20.02.2019 14:30

Ալեքսանդր Բենալլան կալանավորվել է

Ալեքսանդր Բենալլան կալանավորվել է

Էմանյուել Մակրոնի կաբինետի ղեկավարի նախկին տեղակալ Ալեքսանդր Բենալլան արդարադատության որոշմամբ կալանավորվել է, քանի որ նախագահի նախկին օգնականը խախտել է դատական վերահսկողության կանոնները:

«Մեդիապարտ» ցանցային լրատվամիջոցը հրապարակել է Բենալլայի և նախագահական «Առա՛ջ, Հանրապետություն» կուսկացության ապարատի աշխատակից Վենսան Կրազի խոսակցության ձայնագրությունը: Կրազը և Բենալլան մեղադրվում են մայիսմեկյան ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկելու մեջ: Դատական վերահսկողության կանոնները արգելում են նրանց շփումը և հանդիպումները:

Բենալլային նոր մեղադրանքներ են ներկայացվել հունվարի վերջին, դրանք վերաբերում են դիվանագիտական անձնագրերի ապօրինի օգտագործմանը:

Բենալլան աշխատում էր Մակրոնի նախընտրական շտաբում և համարվում էր նրա մտերիմ մարդկանցից մեկը: Նրա վրա էր դրված նախագահի թեկնածուի և նրա տիկնոջ անվտանգության պատասխանատվությունը: Ընտրություններից հետո Բենալլան պաշտոն էր ստացել Ելիսեյան պալատում, սակայն օգոստոսին ազատվել էր աշխատանքից և զրկվել դիվանագիտական անձնագրից օգտվելու իրավունքից: Սակայն, ինչպես հետագայում պարզել էր մամուլը, նա շարունակել էր օգտագործել դիվանագիտական անձնագիրը արտասահմանյան ուղևորությունների ժամանակ:

Փոխանցում է euronews-ը: