27.02.2019 13:43

Քանի դեռ չի փակվել Մարտի 1-ը, չի կարող բացվել Մարտի 2-ը

Քանի դեռ չի փակվել Մարտի 1-ը, չի կարող բացվել Մարտի 2-ը

Մարտի 1 եւ Հոկտեմբերի 27 - այս երկու ամսաթվերը մեծատառով գրվող, ոճիր նշանակող խորհրդանիշներ են՝ բոլորին հասկանալի նաեւ առանց տարեթվի նշման։

Իսկ դա նշանակում է, որ դրանք չեն ավարտվել: Չեն ավարտվել, քանի դեռ չի ավարտվել դրանց՝ սողացող, ավերիչ, կազմալուծիչ, քայքայիչ ներգործությունը։ Իսկ ներգործման առարկան ազգն է՝ հայ ժողովուրդը եւ, առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացին։

Հոկտեմբերի 27-ը չի ավարտվել 1999 թվականով. սեփական երկրի անգամ բարձրագույն իշխանության պաշտպանված չլինելու փաստը ազգային պետականություն ունենալու ունակության եւ կարողության նկատմամբ թերահավատության զգացում է առաջացնում ամեն մի քաղաքացու մեջ։

Մարտի 1-ը չի ավարտվել 2008 թվականով. սեփական երկրում սեփական իշխանությունից պաշտպանված չլինելը, ընդհուպ՝ կյանքի վտանգվածության զգացումը, օտարում է մարդուն պետականությունից, մինչդեռ այդ պետականությունն է եղել դարերի երազանքը՝ որպես հենց կյանքի անվտանգության եւ ազատության բարձրագույն երաշխիք։

Մարտի 1-ը եւ Հոկտեմբերի 27-ը պետականության տակ դրված դանդաղ գործողության ականներ են, ներազգային, ներպետական հարցեր, որոնց բացահայտումն ու հետեւանքների վերացումն ամբողջությամբ մեր պարտքն է ու մեր գործը։ Դրանց վտանգը միայն այսօրվա կյանքում ունեցած ավերիչ ներգործությունը չէ, այլ նաեւ, չբացվելու դեպքում, կրկնվելու, կործանարար «ավանդույթ» դառնալու անխուսափելի ծխացող հեռանկարը։

2018-ի ապրիլ - մայիսյան ըմբոստացման վառոդը երկու տասնամյակ շարունակ կուտակված ատելությունն էր, պայթուցիչը՝ իշխանության մնալու համար անամոթ խաբեությամբ ժողովրդին հասցված վիրավորանքը։ Մարտիմեկյան ոճրագործությունը շատ ավելին է, քան վիրավորանքը։

Առաջնային խնդիրը վրեժխնդրությունը չէ, ոչ էլ մարդասպաններին ու սահմանադրախախտներին բանտում տեսնելը։ Առաջնային խնդիրը զուտ քաղաքական է եւ գերկարեւոր. Հայաստանի քաղաքացու մեջ սեփական պետականության՝ որպես իր այսօրվա եւ վաղվա անվտանգության ու ապահովության երաշխիքի նկատմամբ հավատի վերականգնումն է, ինչը, սակայն, այս դեպքում այլ կերպ չի կարող լինել, քան համոզիչ արդարադատությամբ, մարդասպանների եւ սահմանադրախախտների՝ ճաղերի հետեւում հայտնվելու փաստով։

Այսօրվա մարդու հոգեբանության, մտածելակերպի վրա ներգործելու ունակությամբ Մարտի 1-ը յուրահատուկ է. 10 զոհերի փոխարեն կարող էր լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի։ Մարտի 1-ի բացահայտումով յուրաքանչյուր քաղաքացի պիտի տեսնի ու համոզվի, որ իր վրա կրակել է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը։ Պետք է տեսնի նաեւ, որ այդպիսի իշխանությունը դրա համար պատժվում է, եւ դա այլեւս երբեք չի կրկնվի։

Հեղափոխությունը, անյուամենայնիվ, ակտ չէ, այլ պրոցես։ Երեսուն տարի առաջ իրականացված հեղափոխությունը չավարտվեց 1990 թ. մայիսյան ընտրությունների շնորհիվ կոմունիստական մենատիրության տապալմամբ, ոչ էլ օգոստոսյան «Անկախության հռչակագրով», եւ ոչ էլ 1991-ի  սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով։ Այն ավարտվեց տարիներ անց՝ այն ժամանակ, երբ այլեւս անհնար դարձավ նախորդ՝ կոմունիստական համակարգի վերադարձը որեւէ ձեւով եւ որեւէ դեմքով։ 2018 թ. մայիսյան համաժողովրդական ըմբոստացումը կարող է քաղաքական իմաստով հեղափոխություն դառնալ, երբ կլուծի մի քանի խնդիր, եւ դրանցից առաջինն ու առաջնայինը Մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտումն է, ինչը կարեւոր ուղեփակոց կլինի նախկին համակարգի վերադարձի ճանապարին՝ լինի դա բռի շմայսների, թե օսլայված միշիկների դեմքով։ Այլապես մայիսյան ըմբոստացումը կարող է մնալ որպես իշխանափոխությամբ ավարտված, այո՛, համաժողովրդական հուժկու ընդվզման կարեւոր ու հիշարժան, բայց ընդամենը պատմականորեն անհետեւանք մի էպիզոդ։

Դժվար է խոսել ուժերի հարաբերության մասին։ Դրանք խիստ տարաբնույթ են. մի կողմից՝ համաժողովրդական ցասում ու կամք ու դրանով ստեղծված օրինակարգ իշխանություն, մյուս կողմից՝ ահռելի, շատ մեծ ֆինանսական կապիտալ՝ իր մետաստազներով։ Եւ կա հայտնի՝ «փողը բոլոր ապրանքների համարժեքն է» բանաձեւը։ Շատ փողի դիմաց, ցավոք, ապրանքի է վերածվում նաեւ մարդկային բարոյականությունը, ինչի ապացույցն է դառնում արդեն այսօրվա լրատվական-«վերլուծական» դաշտն  իր մեծագույն մասով։ Վաղը «նախկինների» մետաստազները շատ փողի տեսքով կարող են ապականել այլ բնագավառներ։ Դրա ճանապարհը կարող է փակել Մարտի 1-ի լիակատար բացահայտումը։

Վերջապես չկա այն իշխանությունը, որի ժամանակ, իրոք, բացառվում էր թե՛ Հոկտեմբերի 27-ի, թե՛ Մարտի 1-ի բացահայտումը։

Վերջապես Հայաստանում պետական մակարդակով հրապարակային միջոցառում՝ երթ է հայտարարված Մարտի 1-ի հերթական տարելիցի առիթով՝ որպես համազգային կամքի ցուցադրման ակտ։ Եւ դա քաղաքական իմաստով նույնքան, գուցեեւ ավելի կարեւոր է, քան ամիսներ առաջ «Մերժման» համազգային ակցիաները։

Քանի դեռ չի փակվել Մարտի 1-ը, չի կարող բացվել Մարտի 2-ը։ Այլ հորդոր ու կոչ անելը ցինիզմ է, դավաճանություն ու ծայրագույն անբարոյականություն։

Աշոտ Սարգսյան