26.02.2019 12:04

Արսեն Գրիգորյան. Խցանված մարդը

Արսեն Գրիգորյան. Խցանված մարդը

Կարելի էր նույնիսկ չհասկանալ Ժիրայր Սեֆիլյանին, որը ապստամբությունից է խոսում: Մարդասպանության մեջ մեղադրվող իր խմբի երկու անդամին մարդն ուզում է կալանավայրից ազատել նոր իշխանությունների դեմ ապստամբելու սպառնալիքով:

Ինքը չի ասում, որ կապստամբեն նոր իշխանությունների դեմ: Բայց, կներեք, ապստամբությունը հո շրջիկ համերգ չի՞, որ լոկալ լինի, մի օր այստեղ, մի օր այնտեղ: Փաշինյանը եւ մենք կարծես թե կրակն ենք ընկել այն իրավիճակի ձեռքը, որտեղ ով ասես իրեն կարող է ցույց տալ որպես ծայրահեղական ու համարվի առողջ մարդ: Ժամանակներն են այդպիսին: Նույնիսկ ԱԱԾ-ն չի կանչի մարդուն ու ասի՝ ընկեր, էս ի՞նչ ապստամբությունից ես խոսում, դու Սերժ Սարգսյանի իշխանությունից դեպի նոր Հայաստան չես եկե՞լ: Բայց եթե նույնիսկ կանչի ու ասի, «Սասնա ծռերն» ու իր առաջնորդը իրենցը պնդելու են:

Ո՞վ կամ ի՞նչն է ոգեւորում այդ մարդկանց: Նախորդ իշխանությունների օրոք նրանց ոգեւորողները գիտեին, որ ՊՊԾ գնդի գրավումով Սերժ Սարգսյանին հասցված ապտակը ժողովրդին առանձնապես չի չարացնի: Մարդիկ հաշվարկել էին, մի քիչ Սերժ Սարգսյանին ցնցեցին ու «ապստամբությունն» «ատբոյ» տվեցին: Իսկ հիմա ի՞նչ է պատահել: Հիմա՞ էլ են նույն ուժերը: Բնավ բացառված չէ: Ի վերջո, Սեֆիլյանը նախկինների հետ չհամագործակցած եզակի մարդկանցից է, որը նոր Հայաստանի արժեքներին չի հարմարվում:

Մարդը խցանվել է պատմության մեջ: Հիշում է, որ ընդունված հերոս էր նախկինների օրոք, բայց չգիտի, որ նոր ժամանակներում հնում հերոսացման ձեռագիրը չի աշխատում: Մարդը գիտի, որ երկու ոստիկանի սպանության գործով դատավարություն է ընթանում, բայց նոր իշխանություններից պահանջում է, որ նրանց ազատ արձակեն: Չի էլ ասում՝ փոխեք խափանման միջոցը, ազատություն է ուզում, որովհետեւ նրանք թավշյա «հեղափոխության նախակարապետներն էին»:

Գիտի, հասկանու՞մ եք, որ նոր իշխանությունը դատարաններին ազատություն է տվել ինքնուրույն լինելու: Գիտի, որ անբարոյականությունը սահմաններ չունի, իսկ բարոյականությունն ունի, հենց դրա համար էլ բարոյականություն է: Գուցե դատարանը համոզվում է, որ խմբի՝ կալանքի մեջ մնացած երկու անդամը սպանությունների հետ կապ չունեն: Բայց դրա համար առնվազն պետք է, որ դատավարությունն ընթանա: Մարդիկ կալանավորված են, որովհետեւ ազատության մեջ չեն ոչ թե ապստամբության իրավունքի, այլ սպանության մեղադրանքի համար: Զոհերն ունեն հարազատներ, որոնք իրավունք ունեն համոզվելու, որ արդարադատությունը հնից նոր չի թռչում ըստ իշխանություններից ունեցած սարսափի:

«Եթե չազատվեն, մեր ժողովուրդը կպահանջի իր ապստամբության իրավունքը»,-ասում է «Սասնա ծռերի» առաջնորդը: Պահանջելը ո՞րն է: Ինչ-որ մեկը բռնե՞լ է ժողովրդի ձեռքից: Ինչ-որ մեկը փողոցնե՞ր է փակել, որ ժողովուրդը փողոց դուրս չգա: Ապստամբության իրավունքը ո՞ր երկրում եւ ե՞րբ են պահանջել: Սա նախադասություն է ապստամբության էության դեմ: Չկա նման իրավունք բնության մեջ: Ապստամբությունն անում ես կամ չես անում: Վերջ: Չազատելու դեպքում ինչու՞ պիտի ժողովուրդը ապստամբություն անի: Որպեսզի ապստամբես, չափազանց շատ պահանջներ պիտի անտեսվեն: Կա՞ հասարակական պահանջ սպանության մեջ մեղադրվողների ազատության: Եվ եթե նույնիսկ կա, դատարանն ինչու՞ եք պահում: Մի քանի ամիս առաջ ՀՀ քաղաքացի դարձած Ժիրայր Սեֆիլյանը նախ այս հարցերին պիտի պատասխանի: Եվ գուցե դրանից հետո Ալլահը կարողանա նրանց կալանավայրից հանել առանց դատ ու դատաստանի: