20.02.2019 14:13

Լիզա Ճաղարյան. Պարո՛ն Քոչարյան, դուք «մութուցուրտ» անցյալ եք

Լիզա Ճաղարյան. Պարո՛ն Քոչարյան, դուք «մութուցուրտ» անցյալ եք

Փետրվարի 20-ն է։ 1988-ի այս օրը Հայաստանի բնակչության կեսը Ազատության հրապարակում եւ հրապարակի մատույցներում էր, մյուս կեսն էլ ճամփա էր ընկել, ուր որ է տեղ էր հասնելու։

Չափազանցություն կա ասվածի մեջ՝ անտարբերներ էլ կային, հակառակորդներ էլ, վախեցածներ էլ, բայց ընդունված կարգ է՝ այսպես են պատմում սովորաբար համաժողովրդական զարթոնքների մասին։

Ով ինչպես կարող է, ինչպես հիշում է կամ ինչպես ուզում է հիշել՝ այդպես էլ պատմում է։

Ես, օրինակ, հիշում եմ, որ «երիտասարդ թոշակառու» Ռոբերտ Քոչարյանը տասը տարվա ընթացքում մի քանի անգամ է մեկնել Ստեփանակերտ, ինչպես ինքն է այսօր գրել՝ «Արցախի վերածննդի օրը» նշելու ու շնորհավորելու «սիրելի հայրենակիցներին»։ Հիշում եմ նաեւ, որ ապրիլյան պատերազմի օրերին Քոչարյանը «տեղ հասավ» օրեր անց, «չարախոսներն» ասում են՝ մերձավորներից մեկի թաղմանն էր գնացել, ձեռի հետ էլ Բակո Սահակյանի հետ է հանդիպել։

Ինչ որ է։ Եթե նույնիսկ մի քանի անգամ չէ՝ յոթ անգամ է գնացել, մի բան ակնհայտ էր, Քոչարյանն ավելի սիրով ու ավելի հաճախ մոսկվաներում եւ կալահարիներում էր անցկացնում, «վերածնված Արցախը» նրան առանձնապես չէր հուզում։ Այնքա՛ն չէր հուզում, որ մտքով այդպես էլ չանցավ իր եւ իր ընտանիքի «արդար քրտինքով» վաստակած միլիարդների մի չնչին մասով, օրինակ, դպրոց կամ հիվանդանոց վերանորոգել Արցախում։ Դե, երեւի մտածում էր՝ վերածնվել պրծել է, ծանր տեղս ինչ թեթեւացնեմ, ավելի լավ չի՞ մի առյուծ սպանեմ ու հեծնեմ։

Հիմա շատ է հուզվում։  Սիրատոչոր ուղերձ է հղել իր «սիրելի հայրենակիցներին», հետն էլ երեսով է տվել, որ «ուղիղ մեկ տարի առաջ» այս նույն օրը Ստեփանակերտում էր։

Հիմա տեսնենք, թե ինչ է ասում պարոն Քոչարյանը։ Ասում է. «Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է: Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն»:

Ճիշտ է ասում, գիտե՞ք։ Բայց ու՞մ է մեղադրում տեսնես «Ղարաբաղյան շարժման դերի» նվազման համար։ Ինքնախարազանման շրջա՞ն է ապրում մենության գրկում։ Հիշե՞լ է, թե ինչպես Հայաստանին «հեծնելու» տասը տարիների ընթացքում հետեւողականորեն եւ «պարտկոմի» հմտությամբ՝ իր պնակալեզ ենթակաների ու ծախու սազանդարների հետ միասին, հերոսական ու հաղթական տարիները դարձրեց «մթի ու ցրտի տարինե՞ր»։ Հիշե՞լ է, թե այդ տարիների ընթացքում ինչպես վարկաբեկեց ու հալածեց Ղարաբաղյան շարժման առաջնորդներին, կանգ չառավ ոչ մի ստոր միջոցի առաջ, եւ թե ինչպես մի օր էլ «ռոմանտիկները» մտան Ազգային ժողով, գնդակահարեցին «վոյինին» անգլիական թագուհու կարգավիճակ «շնորհած» հզորներին, եւ «պատահաբար» բոլոր կասկածյալները պարոն Քոչարյանի «շրջակա միջավայրից» էին։ Շա՛տ «պատահաբար։ Եվ «շա՛տ պատահաբար» էլ՝ այդ նախճիրից հետո Քոչարյան Ռոբերտի դեմ այլեւս խաղ չկար, Քոչարյան Ռոբերտն սկսեց ապրել փադիշահի պես, թուրն էլ սկսեց աջուձախ կտրել։

Իրո՞ք հիշել է։ Ամենեւի՛ն։ Եթե սին հույսեր փայփայողներ կան, որ Քոչարյանին կարող է մենությունը ստիպել, որ ուրիշներին դատափետելու ընթացքում այս պարոնը մեկ-մեկ էլ հայելու մեջ նայի, այդ լավատեսներին խոր հիասթափություն է սպասվում։ Նենգությունն ու խարդավանքներն այս մարդու հավատարիմ ուղեկիցներն են։

Պարզ էլ ասում է, որ «միայն շնորհավորՀելու պատճառով չի դիմում իր «սիրելի հայրենակիցներին»։

Ես, իհարկե, ուղղագրական սխալը կշտկեի եւ թեթեւակի կխմբագրեի Քոչարյանի այս նախադասությունը՝ «միայն»-ը կհանեի։

Քոչարյանը, սիրելի հայրենակիցներ, ուղղակիորեն ապստամբության կոչ է անում առանց կոտրատվելու ու ձեւականությունների։ Որովհետեւ, դե գիտեք, «իշխանության եկած մարդիկ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի եւ Արցախի պետականության հիմքերին»։

Հիմա տեսնենք, թե ինչ են անում «իշխանության եկած մարդիկ»։ Հմտորեն են անում, թե սայթաքումներով, բայց «իշխանության եկած մարդիկ» բացահայտում են տարիներ շարունակ Հայաստանը եւ Արցախը քոչվոր ցեղերի պես թալանողներին, Հայոց բանակը «կանսերվի բանկաների» հույսին թողածներին ու անպատիժ մնացած մարդասպաններին։ Փաստորեն Հայաստանի եւ Արցախի պետականության հիմքերի ամրությունը պայմանավորված էր իշխանավորների լկտի թալանով, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հալածանքներով ու սպանություններո՞վ, «Արցախի վերածննդի» պատմության անամոթ վերաձեւմա՞մբ։

Նոր իշխանության ղեկավարն ու նոր պաշտպանության նախարարն իրենց որդիներին, ի տարբերություն «վերածնված Արցախի» համար շատ անսպասելի փոթոթվող Քոչարյանի, ուղարկել են Արցախի սահմանը պաշտպանելու, Արցախին են վստահել իրենց զավակների կյանքը, է՞լ ինչ անեն, որ «ազգային միասնությունը» չխարխլվի ու «սեպ չխրվի հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ»։

Եվ ո՞վ է այդ «սեպի» մասին ահազանգողը՝ Քոչարյան Ռոբե՞րտը։

Պարո՛ն ամբաստանյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանում ո՛չ միայն արցախցիների հասցեին վատ բառ չէր հնչում, այլեւ նույնիսկ մեր մտքերի ամենամութ անկյուններում չէր նշմարվում նման «սեպ»։ Այդ «սեպը» խրվեց հենց ձեր անիծյալ ղեկավարության տարիներին, երբ ձեր իսկ թեթեւ ձեռքով ձեր մերձավորները շարվեշարան լքեցին Արցախը, հայտնվեցին Երեւանի կենտրոնում ու սկսեցին հայաստանցիների աչքի առաջ հղփանալ ու կայծակնային արագությամբ հարստանալ։ «Ղարաբաղցի-հայաստանցի» կործանարար բաժանման հիմքը դրել եք դուք, պարո՛ն ամբաստանյալ, ձեր հաբռգածների հետ ձեռք ձեռքի։

Ձեր լալահառաչ, կեղծավորության տհաճ հոտ արձակող ու նենգ ուղերձի մնացած մանրամասներին չեմ անդրադառնա, արժանի չեք։

Ընդամենը զգուշացնում եմ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության անունից (ձեր հացկատակները ձեզ նվեր)։ Եթե ձեր ուժը ձեր թալանած միլիարդներն են, որոնցով կաշառում ու կաշառում եք ծախու գրչակներին ու ձեր մանկլավիկներին, Հայաստանի քաղաքացիների ուժն աներեր Կամքն է, իսկ այդ Կամքը ահա թե ինչ «ուղերձ» է հղում ձեզ ու ձեզնմաններին՝ գոհ լինենք, թե դժգոհ ներկա իշխանություններից, նրանք մե՛ր ընտրած իշխանություններն են, նրանց սխալների ու հաջողությունների տերն էլ ենք մենք։ Եվ եթե նույնիսկ մի օր շատ դժգոհ լինենք ու որոշենք իշխանություն փոխել, դուք եւ ձեզնմաններն այդ ցուցակում չկաք ու երբեք չեք լինելու։ Դուք այլեւս «մութուցուրտ» անցյալ եք։

Բախտներդ բերել է. ներկա իշխանությունը ձեզ եւ ձեզնմաններին ձգտում է դատել միմիայն «օրենքի տառին համապատասխան» (Շմայսի ականջը կանչի)։

Գնահատեք նրանց ձգտումը եւ սսկվեք։

Համակերպվեք քաղաքական դիակի ձեր կարգավիճակին։