20.02.2019 12:09

Մի քանի հարց Արմեն Սարգսյանի աշխատակազմին

Մի քանի հարց Արմեն Սարգսյանի աշխատակազմին

Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական այցելություններից» հետո հայտարարել է, թե՝

 «Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»։

«Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրեւ երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»։

Փարիզում էլ «Արմեն Սարգսյանը պատմել է նաև այն ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին, որոնց իրականացմանը հետամուտ է՝ նշելով, որ դրանք ապագային միտված ծրագրեր են և նպատակ ունեն Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների կենտրոն»։

Եւ այսպես, պարբերաբար Ա. Սարգսյանը, հատկապես արտասահմանյան այցելությունների ժամանակ, խոստանում է ոտքի կանգնեցնել ՀՀ ներքին կյանքի տարբեր բնագավառներ ու ոլորտներ։

Մենք, անշուշտ, դեմ չենք, որ Հայաստանը դառնա գիտության կենտրոն, նորագույն տեխնոլոգիաներով աշխարհում առաջին տեղերից մեկում հայտնվի, մնացած բնագավառները զարգանան, երկիրը ծաղկի եւ այլն։

Պարզապես մի քանի հարցեր են առաջանում.

1. ՀՀ նախագահի լիազորություններն ամբողջությամբ սահմանված են Սահմանադրությամբ։ Նախագահը չունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Նախագահը չունի նաեւ գործադիր որեւէ իրավասություն տնտեսական ու հասարակական կյանքի որեւէ ոլորտում։ Մինչդեռ որեւէ խնդիր տեղից շարժելու, առավել եւս՝ լուծելու համար պետք են կամ օրենսդրական, կամ գործադիր լծակներ, մեխանիզմներ։ Ըստ այդմ՝ անհասկանալի է մնում, թե Ա. Սարգսյանը ինչպես է լուծելու այն խնդիրները, որոնց մասին խոսում է։

2.  Ա) Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Ա. Սարգսյանը բարձրագույն պետական պաշտոնյա է։ Այսինքն՝ սահմանադրական այս սահմանափակումը, առաջին հերթին՝ նրան է վերաբերում, կամ՝ առաջինը ինքը պետք է ենթարկվի սահմանադրական այս սահմանափակմանը։

 Լիազորությունների այդ շրջանակներում մենք չկարողացանք գտնել որեւէ կետ, որով Նախագահը կարող է զբաղվել ներքին տնտեսական, գիտական կյանքի որեւէ ոլորտով՝ գյուղատնտեսությունից սկսած, մինչեւ բարձրագույն տեխնոլոգիաներ։

Գուցե կասեն, թե Ա. Սարգսյանը, որպես գործարար, պատրաստվում է ներդրումներ անել կամ «անձնական կապերը» օգտագործել։ Բայց սահմանադրորեն նա իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու։ «Անձնական կապերի» մասին էլ որեւէ խոսք չկա, եւ ճիշտ է՝ որ չկա։

Մենք իսկապես «չուզողություն» չենք անում, ուզում ենք, որ Հայաստանը ծաղկի, աննախադեպ զարգանան բոլոր ոլորտներն ու բնագավառները։

Սակայն երբ վաղը, ասենք, կառավարության ու, մասնավորապես՝ նրա համապատասխան նախարարությունների գերազանց աշխատանքի շնորհիվ Հայաստանն իրոք դառնա «գիտության կենտրոն» կամ «նորագույն տեխնոլոգիաների եւ ստարտափերի կենտրոն», Հայաստանի քաղաքացին ո՞ւմ պետք է համարի դրա հեղինակը եւ ո՞ւմ հայտնի իր շնորհակալությունը։

Թե չէ՝ այս ամենը մի տեսակ անձնական նախընտրական քարոզարշավի է նմանվում՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ, բյուջեի փողերի հաշվին եւ հասարակությանը ապակողմնորոշելով։

iLur.am