22.02.2019 22:19

Լիզա Ճաղարյան. Մերն ուրիշ է

Լիզա Ճաղարյան. Մերն ուրիշ է

Քանի՞ մարդ գիտի, թե ով է Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլը։ Վստահ եմ՝ հատուկենտ։

Եվ զարմանալի բան չկա, որ քչերը գիտեն այս մարդուն։ Դե, զինվորական էր, երաժշտություն էր սիրում, եւ 76 տարվա իր երկրային կյանքի ընթացքում մի քանի երգ է գրել։ Ձեռի հետ։

Ահա հենց այդ երգերից մեկն էլ, որի տեքստի հեղինակը նույնպես Ռուժե դը Լիլն է (այս տեքստից բացի՝ այլ տեքստեր գրե՞լ է կապիտան դը Լիլը, պատմությունը դրա մասին համեստորեն լռում է), ֆրանսիացի հանրապետական հեղափոխականներն սկսել են երգել, որն էլ դարձել է Ֆրանսիայի օրհներգը։

1793 թվականից մինչ օրս։

Խեղճ ֆրանսիացիները դե հո հայերիս նման հանճարներ չեն բուծում, որ իրենց պետության օրհներգը հանձնարարեին գրել որեւէ մեծագույն կամ աշխարհահռչակ կոմպոզիտորի։

Հազիվհազ պեղել ու հայտնաբերել են էս զինվորական Ռուժեին՝ իր «Մարսելյեզ»-ով, եւ քանի որ ուրիշ ելք չունեն՝ 226 տարի է՝ համակերպվել են ոմն դը Լիլի գրած երգն ու տեքստը որպես օրհներգ իրենց ուսերին կրելու «ամոթալի» բեռը։

Վստահ եմ, ֆրանսիացիների մտքով երբեմն-երբեմն անցել է՝ խնդրել հայերիս, որ մեր մեծ կոմպոզիտորներով օգնության հասնենք իրենց, բայց դեռ չեն կարողանում հաղթահարել գեղջկական ամոթխածությունը։ Հուսանք՝ մի օր կհաղթահարեն, մինչեւ ե՞րբ պետք է «օրհներգեն» ոմն զինվորականի թոթովանքը։

Իսպանացիների վիճակն ավելի խայտառակ է։ Այս կորած-մոլորած երկրում օրհներգի հեղինակն անհայտ է։ Ու էս իսպանացիներն էնքան անճարակ են, որ կարում-կարկատում են այս 18-րդ դարում ծնված էս անհայտ հեղինակի երաժշտությունն ու տեքստը, բայց արդեն գրեթե 250 տարի է՝ չեն հրաժարվում իրենց օրհներգից։ Դե ո՞նց հրաժարվեն. Իսպանացիներն՝ ու՜ր, երաժշտությունն ու պոեզիան՝ ուր։

Չեմ ուզում ձանձրացնել ընթերցողին այլեւայլ երկրների օրհներգերի պատմությունը ներկայացնելով։ Ընդամենը վստահաբար կարող եմ պնդել, որ ոչ մի ազգ մեզ նման պրպտուն միտք չունի, դարերով, տասնյակ տարիներով լռվել մնացել են մի օրհներգի հույսին։ Որովհետեւ խավարամիտ են։ Իրենք չգիտեն, բայց մենք հո գիտե՞նք, որ լավից լավը կա։

Եվ քանի որ գիտենք, ինչու՞ պետք է մեկ եւ միակ օրհներգով բավարարվենք։

Ձեռքներս քարի տակ հո չի՞։ Հանձնաժողով կստեղծենք, «սովետական ազատ աշխարհի» օրհներգը կվերաձեւենք, «Մեր հայրենիքը» կուղարկենք թոշակի։

Հետո կգա մեկ այլ իշխանություն, սրանք էլ կպարզեն, որ չնայած այս օրհներգի երաժշտությունը գրել է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, բայց Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում մոռանալ, որ այդ օրհներգի հնչյունների ներքո սովետահայ քաղաքացիներն էին ոտքի կանգնում (իսկ կանգնու՞մ էինք որ...)։ Նորից հանձնաժողով կստեղծեն, մրցույթ կհայտարարեն, ընդհանուր հայտարարի չեն գա, կասեն՝ դե լավ, «Մեր հայրենիքը» կա էլի, ի՛նչ ենք խառնվել իրար, գնացեք հետ բերեք։

Հետո մի «ծուռ» ուժ կգա իշխանության ու կասի՝ չբերե՞նք «Գինի լից, ախպեր ջան, գինի լից»-ը օրհներգ դարձնենք, համ էլ խնջույքի սեղանների շուրջը լա՜վ, հավեսով, շախով-շուխով երգվում է։

Հետո կգա շատ արեւմտամետ մի այլ իշխանություն, կասի՝ սա 21-րդ դարն է, ահաբեկիչներին մեծարող երգով ո՞նց երեւանք եվրոպացիների աչքին, դուք հո խայտառակ չե՞ք, ու նորից հետ կբերի «Մեր հայրենիք»-ը։

Մեկ էլ կգա մի ուրիշ...

Հ.Գ. Ստիպված եմ կիսատ թողնել ասելիքս, որովհետեւ հենց նոր զանգեցին ու տագնապահար ահազանգեցին, որ Ալեն Սիմոնյանը խստորեն արգելել է այսուհետ քննարկել օրհներգի հարցը։ Տեսնողներն ասում են՝ շատ զայրացած է, շա՛տ, ով ձեռն է ընկնում, բռնում ու արգելում է։