25.02.2019 16:24

Ղարաբաղյան խնդիրն իշխանության, ընդդիմադիրների եւ ժողովրդի քաղաքական ընկալումներում

Ղարաբաղյան խնդիրն իշխանության, ընդդիմադիրների եւ ժողովրդի քաղաքական ընկալումներում

Ղարաբաղյան խնդիրն արդեն բավական ժամանակ է, որ որպես ՀՀ–ում իշխանությունը պահելու կամ դրանից հրաժարվելու որոշիչ` շարունակում է և, կարծում ենք, որ դեռ բավական երկար ժամանակ կշարունակի թևածել հայոց քաղաքական, ապաքաղաքական կամ հիրավի հայրենասիրական և կեղծ հայրենասիրական շնչով լեցուն հոգիներում: Լինելով Հայկական Հարցի լուծման կարևորագույն բաղադրամասերից մեկը՝ այդ խնդիրն արդեն բավական տևական ժամանակ շահարկման առարկա է դառնում այն ուժերի համար, որոնք ցանկանում են պահել իշխանությունը, և նրանց համար, ովքեր ձգտում են հասնել իշխանության, իսկ այդ շահարկումները ծանր են նստում այն անբիծ հայրենասիրությամբ լեցուն հոգիների վրա, որոնք այդ հարցում պարտությունը համարում են համայն հայության պարտությունը, որոնք հեռու են դիվանագիտությունից, ծանրագույն պահերին մեր գլխավոր հույսն ու անվտանգության երաշխիքն են և, թող ներվի մեզ շեշտելու, շատ ավելի կարևոր, քան այդ անվտանգության պետական–կառավարման մաս մարմինները, որոնք նման երաշխիք լինելով հանդերձ՝ բարձրագույն իշխանությունների անսասանության ապահովման երաշխիքներն են:

Այս ամենից ելնելով՝ չափազանց կարևոր ենք համարում ղարաբաղյան խնդրի դերի ճշգրտումն իշխանությունների, ընդդիմադիրների և ժողովրդի հայրենասիրական հատվածի քաղաքական ընկալումներում, որովհետև մեզ մոտ վաղուց արդեն մի իրավիճակ է, երբ խեղաթյուրվում են ճշմարտությունները դիվանագիտության ճշմարիտ էության, ճշմարիտ հայրենասիրության և պետականասիրության, փոխզիջումների՝ զիջումների հետ կեղծ  շփոթմունքի, պետականամետ և խաղաղասեր գործչին դավաճանից զատորոշելու իրական սկզբունքների մասին: Արդյունքում՝ պետականասեր և խաղաղասեր գործիչը մատուցվում է դավաճան, խնդրի շահարկումով իշխանությունը պահողը՝ հայրենասեր, իշխանություն ձեռք բերելու մարմաջով տառապողը՝ նույնպես հայրենասեր՝ այն հիմքի ստեղծմամբ, որ իշխանությունն իրականացնողները ծախում են Ղարաբաղը, և այսպես շարունակ: Եվ այս ամենը շարունակվում է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, որը, թերևս, միակ անձնավորությունն էր, որ նաև իր ըմբռնումների շահարկումներով պայմանավորված՝ ինքնակամ լքեց իշխանությունը, և որի արտաքին քաղաքականության զերծ լինելը մաքսիմալիզմից գալիս էր որպես ի հաստատում Հայաստանի առաջին Հանրապետության խոհեմ գործիչների (Հովհ. Քաջազնունի, Ռուբեն Տեր-Մինասյան, Ռուբեն Դարբինյան, Արշակ Ջամալյան և այլն)  քաղաքական ըմբռնումների, միգուցե և նրանցից անկախ, քանի որ դիվանագիտության գաղտնիքը ոչ թե միայն լեզուների իմացության կամ ավարտած համալսարանների ցանկերի մատնանշումների մեջ է, այլ՝ բնությունից ընձեռված հնարավորությունների: Սակայն սա մի խնդիր է, որի շուրջ ծավալվելը մեր այս հոդվածի շրջանակների մեջ չի մտնում:

Իսկ այս հոդվածի խնդիրն է՝ ա) ցույց տալ, թե ինչ կարևորություն ունի ղարաբաղյան հարցը այն ուժերի համար, որոնք  ցանկանում են պահել իշխանությունը (այս առումով դեռևս անորոշ է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, որովհետև  հստակ չէ նրանց  շուրջ առկա ընդդիմությունը, և ոչ հստակ, այլ հակասական են մոտեցումները խնդրի լուծման վերաբերյալ՝ բանակցային կողմի վերջնական մատնանշման տեսանկյունից), նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են հասնել իշխանության, և վերջապես՝ նրանց նկատմամբ, ովքեր այդ խնդրի շահարկումով նպաստում են ներքաղաքական քաոսին, որից զերծ պահելու անհրաժեշտությունը այդ խնդրի տեսանկյունից կարևորում են անկեղծ ուժերը և առերես հայրենասեր ուժերը:

Ղարաբաղյան խնդրի շահարկումը իշխանության հասնելու միջոց է ծառայել դեռևս Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակներից, որն իշխանությունը թողեց՝ ելնելով այն խոհեմ մարտավարության որդեգրման անհրաժեշտությունից, որի հակառակը կբերեր ներքաղաքական այնպիսի գործընթացների, որոնցից իրոք կվնասվեր ոչ միայն Ղարաբաղը, այլև՝ մեր նորանկախ պետականությունը: Նա հրաժարական տվեց այս վերլուծության արդյունքում՝ խաղաղությունը գերադասելով պատերազմից ներքին քաղաքական դաշտում, երբ արտաքին քաղաքական դաշտում խաղաղության ջատագովն էր, բայց նրա այս իրատեսական մոտեցումը դեռևս տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս և կշարունակի տալ, քանի որ անկեղծ չեն ղարաբաղյան խնդրով մտահոգ բոլոր ուժերը, և այսպես կոչված ժողովրդավարությունն իր հետ բերում է նաև այն վնասները, որ դրա տարաբնույթ ընկալողները կամ դրա արդյունք ինչ–ինչ ուժերի հայաստանյան մունետիկները փչում են այն փողից, որի արտաբերած քաղաքական երաժշտության երանգները որոշվում են մեր պետականության սահմաններից դուրս:

Երկրորդ նախագահի՝ քաղաքական իշխանության գալը լիովին պետք է պայմանավորել ղարաբաղյան խնդրի շահարկումով կամ (Աստված տա՝ չսխալվենք) իրոք այն ըմբռնումով, որ փոխզիջումը վնասաբեր է Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի շահերի համար: Բայց շատ չանցած պարզ դարձավ, որ առաջին նախագահի՝ խաղաղության անհրաժեշտության տեսական հիմնավորումները, որոնք նաև քաղաքական մեծ խաղացողների շահերի ըմբռնողականությունից էին գալիս, կա՛մ չէին ընկալվում, կա՛մ էլ մատուցվում էին դավաճանություն՝ իշխանության հասնելու մարմաջով պայմանավորված: Ամենևին զերծ մնալով այն մոտեցումից, որ քաղաքական սխալները կամ քրեական գործերի հարուցումները չպետք է տարանջատել այլ ճակատներում ունեցած դրական գործունեությունններից, կարծում ենք, որ արտաքին քաղաքականության առումով առաջին նախագահի հրաժարականը պահանջելուց ի վեր իշխանության եկած ուժերը ստիպված են եղել հաշվի նստելու խստացված պայմաններով այն քաղաքական մոտեցումների հետ, որոնք պահանջել են մեծ խաղացողները, և եթե դեպքերի բերումով, այդ պայմանագրերի նախագծերում ընդգրկված այդ պահանջներն արտահայտող կետերի տակ չեն ստորագրել, ապա նրանք ավելի իրատես չեն, քան նախորդները: Ժամանակն է զերծ մնալ սեթևեթանքներից և անկեղծ հանդես գալ ժողովրդի առաջ, ժողովրդին հարգել կենսական տնտեսական և քաղաքական գործելաոճի մատնանշումով և իշխանությունը պահելու մարմաջով՝ չապակողմնորոշել նրան: Ժողովուրդը միայն սիրում է խաղաղություն, և վերջինիս հասնելու միջոցները խեղաթյուրողները ազգի տականքներն են, որոնք հայրենասերներին՝ լրտեսներ, և լրտեսներին հայրենասեր են կոչում: Մեկ ուրիշ մոտեցում ևս գործում է մեր ներքաղաքական կյանքում և շարունակում է գործել. ովքեր շարունակում են նույն գործընթացը ղարաբաղյան խնդրում լուծումներ գտնելու առումով՝ իշխանության ընթացքում, իշխանությունը կորցնելուց հետո իրենց ներկայացնում են որպես տարածքները չզիջելու աննկուն կողմնակիցներ: Իսկ ո՞ւր մնաց անկեղծությունը, որը քաղաքական գործիչների համար ամենակարևորն է, երբ նրանք հանդես են գալիս սեփական ժողովրդի առաջ: Ղարաբաղյան խնդրով իշխանությունն անսասան պահելու ցանկությունը գոյատևել է և՜ երկրորդ, և՜ երրորդ նախագահների իշխանությունների շրջանում, թեպետ նրանք ոչ միշտ են հանդես եկել կամ գրեթե հանդես չեն եկել սեփական ժողովրդի առաջ, թե ինչ համաձայանգրերի նախագծեր են ստորագրել, ինչ են պատրաստվել զիջել՝ պարտադրանքների արդյունքում, և իշխանության ժամկետի լրանալով պայմանավորված՝ այդ զիջումներին չգնալը այնուհետև ներկայացրել են որպես հերոսական խոյանք: Երկրորդ և երրորդ նախագահների՝ ղարաբաղյան խնդրի շուրջ բոլոր բանակցությունների հիմքում ընկած են եղել փոխզիջումները, ավելին, նույնիսկ զիջումները, բայց ներքին քաղաքական և տնտեսական անհաջողությունների պայմաններում դրանց մասին անկեղծ խոսելը, բնականաբար, աննպատակահարմար է համարվել, մանավանդ որ խիստ զգայական է եղել և մնում սփյուռքի գործոնը:

 Վերոշորադրյալից այն տպավորությունն է ստացվում, որ իշխանությունը պահելու մարմաջը իշխող քաղաքական ուժերի կողմից սեփական ժողովրդին ներշնչել է նաև պատերազմի վախը: Անշուշտ, ներքաղաքական ճգնաժամից միշտ շահում է թշնամին, և դա հասկանում են առողջ ուժերը, բայց պատերազմի վախով պահել իշխանությունը կամ հողեր ծախելու տպավորությունը ներշնչել՝ ձգտելով գրավելու այն՝ որևէ խոստումնալից բան չի բերում մեր քաղաքական ապագայի տեսանկյունից:

Ստացվում է այնպես, որ՝ ա) ղարաբաղյան խնդիրը շահարկության ենթակա է իշխանությունը պահելու համար, բ) շահութաբեր է իշխանության հասնելու համար և այստեղից էլ՝ գ) ղարաբաղյան հակամարտության շարունակելիությունը ձեռնտու է իշխանության հասնող քաղաքական ուժերին. և ուրեմն, այդ հակամարտությունը հավերժական է: Ժաղովրդի քաղաքական ընկալումներում չի կարելի պնդել, որ այս խնդիրը միանշանակ է ընկալվում: Նախ, ժողովուրդը խնդրի տեսական ընկալումների առումով ընդհանրական զանգված չէ: Հայտնի եզրույթ կա. «ժողովուրդն իմաստուն է»: Խիստ վիճելի է այս ընդհանրացումը: Ժողովրդի մի մասն է իմաստուն՝ մտավորական մասը, որը միայն բարձր կրթություն ստացած և լոկ համալսարանական զանգվածը չէ, մտավորական օժտում է բնությունը: Այդ հատվածը շատ լավ է պատկերացնում ամեն մի քաղաքական խնդիր, բայց ունի չհասկացվելու վախ: Մեկ այլ զանգված մտածում է այնպես, ինպես իշխանությունը, որը կարող է լինել ճիշտ կամ սխալ: Երրորդ զանգվածի շարժման հիմքը պատեհապաշտությունն է և այլն: Ուրեմն՝ միշտ ժողովրդի անունից խոսելը անկեղծ լինելու հիմքից չի բխում: Քաղաքականության մեջ սեփական ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել, իսկ հակառակորդ կողմի և այլ շահագրգիռ ուժերի հետ՝ դիվանագետ: Սա է հաղթանակի գրավականը:

Եվ վերջապես, ի՞նչ տեղ ունի ղարաբաղյան խնդիրը ներկայիս իշխող ուժի քաղաքական ընկալումներում: Այս առումով դժվարանում ենք որևէ վերջնական եզրակացության հանգել, քանի որ առկա են հակասական և իրարամերժ  մոտեցումներ: Բայց քանի դեռ խոսվում է սիրո և համերաշխության հեղափոխությունից, կարծում ենք, որ այդ սիրուն և համերաշխությանը արտաքին քաղաքական այն դիրքոշումները նաև կնպաստեն, որոնց դիվանագիտական նրբերանգները այնքան բաց կլինեն ժողովրդի առաջ, որքան դրանց արգելք չեն դառնա դիվանագիտական էթիկայի նորմերը: Առանց ճշմարտության չկա սեր՝ ինչպես միջանձնային, կենցաղային և հասարակական, այնպես էլ իշխանություն – ժողովուրդ հարաբերություններում: Ճշմարտություն, ահա, թե որն է սիրո և համերաշխության արմատավորման գաղտնիքը:

Աշոտ Ներսիսյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր