20.02.2019 16:44

Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանների ցավակցական նամակները Միհրան Աղբաբյանի եւ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան առթիվ

Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանների ցավակցական նամակները Միհրան Աղբաբյանի եւ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան առթիվ

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս պրն. Արմեն Բայբուրդյանին.— Ցավով ստացանք Հայաստանի մեծ բարեկամ, փայլուն գիտնական, հրաշալի մտավորական, Հայաստանի Ամերիկյան համալսարանի առաջին ռեկտոր, պրոֆեսոր Միհրան Աղբաբյանի մահվան լուրը։ Պրոֆեսոր Աղբաբյանի հետ մենք կապված էինք ոչ միայն պաշտոնական, այլեւ ջերմ անձնական հարաբերություններով։ Խնդրում ենք մեր ցավակցությունները փոխանցել տիկին Էլիզաբեթին, Աղբաբյանների ողջ գերդաստանի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին. Երեւան, 18 փետրվարի, 2019թ., Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյաններ ։

 

* * *

 

ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ պրն. Վազգեն Յաղուբյանին.— Ստանալով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախկին նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան ցավալի լուրը, սրբազան պարտք ենք համարում արտահայտել մեր անհուն երախտագիտության եւ հարգանքի հավաստիքը Մեծ Հայի հիշատակին։

Անգնահատելի է տասնամյակներ շարունակ ծավալած նրա ազգանպաստ գործունեությունը ինչպես սփյուռքահայ համայնքներում, այնպես էլ Հայաստանի անկախության վերականգնումից հետո մեր երկրին եւ Ղարաբաղին ցուցաբերած հսկայական օգնության ասպարեզում։ Բավական է նշել, որ Լուիզ Մանուկյան Սիմոնը եղավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» խանդավառ նախաձեռնողներից եւ ամենախոշոր նվիրատուներից մեկը։ Չի եղել դեպք, որ նա մերժի Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների կողմից ներկայացված որեւէ ծրագիր կամ առաջարկ։ Հատուկ երախտագիտության է արժանի նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնումը, ինչը տեղի է ունեցել բացառապես Լուիզ Մանուկյան Սիմոնի նախաձեռնությամբ եւ ջանքերով։ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահը մեծ կորուստ է ողջ հայ ժողովրդի համար. Երեւան, 20 փետրվարի, 2019թ. Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյաններ։