19.02.2019 14:00

Արսեն Գրիգորյան. Ֆալստարտ հիստերիա

Արսեն Գրիգորյան. Ֆալստարտ հիստերիա

Նոր ընդդիմադիրները արդեն նոր իշխանություններին մեղադրում են խոսքի ազատությանն ուղղված անհանդուժողականության մեջ: Ինչպես ասում են՝ տեղ հասանք:

Մի բան ուզում եմ միանգամից ասել: Նույնիսկ «Հայկական ժամանակն» այսօր իշխանական չէ, որովհետեւ մամուլի զարգացման տրամաբանությունը նրան թույլ չի տա այդպիսին լինել: Նոր ընդդիմադիրները հեղափոխության արժեքների խնամքը շփոթում են անհանդուրժողականության հետ: Այսօր կա ընդդիմադիր մամուլ, դա թեմա չէ: Ու տրամաբանական է: Կա էն պատճառով, որ նախկինում այնպիսի փողեր են թալանվել, որ կհերիքի լրատվամիջոց պահելուն: Իսկ լրատվամիջոցն էլ տվյալ կայքում կամ հեռուստաընկերությունում գործի ընդունվողների սիրուն աչքերի համար չեն պահում: Ուզում են ազդեցություն ունենալ, կարծիք ձեւավորել, որ հասնեն ռեւանշի: Այնպես որ՝ այո, կա ընդդիմադիր մամուլ:

Բայց որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ էդ մամուլին իշխանության ձեռամբ ինչ-որ բան է սպառնում: Ցավն այն է, որ այս թելը թելում են նույնիսկ խորհրդարանական ընդդիմադիրները: Նրանք երեւի կարող են չիմանալ, թե ժամանակին ինչպես էր ձեւավորվում գործող հեռուստաընկերությունների լուրերի ցանցը, տեղյակ չեն գուցե, որ որոշ TV-ներում նախագահականի ներկայացուցիչը նստում էր եւ անձամբ էր մոնտաժում նախագահին վերաբերող մոնտաժները, հետեւում տեքստին, երբեմն գրում, բերում:

Ես չգիտեմ, թե որն է նման բան հայտարարելու միտումը: Եթե սեփական կշիռն են ուզում բարձրացնել, փոքր-ինչ բարդ առաքելություն է: Որովհետեւ գոնե մեկը պետք է դա տեսնի: Պետք է տեսնի ու վկայի, թեկուզ անանուն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունն ազդում լրատվամիջոցի վրա: Նույնիսկ բամբասանքը չէր խանգարի:

Ես չեմ բացառում, որ ապագայում նման անհրաժեշտություն լինի, երբեմն անքննելի են իշխանությունների գործերը, բայց այսօր նրանց մեղադրել մամուլի հանդեպ անհանդուրժողականության մեջ՝ առնվազն ֆալստարտ է: Առայժմ Փաշինյանի կառավարությունն ունի ժամանակավորության զգացում, Փաշինյանը հաճախ է ասում՝ ես գործի եմ ընդունվել ժողովրդի մոտ, որն ինձ մի օր կհեռացնի: Նման բան ասողը կիմանա, թե ինչու պիտի հանգիստ թողնի մամուլին:

Մի բան էլ: Միայն առաջնորդների մամուլի քարտուղարների հասանելիության մակարդակն էլ է հերիք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ժամանակակից Հայաստանում: 2002-ից, երբ Ա1+-ը եթերազրկվեց, Ռոբերտ Քոչարյանը սահուն հեռացավ մամուլից: 2006-ից նա արդեն իսպառ անհասանելի էր: Վիկտոր Սողոմոնյանը որոշ հարցերի պատասխանում էր, Սերժ Սարգսյանը հենց սկզբից դարձավ «երկնային մանանա»: Ու դա տրամաբանական էր: Մարդն իսկապես կարիք չէր զգում հաշվետու լինել նրանց, ովքեր իրեն չեն ընտրել: Այսինքն, ու սա ամենաորոշիչն է, ընտրված իշխանությունը լավություն չէ, որ մենք անում ենք մեզ: Ընտրված իշխանությունը պարզապես մեզնից պատվիրակված իշխանությունն է, այսինքն՝ մեզ հետ շփվելու նրանց գործիքները մերն են: Որ պահին կհասկանանք, որ իրենք մեզ չեն արտացոլում, փառք Աստծո, կարծես թե արդեն ավանդույթ են ժողովրդավարական ընտրությունները, կբռնենք ու կհեռացնենք: