19.02.2019 14:34

Քոչարյանի սենսացիոն բացահայտումը. Լեւոնարխի դիվերսիայի պատճառը սահմանից զորքի տեղաշարժն էր

Քոչարյանի սենսացիոն բացահայտումը. Լեւոնարխի դիվերսիայի պատճառը սահմանից զորքի տեղաշարժն էր

2008 թվականի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երեւանում Մարտի 1-ի սպանդից հետո իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էր պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց ՊԲ ուժերը հակառակորդին հետ էին շպրտել:  Հայկական կողմից վիրավորվել էր երկու հոգի: Ադրբեջանական կողմը պաշտոնապես 4 զոհի անուն էր տվել:

1994 թվականի զինադադարից ի վեր ադրբեջանական կողմը, ինչպես հայտարարել էին Հայաստանի իշխանությունները, առաջին անգամ հրետանի էր կիրառել այդ դիվերսիայի ժամանակ:

Հայաստանի իշխանություններն այն ժամանակ հայտարարում էին, որ Ադրբեջանը այդ քայլին գնացել էր՝ փորձելով օգտվել հայաստանյան ներքաղաքական անկայուն իրավիճակից: Ընդ որում՝ Լեւոնարխի դիվերսիան ընդդիմության վրա «բարդելը» արվում էր ոչ միայն երկրորդ կամ երրորդ էշելոնի գործիչների, լրագրողների մակարդակով: Այդ մասին հայտարարել էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը:

2008 թվականի մարտի 5-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Քոչարյանը հայտարարել է. «Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակի օգտագործումը Ադրբեջանի կողմից ճիշտ չէր»:

«Լրիվ հնարավոր է, որ նրանք կարծել են, թե երկրի ներսում իրադրության պատճառով, մենք կորցրել ենք աչալրջությունը»,- ասել էր Քոչարյանը:

Բայց այս ասուլիսի ժամանակ Քոչարյանը արել է մեկ այլ՝ սենսացիոն հայտարարություն, որը այն ժամանակ կարծես մեծ ուշադրության չարժանացավ, սակայն հիմա, երբ իրավապահները, թեկուզ մասնակի, բայց գաղտնազերծել են 0038 հրամանը, ակնհայտ է դառնում, որ այդ հայտարարությունն էր հենց տեղի ունեցածի պատճառների մեխը:

«Հնարավոր է, նրանք նաեւ ենթադրել են, Ղարաբաղից Երեւան է տեղափոխվել որոշակի ռազմական ուժ»,- ասել էր Քոչարյանը:

Հիշեցնենք՝ 2008-ին իշխանությունները հերքում էին բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին, հերքում էին, որ սահմանից զորք է բերվել Երեւան, եւ քանի որ այդպիսի բան, իրենց խոսքով, չէր եղել, հետեւաբար, նրանց խոսքով՝ Ադրբեջանը ընդդիմության ցույցերի պատճառով էր փորձել դիվերսիայի դիմել: Այնինչ, այն ժամանակ հենց ինքը՝ Քոչարյանը, փորձելով հերքել իրենց մասնակցությունը, փաստացի բացահայտել է, թե իրականում որն է եղել Լեւոնարխի դիվերսիայի պատճառը, իր խոսքով ասած՝ Ադրբեջանը հարձակվել է՝ «ենթադրելով», որ սահմանից Երեւան զորք է բերվել, այսինքն՝ սահմանային վերհսկողությունը պետք է որ թուլացած լինի: Այսինքն, Ադրբեջանը օգտվել է ոչ թե ընդդիմության ցույցերից, այլ իշխանությունների՝ բանակը քաղաքական հարցերում ներքաշելու գործընթացից:  

2018 թվականին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերով ապացուցված է, որ գաղտնի 0038 հրամանից հետո սահմանում կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի: «Ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, և արդյունքում դիվերսիա է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանում: Այսինքն` ազդել են բանակի մարտունակության վրա»,- ասել էր Խաչատրյանը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի` մյուս զինծառայողները սահմանից հետ են բերվել մայրաքաղաք: Այլ կերպ ասած՝ ապօրինաբար Ղարաբաղից ռազմական ուժ տեղափոխելով Երևան, Ռոբերտ Քոչարյանը վտանգի տակ է դրել Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությունը, որի արդյունքում Արցախի սահմանին տեղի է ունեցել 1994թ․ զինադադարից հետո ամենամեծ դիվերսիան։

Բայց ՀՔԾ պետն այդ մասին խոսել էր 2018 թվականին: Իսկ դիվերսիայի իրական պատճառները Ռոբերտ Քոչարյանը բացահայտել էր դեռ 11 տարի առաջ: