28.02.2019 10:00

Հիպոկրատի հոգեզավակը կամ մեծ հումանիստը` Արմեն Աշոտյան

Հիպոկրատի հոգեզավակը կամ մեծ հումանիստը` Արմեն Աշոտյան

Վաստակաշատ այս նժդեհակոմսոմոլը մի բաց նամակ է գրել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին (168.am, 25.02.2019)` անմիջապես հարկ համարելով նշել, թե իր «բարձրությունից» ժամանակին ինչպիսի պատվի է արժանացրել վերջինիս. «Մենք հիշում ենք Ձեր քաղաքական սատարումը Սերժ Սարգսյանի իշխանությանը 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի և ՊՊԾ գնդի գրավման օրերին: Հավատացեք, որ Ձեր այդ քայլերն ընկալվել են որպես քաղաքական իմաստնության և առաջնորդության բացառիկ դրսևորումներ»:

Այս հաճոյախոսությունից հետո, սակայն, Աշոտյանը փորձել է երկար-բարակ դասեր տալ Առաջին նախագահին, հակասություններ մատնանշել վերջինիս քաղաքական գնահատականներում և այլն:

Սակայն, իր հիմնական ասելիքը նա բացահայտել է նամակի վերջնամասում. «Պարոն նախագահ, ... դուրս հանեք Փաշինյանին «Մարտի 1-ի» քաղաքական պարադիգմայից: ...Կոչ արեք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»: Այս հորդորը ցույց է տալիս, որ դեմագոգիան և մենտորական դասերը մի կողմ դրած, Աշոտյանի դարդն ու ցավը Քոչարյանին արդարադատությունից փրկելն է: Սրանով Աշոտյանը հասարակությանն ուզում է ներկայանալ ոչ միայն որպես Հանրապետական կուսակցության հեղինակավոր տեսաբան և կարկառուն նժդեհական, այլև որպես մեծ հումանիստ:

Սակայն պարզվում է նաև, որ նրա մոտ այդ հումանիզմը դրսևորվում է ընտրողաբար և ընդմիջումներով: 2008-2011 թվականներին մենք չտեսանք, որ նա Սերժ Սարգսյանին բաց նամակ գրեր ու կոչ աներ ազատ արձակել Մարտի 1-ի գործով երկարաժամկետ բանտարկության դատապարտված հարյուրից ավելի քաղբանտարկյալներին, այդ թվում իր գործընկեր-պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին և Հակոբ Հակոբյանին: Ավելին, Աշոտյանը մեծագույն հրճվանքով, գոհունակությամբ, ոգևորությամբ, հպարտությամբ ու շողշողալով «կողմ» քվեարկեց նրանց անձեռնմխելիությունից զրկելու` դատախազի ներկայացրած միջնորդությանը: Իսկական հումանիստը այսպիսին պետք է լինի: Ճիշտ են ասում էլի` մերն ուրիշ է: Մեր ծիծակն էլ է ուրիշ: Մեր մոթալ պանիրն էլ է ուրիշ: Մեր թարս բուսած խիարն էլ է ուրիշ: Ուստի, շատ տարօրինակ կլիներ, եթե մեր հումանիստն էլ ուրիշ չլիներ:

Հ.Գ. - Արդարությունը պահանջում է ավելացնել, որ հավաստի մի աղբյուրի տվյալներով, իր պատգամավոր-գործընկերներին փուռը տալուց հետո Աշոտյանը, խղճի խայթ զգալով, Շարմազանովի հետ գնացել է խաշ ուտելու, հետն էլ դարդից մի երկու թաս արաղ խմելու:

 

Վարդան Հակոբյան