են մեղադրում նրանք, ովքեր ամենաբարձր մակարդակով չէին խորշում իրականում սուտ ու կեղծիք տարածել՝ է՛լ «Ղարաբաղը ծախել», է՛լ «մութուցուրտ», է՛լ՝ «Թուրքիայից փոխանցված» գումարների մասին հետո այդպես էլ անէացած մեղադրանքներ, եւ այլն, եւ այդպես շարունակ:

Երկրի ղեկավար է դարձել մի մարդ, որը ցանկացած միջոց պատրաստ է օգտագործել իր կասկածելի նպատակներին հասնելու համար, ցանկացած գնով իր իշխանության պահպանում. այստեղ մեկնաբանություններն անգամ ավելորդ են՝ «Գույք պարտքի դիմաց»-ը, Հեյդար Ալիեւի հետ Մեղրիի տարբերակը թաքուն քննարկելը վկա: Էլ չասած, որ ներկայիս իշխանությունների հրահանգով Պապլավոկներում մարդ չեն սպանում, ոստիկանության պատուհաններից վկաներ չեն «սայթաքում եւ ընկնում» ու մահանում: Էդ քոչարյանական ժամանակներում էր, որ նույնիսկ թռուցիկ բաժանող տասը հոգանոց խմբին կրկնակի կամ եռակի ավել ոստիկաններով ցրում էին, ծեծում ու բերման ենթարկում: Հիմա Քոչարյանի կողմնակիցները հանգիստ ցույց էլ են անում, պաստառ էլ փակցնում: Էդ քոչարյանական ժամանակներում էր նախագահը բանակցում տարածքները փոխզիջելու շուրջ եւ զուգահեռաբար ստում հանրությանը, եւ հանրությանը մոլորցնելու համար՝ իր նախորդին «Ղարաբաղը ծախող» որակում:

Ինչպես երեւում է, քոչարյանականները մի քիչ խառնել են ժամանակները, հիմա քոչարյանական ժամանակներ չեն, հիմա բարձրագույն պաշտոնյայի խոսնակը «Հայլուրի» համար տեքստեր չի գրում եւ չի վերահսկում մոնտաժը: Թեեւ, չի բացառվում, որ ամեն բան չափում են սեփական արշինով՝ եթե իրենք այդպես էին անում, ապա ուրիշները մի՞թե կարող են այլ կերպ վարվել:

Բայց մի բան պարոն Քոչարյանը ճիշտ է ասում՝ «ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»։ ճիշտ է, պարոն Քոչարյան, բայց ոչ թե կդնի, այլ արդեն սկսել է իր տեղը դնել:

Կյանքն այդպիսի բան է, ամեն ինչի համար վաղ թե ուշ բոլորը հատուցում են: Նույնիսկ՝ եթե մարտիմեկյան սպանդը ընդդիմության կողմից սադրված բախումներ եք անվանում, հեղափոխությունն էլ՝ «ապրիլյան դեպքեր»:

Սահակ Գրիգորյան