25.02.2019 19:10

Միանգամայն ճշգրիտ հաստատումներ` փարիսեցիական մտադրությամբ

Միանգամայն ճշգրիտ հաստատումներ` փարիսեցիական մտադրությամբ

Հիրավի լուրջ վերլուծաբանի համբավ ունեցող Վահե Հովհաննիսյանը այսօր հրապարակած իր հոդվածում (Հրապարակ, 25.02.2019) կատարել է անվիճելի արձանագրումներ, որոնցից հատուկ ուշադրության է արժանի հետևյալը. «Ի վերջո պետք է ընդունենք, որ ներքաղաքական այլասերումների հիմքը երկրում ընտրական մեխանիզմների այլասերումն է։ Պետության առաջին տարիներից՝ 1995-96թթ. հետընտրական զարգացումներով մեկնարկած, 25 տարի շարունակվող՝ ընտրական համակարգերի հանդեպ տոտալ անվստահությունը և հարյուր հազարավոր քաղաքացիներով ընտրակեղծարարությանը տարիներ շարունակ մասնակցելը երկրում արմատավորել է ստի գերակայությունը։ Չափազանց մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են ինքնակամ կամ պարտադրված մասնակցել կեղծիքներին։ Ժողովուրդներն ունենում են ամոթալի էջեր, բայց միայն խիզախորեն դրանց մասին խոսելով է հնարավոր առաջընթաց։ Մեծ ստից սկսվում է պառակտում, անհանդուրժողականություն, թշնամանք։ Ընտրական մեխանիզմների այլասերումը բնականորեն բերեց քաղաքական դաշտի խեղման։ Որպես հետևանք՝ հասարակությունը դադարեց հասունանալ, զարգանալ իր բնական ձևով, ընտրական համակարգի խեղումը խեղեց ողջ հասարակությունը, ինչի հետևանքները մենք այսօր բացահայտում ենք բոլոր ոլորտներում։ Ուրեմն լուծենք այդ հարցը։ Մեկընդմիշտ՝ օրենքներով, տեխնիկական միջոցներով ամրացնենք ընտրական մեխանիզմները, որպեսզի սկսվի հասարակության առողջացում»:

Այս քաղվածքում, ինչպես ասում են, հնչեցված են ոսկե տառերով գրվելու արժանի մտքեր, որոնց դժվար է առարկել: Սակայն տարօրինակ է, որ նույն հեղինակը երբևէ նման մտքեր  չի արտահայտել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քսանամյա բռնապետության տարիներին: Ավելին, այդ անձնավորությունների հասցեին անգամ որևէ թթու խոսք չի ասել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ փարիսեցիություն, քանի որ նշանակում է, որ նա կամ այն ժամանակ անկեղծ չի եղել, կամ հիմա այդպիսին չէ:

Ուստի պետք է ենթադրել, որ անձի այս երկփեղկվածությունը բացատրվում է բոլորովին այլ պատճառով: Հեղինակն, ի դեպ, վերամբարձ խոսքերի և իբրև թե լուրջ դատողությունների տակ, ակամա բացահայտել է նաև այսօրվա հրապարակման բուն շարժառիթը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից և արդարադատությունից փրկելու խնդիրը: Նա գրում է. «Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ է, սա ողբերգություն է։ Մենք ունենք երկու ճանապարհ. կամ դարձնել այն փոխադարձ, բազմակողմ ատելության, թշնամանքի և անվերջանալի հաշվեհարդարների մոտիվ, կամ՝ գնալ ներհասարակական դժվար, գուցե շա՛տ դժվար խոսակցության, ու պետության համար բացել մարտի 2-ի էջը։ Շատ կարևոր է, որ հիմա՝ այս փուլում, մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն ու պնդեն երկրորդ տարբերակի կարևորությունը։ Սա՛ է քաղաքացիական կեցվածքը։ Մյուսը հեշտ է՝ թաքնվել իշխանական ու սոցցանցային այսօրվա տրենդի հետևում ու պահանջել սրան կամ նրան բռնել»:

Սա դեռ ամենը չէ, Հովհաննիսյանը շարունակության մեջ ավելացնում է. «Ողբերգությունից անմիջապես հետո սկսվեց մեղավորների անձնավորված փնտրտուքը։ Սա ժանրի տրամաբանությունն է։ Եվ նույն ժանրի տրամաբանությունն է նաև՝մեղավորներին հարմարեցնել պահի քաղաքական կոնյունկտուրային։ Մարտի 1- ից անմիջապես հետո իշխանությունը դեպքերի «հիմնական մեղավոր» նշանակեց Նիկոլ Փաշինյանին։ Դա իհարկե ճշմարտություն չէր, սակայն պահի կոնյունկտուրան և շատերի շահերը համընկել էին։ Իշխանությունը չէր կարող ինքն իրեն մեղավոր հռչակել՝ այնպես, ինչպես չէր կարող (կամ չէր ուզում) մեղավոր հռչակել ընդդիմության առաջնորդին։ Նախ՝ դա չէր ընկալվի արտաքին աշխարհում, և մյուս կողմից՝ անհրաժեշտ էր մեկը, որի հետ պետք էր բանակցել, երկխոսել՝ մթնոլորտի հանդարտեցման և այլ հարցերի շուրջ։ Բայց մեղավորի հաստիքը թափուր մնալ չէր կարող։ Հենց այդ պատճառով առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը «նշանակվեց» հիմնական մեղավոր։ Գրեթե կոնսենսուսով։ Որոշ ժամանակ անց քաղաքական կոնյունկտուրան փոխվեց, պետք եղավ նոր մեղավոր, առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և աստիճանաբար հրապարակն ու ընդդիմության նոր թևերը մեղավոր «նշանակեցին» Սերժ Սարգսյանին (տես՝ տարբեր տարիների մարտի 1-ի հանրահավաքների շեշտադրումների նկատելի փոփոխությունները)։ Սա, իհարկե, նույնպես ճիշտ չէր, պարզապես տվյալ պահի քաղաքական շահերն այդպես էին պահանջում։ Հետո անցավ ժամանակ, հանդարտվեցին ընտրական կրքերը, և մի անտեսանելի ձեռք կարողացավ գտնել այդ պահից գրեթե բոլոր կողմերին բավարարող տարբերակ՝ ամեն ինչ բարդել միայն Ռ. Քոչարյանի վրա, մանավանդ որ վերջինս դուրս էր քաղաքական պրոցեսներից և չուներ ու չէր ստեղծում հակազդման մեխանիզմներ։ Սա սողացող պրոցես էր, արվում էր դանդաղ, գրագետ, ամենակարևորը՝ բոլորին ձեռք էր տալիս։ 2018-ին անհրաժեշտ եղավ նոր մեղավորի լեգիտիմացում։ Եվ, վերջին տարիներին ձևավորված հանրային կարծիքի ֆոնին, նոր իշխանությունը, տարբեր շրջանակների հետ շահերի ակնհայտ համընկնումով, միակ մեղավոր նշանակեց Ռ. Քոչարյանին, ինչը դարձյալ ճիշտ չէ։ Ֆոնային մեղավորությունը դրվեց բանակի և հրամկազմի վրա, ինչը բացարձակ անթույլատրելի է։ Բայց դա է պահանջում այսօրվա քաղաքական կոնյունկտուրան։ Մեղավորների փնտրտուքի տասնամյա պատմությունը հուշում է, որ այն պահից, երբ կփոխվի իրավիճակը, և կձևավորվի նոր քաղաքական կոնյունկտուրա, ամենայն հավանականությամբ կա՛մ կլինի դարձ ի շրջանս յուր, կա՛մ «կնշանակվի» նոր մեղավոր։ Արդյո՞ք սա ենք մենք ուզում։ Արդյո՞ք սա է մարտի մեկի լուծման միակ բանալին»։

Իսկ բուն ասելիքը հեղինակն ամփոփում է հետևյալ տողերում. «Նոր իշխանությունը գնում է անվերջանալի դատական պրոցեսի ճանապարհով։ Ի՞նչ է սա ենթադրում։ Ենթադրում է, մի կողմից, մեղադրողի՝ իշխանության, կոնսոլիդացված ջանքերը՝ ներգրավելով ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգն իր տարբեր բաղադրիչներով (համակարգ, որը ժամանակին դատում էր իրենց), և մյուս կողմից՝ համարժեք պաշտպանություն՝ հնարավոր բոլոր գործիքների կիրառմամբ... Մարտի 1-ը ունի լուծման երկու կարևորագույն ուղղություն. նախ՝ հարգանք և խոնարհում զոհերի ընտանիքներին, փոխհատուցում, հասարակական համերաշխության օրվա հռչակում։ Մյուս ուղղությունը պետք է փնտրել քաղաքական և հանրային դաշտում։ Պետք է տեսնել այդ իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է շարժվել որևէ հետագա Մարտի մեկ ի սկզբանե բացառելու ուղղությամբ՝ փոխելով երկիրը, ընտրական համակարգը, հասարակություն-պետություն կապի տրամաբանությունն այնպե՛ս, որ այլևս տեղի չունենա բացասական լիցքերի նման վտանգավոր կուտակում»:

Իմիջիայլոց նշելով, որ բերված քաղվածքներում նույնպես հեղինակը կատարել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված արդարացի քննադատական արձանագրումներ, որպիսիք երբևէ չի արտաբերել նրանց իշխանության օրոք, կարելի է արձանագրել, որ ակադեմիական և մենտորական ոճով գրված նրա հոդվածը հետապնդում է միայն մեկ նպատակ, այն է` ամեն գնով փրկել Ռոբերտ Քոչարյանին:

Կարծում ենք, որ ավելի ազնիվ կլիներ, եթե հեղինակը Նիկոլ Փաշինյանին ուղիղ խնդրեր ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

iLur.am