21.02.2019 10:07

2008-ի փետրվարի 26. Քոչարյան. «Մեր համբերությունը սպառված է»

2008-ի փետրվարի 26. Քոչարյան. «Մեր համբերությունը սպառված է»

Երբ խոսվում է մարտիմեկյան սպանդից առաջ իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքների մասին, շատերը միանգամից հիշում են փետրվարի 29-ին ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի հայտնի ելույթը, որտեղ նա հայտարարում էր, թե «Հայաստանի իշխանությունները ստեղծված իրադրությունից դուրս գալու երկու ուղի ունեն»:

«Առաջինը` համբերատար սպասել, մինչեւ ամեն ինչ կավարտվի: Այսօր արդեն 1988 թվականը չէ, երբ խորհրդային կայսրությունը իր հոգեվարքն էր ապրում, եւ հանրահավաքները բերում էին ցանկալի արդյունքի: Երկրորդ ուղին` Ազատության հրապարակը մաքրելու ոստիկանական միջոցներ, որպեսզի ժողովրդին նորմալ ապրելու հնարավորություն տանք, սակայն մենք չենք մոռանում, որ հրապարակում հավաքվածները եւս հայեր են»,- ասել էր Քոչարյանը:

Սակայն Ռոբերտ Քոչարյանը դեռ ավելի վաղ էր հայտարարել, որ իշխանությունները փաստացի հանրահավաքները ցրելու ուժային գործողություններ են նախապատրաստում:

2008 թվականի փետրվարի 26-ին (0038 գաղտնի հրամանի ստորագրումից 3 օր անց) Քոչարյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ իշխանությունների համբերությունը սպառված է: Քոչարյանի խոսքն ամբողջությամբ եթեր է հեռարձակվել փետրվարի 26-ին՝ Հայլուր» լրատվականի 21:00-ի հիմնական եթերից հետո:  

«Մենք շատ համբերատար ենք: Բոլորը, ովքեր ժամանում են Հայաստան, մեր միջազգային հարաբերությունների շրջանակներում, նշում են մեր համբերությունը: Ես միշտ հարցնում եմ, իսկ այդ համբերությունը ունի՞ որեւէ սահմաններ ,եւ քանի՞ օր է պետք համբերել, որպեսզի դուք մեզ լիարժեք համբերատար համարեք: Ցանկացած այլ երկրում ոչ մի իշխանություն 6 օր անընդմեջ թույլ չէր տա չարտոնված հանրհավաքներ եւ երթեր: Անգամ մեկ օր չէին համբերի, քանի որ նախադեպի հարց է առաջանում եւ անվստահության հարց իրավապահ մարմինների նկատմամբ: Մեր համբերությունը սպառված է»,- ասել էր  Ռոբերտ Քոչարյանը:

Նախ, փաստորեն՝ Քոչարյանը խոստովանում էր, որ հանրահավաքները՝ դադարեցնելու իրենց նպատակին խանգարում էին միայն «միջազգային հարաբերությունների շրջանակներից», այնինչ՝ իրենք հարցի լուծման այլ տարբերակ ունեն:

Բայց որ ամենակարեւորն է՝ ինչո՞ւ հենց փետրվարի 26-ին Քոչարյանը հրապարակավ ազդարարեց, որ իրենց «համբերությունը սպառված» է: Ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մեկնարկած հանրահավաքներից անմիջապես հետո Երեւան մտնող բոլոր մայրուղիները վերահսկվում էին եւ փաստացի փակ էին: Իշխանությունները ամեն ջանք գործադրել էին, որպեսզի մարզերում ապրող մարդիկ Երեւան գալու եւ հանրահավաքներին միանալու հնարավորություն չունենան: Սակայն հենց այդ օրը, արդեն «նախագահ հռչակված» Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի ջանքերով, Ազատության հրապարակի հանրահավաքներին ի պատասխան՝ կազմակերպվում է, այսպես կոչված՝ «կոնտռ հանրահավաքը»: Իշխանությունների նպատակը մեկն էր՝ ցույց տալ, թե Սերժ Սարգսյանն էլ համակիրների բանակ ունի, եւ նրանք էլ հանրահավաք են անում՝ իրենց կողմից ընտրված թեկնածուին սատարելու համար:

Հանրահավաքում կազմակերպվեց էստրադային համերգ: Մարզերից, իշխանությունների հավաքագրմամբ եւ վերահսկողությամբ, ավտոբուսներով Երեւան բերվեցին Սերժ Սարգսյանի «կողմնակից ցուցարարներ», եւ համերգից հետո հրապարակում կարճ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը: Սակայն հանրահավաքի ընթացքում, երբ դեռ Սերժ Սարգսյանը չէր ավարտել իր խոսքը, իրադարձություններն այլ ընթացք ունեցան՝ իշխանությունները չկարողացան վերահսկել իրավիճակը: Մարզերից բերված մարդիկ կարճ ժամանակ անց լքեցին Հանրապետության հրապարակն ու երթով շարժվեցին  դեպի Ազատության հրապարակ եւ միացան կեղծված ընտրությունների դեմ բողոքող ցուցարարներին: Այդ պահը ֆիքսված է կից տեսանյութում:

Ակնհայտ էր, որ իշխանություններն այս քայլով մեկ նպատակ ունեին՝ իրենց զսպող միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրականում իրենց դեմ ոչ թե գրեթե ամբողջ հանրությունն է, այլ մի խումբ ցուցարարներ, եւ որ կան նաեւ այլ խումբ ցուցարարներ, ովքեր Սերժ Սարգսյանին են ընտրել, եւ հետեւաբար՝ իշխանությունները չեն կարող անտարբեր նայել Ազատության հրապարակում օրեր շարունակ ընթացող ցույցերին: Սա բեմադրություն էր, որն ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանի ոճով չէր, սակայն ճարահատյալ էր՝ բեմադրված որպես ապագա գործողությունների նախերգանք: Սակայն երբ իշխանությունների այս պլանը չաշխատեց, կամ, ավելի ճիշտ՝ աշխատեց իրենց իսկ դեմ, Քոչարյանն այլեւս ձեւականությունների հետեւից չընկավ եւ հայտարարեց՝ «մեր համբերությունը սպառված է»:

iLur.am