25.02.2019 15:16

Մարտիմեկյան քրոնիկոն. .«Բա հետո՞», «Հետո՝ ընտրությունները ավարտվեցին»

Մարտիմեկյան քրոնիկոն. .«Բա հետո՞», «Հետո՝ ընտրությունները ավարտվեցին»

Ներկայում հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրեց արդեն հայտնի  0038 հրամանը, որով բանակը ներգրավվեց հետընտրական գործընթացներում: Հրամանագրի ներածականում բառացիորեն նշվում էր. «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը…»: Ի դեպ, այս հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը՝ 1 տարվա ազատազրկման։

Ուշագրավն այն է, սակայն, որ օրենքի խախտում էր ոչ միայն բանակը ներքաղաքական զարգացումների մասնակից դարձնելը, այլեւ՝ հրամանում նախագահական ընտրությունների արդյունքներին հղում անելը, այն դեպքում, երբ ԿԸՀ-ն դեռ չէր հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները ու, թեեւ «իրավական» խոչընդոտներով, սակայն դեռ շարունակվում էին վերահաշվարկն ու բողոքարկումները:

2008 թվականի փետրվարի 24-ի երեկոյան միայն ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների  վերջնական արդյունքները: Նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի կողմից մեկ օր անց տարածված հայտարարությունից տեղեկանում ենք.

«Երեկ (փետրվարի 24-ին), ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հապճեպ հրավիրելով ԿԸՀ-ի արտահերթ նիստ, հաստատեց նախագահական ընտրությունների արդյունքները` նույն այդ նիստի մասին տեղյակ պահելով դրանից ընդամենը 30 րոպե առաջ, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված էր 2 ժամ, նույնիսկ առանց ծանուցելու նիստի օրակարգի մասին: ԿԸՀ նիստը գումարվեց ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը լրանալուց անմիջապես հետո, ըստ էության, հնարավորություն չտալով թեկնածուներին նույնիսկ ծանոթանալ ընտրությունների բողոքարկման արդյունքների հետ եւ համեմատել ընտրական փաստաթղթերը` իրական պատկերը վեր հանելու համար»: 

Փետրվարի 24-ին տեղի ունեցած նիստը բոյկոտել էին ԿԸՀ «Ժառանգություն» կուսակցության եւ ՕԵԿ անդամները: Նիստում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարեց, թե «ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը», եւ ներկայացրեց  Սարգսյանի՝ նախագահ ընտրվելու մասին որոշումը: Որոշման տակ ստորագրեցին ԿԸՀ մյուս՝ 6 անդամները: Ընդ որում, նրանից ԿԸՀ ՀՅԴ ներկայացուչիչ Համլետ Աբրահամյանը որոշման տակ իր ստորագրությունը դրեց հատուկ կարծիքով, որտեղ մատնանշել էր ընտրակաշառքը, բռնություններն ու ընտրական գործընթացի այլ թերություններ:

Ա1+-ի տեղեկացմամբ, ԿԸՀ նախագահի հայտարարությունը ավարտվեց առանց ծափահարությունների, փոխարենը լրագրողներից մեկը հարցրել էր.«Բա հետո՞»: «Հետո՝ ընտրությունները ավարտվեցին»,- ժպտալով պատասխանել էր Գարեգին Ազարյանը:

Նիստից հետո ԿԸՀ դաշնակցական անդամը, պատասխանելով Ա1+-ի թղթակցի հարցին՝ ասել էր, թե չի կիսում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի այն տեսակետը, թե այս ընտրությունները լավագույնն էին նորանկախ ՀՀ պատմության մեջ: «Ընտրություններն ընթացել են խախտումներով ու կեղծիքներով»,- ասել էր Աբրահամյանը:

«Բուն ընտրությունները եւս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ-ն՝ հավելելով, սակայն, թե ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:

Միաժամանակ, Դաշնակցությունը հանդես եկավ կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմեց քաղաքական Կոալիցիային համագործակցությունը դադարեցնելու առաջարկով:

ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ դիմում է Սահմանադրական դատարան` փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

Նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը փետրվարի 29-ին դիմեց Սահմանադրական դատարան: Ընդդիմության մարտավարությունը պարզ էր՝ շարունակել խաղաղ ցույցերը եւ սպասել ՍԴ որոշմանը: Ակնհայտ էր, որ խախտումների եւ բռնությունների մասին առկա ապացույցների, հանրային եւ ներքաղաքական լայն աջակցության պայմաններում ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, դրական որոշում պիտի կայացներ:

Բայց տեղի ունեցավ ցույցերի բռնի ճնշում, մարտիմեկյան սպանդ, եւ ՍԴ նիստերը փաստացի ընթացան մարտիմեկյան սպանդից հետո հայտարարված արտակարգ դրության եւ ազատությունների, այդ թվում՝ (խոսքի եւ մամուլի) տոտալ սահմանափակումների պայմաններում՝ գրեթե կիսադատարկ Երեւանում:

iLur.am