21.02.2019 11:19

Արսեն Գրիգորյան. Մարգարեն

Արսեն Գրիգորյան. Մարգարեն

2008-ի մարտի 13-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը մարգարեացավ. «Ոչ մի եվրոպական երկրում քաղաքականության մեջ  ներգրավված լինելու հանգամանքը չի ազատում քաղաքացուն պատասխանատվությունից` օրենքը խախտելու համար»: Սա ասվել էր Հայաստանում արտակարգ դրության պայմաններում, երբ իշխանություններն աջ ու ձախ ձերբակալում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Ոսկե տողեր են:

Այսօր Վիկտոր Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ: Իսկ էդ մարդը նույնիսկ քաղաքականության մեջ ներգրավված չէ: Ինչու՞: Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը օրակարգ թելադրող չէ, նույնիսկ քրեակատարողական հիմնարկի սահմաններում: Բոլոր եվրոպական երկրներն էլ այսօր չունեն այնպիսի առաջնորդ, որը քաղաքականության անունից սեփական երկրում մարդկանց կոտորի: Բոլոր եվրոպական երկրներում կան Սահմանադրություններ եւ քրեական օրենքներ, որոնք արգելում են բանակը բերել քաղաք ու կեղծված ընտրությունները մարսեցնել զենքով ու 10 զոհով: Այն ժամանակ երկրում արտակարգ դրություն էր, եւ լրատվամիջոցները քո մամուլի քարտուղարի մարգարեությանը հակադարձելու տարբերակ չունեին:

Թող հիմա նույն բանն ասի, թող մարգարեանա մեկ ուրիշի համար: Հետո մարգարեն նույն հայտարարության մեջ շարունակում է՝ մեր գործողությունների հենքը անհրաժեշտ լարվածությունը թուլացնելն է: Հրեշավոր է հնչում: Հասկացա՞ք: Անհրաժեշտ լարվածությունը թուլացնելու՝ էդ մարդու գործիքները արյուն են ուզել: Որպեսզի սարսափը մտնի ժողովրդի մեջ, ու ցրվեն տներով: 10 տարի էդ մարդը անհրաժեշտ լարվածությունը թուլացնելու ոչ մի միջոց չի ունեցել՝ բացի բռնությունից: Հյուսիսային պողոտայի հին տների բնակիչներին ինչպե՞ս էր «լիցքաթափում»: Ճիշտ է՝ ծեր կանանց ու աղջիկներին թեւերից բռնած էին դուրս շպրտում իրենց բնակարաններից: Մարդիկ իրենց տներում՝ տրակտորներն արդեն աշխատում էին:

Այդ մարդու իշխանության գրեթե ամեն տարում «ոչ մի եվրոպական երկրում քաղաքականության մեջ  ներգրավված լինելու հանգամանքը չէր ազատում քաղաքացուն պատասխանատվությունից` օրենքը խախտելու համար»: Ամեն տարի այս մարդը ավելի ու ավելի էր օրենքները հարմարեցնում այն բանին, որ քաղաքացին պատասխանատվությունից չազատվեր: Օրենքները շուրջերկրյա ճանապարհորդության նման մի բան են՝ քեզանից դուրս գալով՝ վերադառնալու են քեզ: Ինչու՞: Որովհետեւ պետության առաջնորդ ես ու չգիտես՝ միայն բնավորություն չունեցող զանգվածին կարող ես ձեւել քեզանով: Եթե երկրում կա մի մարդ, որն արժեք է ստեղծում, կամ որը գիտի՝ ինչ բան է ազատությունը, դու դատապարտված ես: Դու պիտի մանկուրտացնեիր: Քո ժառանգը նույնպես պիտի զբաղվեր մանկուրտացնելով: Որովհետեւ այդպես չի լինում, որ քաղաքացին ու դու կարողանաք շնչել նույն օդը: Քո հանդեպ համատարած ատելության համար դու ես պատասխանատու: Իսկ ասել, որ քաղբանտարկյալ ես, կարող ես: Հիմա դու ամեն ինչ կարող ես: Եվրոպական ոչ մի երկրում ամեն ինչ ասելը չի ազատում քաղաքացուն պատասխանատվությունից`օրենքը խախտելու համար: