18.02.2019 22:31

Հ. Ուլոյան. Բա որ հանկարծ ձեր առջև ծառացած լինեին 90-ականների խնդիրներից մեկ-երկուսը...

Հ. Ուլոյան. Բա որ հանկարծ ձեր առջև ծառացած լինեին 90-ականների խնդիրներից մեկ-երկուսը...

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը, արդարացնելով ՀՀԿ իշխանության «թերացումները», հայտարարում է հետևյալը. «Մեր իշխանության տարիներին եղել ա միջազգային 2 տնտեսական ճգնաժամ, 2 պատերազմ, եղել ա «Սասնա Ծռերի» տեռորիստական ակտ: Եվ, բնականաբար, դա չէր կարող չազդել կառավարության ծրագրերի արդյունավետության վրա»:

Փաստորեն` նման «փաստարկներով» է ՀՀԿ-ն «արդարացնում»է իրենց կառավարման տարիների մղձավանջը: Նման «փաստարկներով» է արդարանում մի ռեժիմ, որը 20 տարի շարունակ քննադատում ու արատավորում էր 1988-1998 թթ. իշխանություններին այն դեպքում, երբ այդ տարիներին Հայաստանը գոյատևում էր
- պետության 30 տոկոսը այս կամ այն չափով ավերակի վերածած 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների,
- ԽՍՀՄ փլուզման և համատարած տնտեսական կոլապսի,
- էներգետիկ ճգնաժամի,
- 1992-1994 թթ. լայնամասշտաբ Արցախյան պատերազմի ու հազարավոր զոհերի,
- 300.000-ի հասնող Ադրբեջանից ներգաղթած փախստականների,
- տեռորիստական ակտերի պայմաններում:

Ու երբ այդ բոլոր իրավիճակներից Հայաստանը կարողացավ վերածնվել, հաղթեց Արցախյան պատերազմը, հաղթահարեց էներգետիկ ճգնաժամը, Արցախի հարցն ուղղեց հայանպաստ հուն և այլն, և այլն, ահա այս ամենը ոչ մի նշանակություն չուներ քոչարյանասերժական տխրահռչակ ռեժիմի համար. այդ տարիները «ցուրտ ու մութ» էին և վերջ: Ու հիմա, 90-ականները օր ու գիշեր որպես «ցուրտ ու մութ» տարիներ պրոպագանդող նախկին ռեժիմը խոսում է այն մասին, որ իրենց իշխանության «անհաջողությունները» կապված են 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների ու «Սասնա Ծռերի» տեռորիստական ակտի հետ:

Հարց է առաջանում` լավ, բա եթե ձեր «անհաջողությունների» պատճառը դրանք էին, բա որ հանկարծ ձեր առջև ծառացած լինեին 90-ականների խնդիրներից մեկ-երկուսը, ի՞նչ էիք անելու այդ ժամանակ: Հայաստանը, ընդհանրապես, գոյություն կունենա՞ր»: