19.02.2019 17:01

Լիզա Ճաղարյան. «Էս էլ կանցնի՝ հանց երազում...»

Լիզա Ճաղարյան. «Էս էլ կանցնի՝ հանց երազում...»

Նվիրական օր է։

Հայաստանի մի կեսը Թումանյան է արտասանում, մի մասը Ֆեյսբուքում է տարածում իր նախընտրած բանաստեղծությունը, ոգեւորված փոքրիկները «երկար կյանք ու առողջություն» են մաղթում մեր մեծ գրողին, Դսեղում ասեղ գցելու տեղ չկա՝ վարչապետն է ժամանել մեծ խմբով։

Իսկ ես հիշում եմ 1994-ի հոկտեմբերի 29-ը։ Մի քանի ամիս առաջ զինադադար կնքած, դաժան պատերազմից դեռեւս մեջքը չուղղած Հայաստանի իշխանությունները որոշում են 1923 թվականից ի վեր՝ Թումանյանի խաղաղություն որոնող ու չգտնող սիրտը Երեւանի բժշկական ինստիտուտից տանել Դսեղ, որ մեծ բանաստեղծի հոգնատանջ սիրտը վերջապես հավերժական հանգիստ գտնի իր սիրելի ծննդավայրում։

Ոչ մի հռետոր Դսեղում չհիշեց այդ օրվա մասին։

Չզարմացա։

Շատ տխրեցի։

Քսան տարի շարունակ, ռոբասերժական իշխանության շրջանում՝ օտարից ավելի պիղծ մեթոդներով կեղծվել ու անամոթաբար այլանդակվել է Հայաստանի անկախացման, Լեռնային Ղարաբաղի ազատագրման պատմությունը, եւ մինչ օրս Հայաստանի նոր իշխանությունների որեւէ ներկայացուցչի շուրթերից դատապարտող բառ անգամ չի հնչել դրա մասին։

Ավելին՝ պատմության ամենակարկառուն կեղծարարն առոք-փառոք դեկան է կարգվել, ինչը նշանակում է՝ շարունակելու է «հանգիստ խղճով» ուղղորդել մեր պատմության ընթացքը։

Բազմաթիվ ահազանգեր են հնչել, հոդվածներ են գրվել՝ անհերքելի փաստերով հագեցած, բայց, ցավոք, Հայաստանի իշխանությունները դեռ ինքնամոռաց լող են տալիս սեփական «աննախադեպ»-երի հորձանուտում։

Դժվար է հերքել ու չտեսնել՝ իշխանափոխությունից հետո Հայաստանը նոր ուղի է որդեգրել, բայց ամենակարեւորի մասին մոռացել է։ Իսկ ամենակարեւորը, ըստ իս՝ սա է։ Եթե նոր պատմություն ես սկսում գրել, եւ անցյալի կեղծիքները ջրի երես չես հանում, չես դատապարտում կեղծարարներին եւ իրական պատմությունը չես ներկայացնում հանրությանը, ուրեմն ինքդ ակամա մասնակից ես դառնում այդ կեղծիքներին։ Եվ եթե նույնիսկ անմիջական մասնակից չես, միեւնույնն է՝ դատապարտված ես մի օր էլ տեսնելու ու «վայելելու», որ քո կերտած «աննախադեպ» պատմությունն էլ է կեղծվելու, աղճատվելու ու խեղաթյուրվելու, եւ ցավոք՝ շատ ավելի կատաղի, եւ շատ ավելի անամոթաբար։

Ի՞նչը պետք է խանգարի, որ պատմության կեղծարարի ձեռքը դողա հերթական լկտի սուտը որպես պատմական ճշմարտություն «կերտելու» պահին։

Փնտրում ու չեմ գտնում այն հիմքը, որ պետք է կեղծարարների անքնության պատճառ դառնա։

Հակառակն եմ տեսնում. Հայոց պատմությունից ողբալիորեն բոբիկ ու տկլոր դեղնակտուց որոշ պատգամավորիկներ ու խորհրդականիկներ շարունակում են բարբաջել Հայաստանի զարթոնքի, ազատագրական պայքարի եւ դժոխային պայմաններում կերտած հաղթանակի տարիների մասին՝ հասարակությանը մատուցելով ռոբասերժական «մութուցրտի» մասին վայրահաչոցները։

...Հովհաննես Թումանյանի սրտի վերջին ճամփորդությունը ամենանվիրական ու պատմական օրերից էր դսեղցիների ու ողջ Հայաստանի համար։

Եվ հուսով եմ, նոր իշխանությունները շատ ծանր չեն տանի դրա մասին այսօրվա քար լռության կապակցությամբ իմ դառը զարմանքը եւ դրանից բխող տխուր հետեւությունները։

Չնայած՝ եթե ծանր տանեն, գուցե իրենք էլ հետեւություններ անեն։

Ու քանի որ այս օրն օր չի առանց Թումանյանի, ուրեմն լսեք՝ ինչ է ասում մեծ դսեղցին.

- Էս է, որ կա... Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։

Էս էլ կանցնի՝ հանց երազում. թասը բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,

Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։