26.02.2019 17:06

Լիզա Ճաղարյան. Քոչարյանի վարձկանները «դարի բացահայտումն» են արել

Լիզա Ճաղարյան. Քոչարյանի վարձկանները «դարի բացահայտումն» են արել

Լեւոն Տեր-Պետրոսյանի «Իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին» հոդված-պարզաբանման «խոցելի կողմերը» քրտնամխած պեղողների վիճակը վիճակ չի։ Նախ՝ գրեթե երկու օր լռություն էր։

Սա աննախադեպ բան էր, որովհետեւ գաղտնիք չէ՝ ե՛ւ քաղաքական որոշակի շրջանակների, ե՛ւ սրանց գրչակների, ե՛ւ ֆեյսբուքյան մշտարթուն ոհմակի կյանքը կայծակնային արագությամբ «իմաստավորվում է» միայն այն ժամանակ, երբ Հայաստանի առաջին նախագահը խոսում կամ գրում է ինչ-որ թեմայով։

Այս անգամ մի քիչ հապաղեցին. երեւի հայտնի բանտախցից ցուցումներն ուշացումով էին տեղ հասել, վարձավճարն էլ՝ հետը։

Եվ այսքան դեգերումներից հետո ինչե՛ր են հայտնագործել զանազան «յոթօրական» քաջարիներ (հոգնակին պայմանական էր. այստեղ մի քաջարի «վերլուծաբան» կա, որ հանդես է գալիս զանազան-զարմանազան կեղծանուններով, չխուսափելով սակայն՝ իրեն բնորոշ որակումները տարբեր կեղծանունների տակ չկրկնելուց) եւ ՀՀԿ-ական կոմսոմոլներ։

Հայտնագործել են, որ նոր իշխանության մեջ միայն վարչապետի մամուլի խոսնակը չի կոնգրեսական, ու թվարկել են մի քանի ավագանու անդամի եւ ՀՀՇ-ականների։ Նույնիսկ ե՛ս մի պահ խղճացի սրանց։ Էս ի՛նչ օրն են ընկել, որ ծիծաղելի հոգեցնցումներով փրփուրներից են կախվում՝ մոռանալով, որ Հայաստանի նորագույն պատմության քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը ՀՀՇ-ական «շինել»-ից են դուրս եկել, իրենց վերջին շրջանի թանկագին «պապա» Քոչարյան Ռոբերտը՝ նույնպես։

Մյուս հայտնագործությունն ավելի «ցնցող» է։ Հերոսաբար պարզել են, որ նոր իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Հայ ազգային կոնգրեսի քաղաքական շահերը պատմության այս հանգրվանում համընկնում են։

Իաաա, իրո՞ք՝ կասեր սրանց նախկին «պապա» Սարգսյան Սերժիկը։

Տատս էլ կասեր՝ ձեր հայտնագործությունը ձեզ ուտի։

Իսկ որեւէ մեկի համար գաղտնի՞ք էր մինչեւ հիմա, որ Հայ ազգային կոնգրեսը տարիներ շարունակ պայքարել է ռոբասերժական ավազակախմբի դեմ։ Գաղտնի՞ք էր, թե ինչ հալածանքների է ենթարկվել, քանի-քանի քաղբանտարկյալներ ունեինք բանտերում, որոնցից մեկն էլ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Գաղտնի՞ք է, որ մեր պայքարը տարիներ են տեւել՝ մինչեւ ամենավերջին քաղբանտարկյալի ազատ արձակումը։ Գաղտնի՞ք է, որ 2008-ի Մարտի 1-ին ռոբասերժական մարդասպանները գնդակահարել են Հայ ազգային կոնգրեսի հետ ուս-ուսի պայքարող երիտասարդների։

Նո՞ր են գլխի ընկել, որ ՀՀԿ-ականների պատմության աղբանոց նետվելը կոնգրեսականների գերնպատակն էր, եւ եթե դա հաջողվեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժին, ուրեմն, այո՛, կոնգրեսականներն իրենց ուժերի ներածի չափով սատարելու են նոր իշխանությանը՝ նախկին հանցագործների «ռեինկարնացիան» (ինչպես կասեր աննկուն կոմսոմոլ Աշոտյանը) բացառելու համար։

Այ, երբ կհամոզվենք, որ հայտնի անեկդոտի նման՝ «հիվանդը մեռնելուց առաջ լաաավ քրտնել է», կնստենք ու կմտածենք մեր հետագա քաղաքական դիրքորոշման մասին։ Հիմա, այո՛, Հայաստանի նոր իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի հակառակորդները, ավելի ճիշտ՝ Հայաստանի Հանրապետության ներքին թշնամիները, նույն ուժերն են՝ ի ցավ յոթօրականների եւ աշոտյանների։

Ի դեպ, էս վերջինս իր դպրոցական շարադրության (ինքն անունը «բաց նամակ» է դրել) մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանին «հուշում է», որ կոչ անի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել, եւ սա մատուցում է աշոտյանական մանկամտության «սոուսով»՝ սպառնալիքներով։ Ենթատեքստն էլ սա է՝ բա որ քրքրեն պատմությունը ու այնպիսի բաներ գտնեն, որ...

Այս հավերժ կոմսոմոլը երեւի մոռացել է, թե քոչարյանական տարիներին ինչ պատկառազդու հանձնաժողով էին ստեղծել, որ պարզեն, թե ինչ «ահասարսուռ» հանցագործություններ են կատարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ բնականաբար ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ, եւ ի՜նչ «շլացուցիչ» բացահայտումներ արեց այդ հանձնաժողովը։

Դե ոչինչ, նազարի բախտով բեսպրեդել իշխանության օղակ էր պարոն Աշոտյանը, իսկ հիմա նրա միակ «արժանիքը» գլխավոր ամբաստանյալի պաշտպանի ամոթալի դերի ստանձնումն է, եւ շատ բնական է, որ այս «պատմական անարդարությունից» հետո սրա պայծառ հիշողությունը մթագնել է։

Եվ ոչ միայն՝ սրա։ Քոչարյանական վարձկանները շատ չեն, բայց խեղկատակային չափերի հասնող շատախոս են։ Եվ որքան շատ են խոսում, այնքան ավելի ծիծաղելի են դառնում։