28.02.2019 16:51

Լիզա Ճաղարյան. Ռոբասերժական թերմացքի պիղծ արձագանքները զարմանալի չեն

Լիզա Ճաղարյան. Ռոբասերժական թերմացքի պիղծ արձագանքները զարմանալի չեն

2008 թվականի մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, այդ օրվա երթին մասնակցելու կոչով նոր իշխանությունների ուղերձին ռոբասերժական թերմացքի հիստերիկ արձագանքները զարմանալի չեն, անսպասելի չեն։ Ավելին՝ բնական ու օրինաչափ են։

Մարտի 1-ի դահիճները սրանց նախկին տերերն են, եւ այս «նվիրյալներն» այսօր էլ ծառայում են գահազրկված հանցագործներին երկու պատճառով. սրանցից մի հատվածի գլխին նույնպես կախված է մեծ կամ ավելի մեծ հանցանքների համար դատարանի առջեւ կանգնելու վտանգը, մյուս հատվածն էլ, դե՛, «տուն է պահում», եւ գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո երկու տասնյակ տարի քոչվոր ցեղի պես Հայաստանը թալանողները ստիպված են լեփ-լեցուն քսակները բացել հացկատակների առջեւ՝ «հանուն հայրենիքի» սեփական կաշին փրկելու նպատակով։

Զոհերի թիվը համեմատելի չէ, բայց պատկերացնու՞մ եք՝ Հայաստանի որեւէ քաղաքացի հանկարծ դատապարտի որեւէ իշխանության՝ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթ կազմակերպելու համար։ Կամ, օրինակ, 1941-1945 թվականների պատերազմի տարիներին զոհվածների հուշարձանին երթով այցելելու համար։ Կամ՝ Արցախյան պատերազմի տարիների զոհերի... Կամ՝ ապրիլյան պատերազմի մեր պատանի մատաղացու գառների...

Եթե նման բան պատահի, պարզ է, չէ՞, որ այդ մեկը կամ անարգանքի սյանը կգամվի, կամ՝ հոգեկան հիվանդ կհայտարարվի։

Ուրեմն, ինչու՞ են Մարտի 1-ի զոհերի հիշատակի երթի կապակցությամբ իրենց այսքան լկտի ու սանձարձակ պահում ՀՀԿ-ական ավազակախմբի վարձկանները։

Որովհետեւ Ցեղասպանության եւ թվարկված պատերազմների սանձազերծողները հեռու են, գետի մյուս ափին են կամ յոթ սարուձորից էլ այն կողմ են։ Կամ՝ վաղուց արդեն հող են դարձել։

Որովհետեւ այժմյան թշնամին ընդունակ է ամենաեղկելի նենգությունների, այժմյան թշնամին իրենց քթի տակ է, իրենց լափն ապահովողն է, եւ որովհետեւ իրե՛նք էլ մեղսակից են Մարտի 1-ի ոճրագործության։ Մեկը՝ անմիջական մասնակից է, մյուսը՝ ոճրագործությունը թաքցնողներից է, երրորդը՝ ոճրագործության իրական պատկերը կեղծողներից է, եւ եթե սրանք իրենց «ճիշտ» չպահեն, դատարանի առջեւ առաջիկայում կանգնողները սրանց էլ կքաշեն ու կտանեն իրենց հետեւից։

Այս օրերին Մարտի 1-ի զոհերի հիշատակին երթ կազմակերպելու համար իշխանությունների դեմ վայրահաչողները հենց նրանք են, ովքեր օրական մի քանի անգամ Ստամբուլն արյան ծով են դարձնում իրենց բազկաթոռներին փռված, մի քանի տասնյակ բաժակ «չայ» են խմում Բաքվի չայխանաներում, միաժամանակ պատրաստ են հինգ հազար դրամով կամ հինգ հազար դոլարով Հայաստանի ապագան դնել իրենց պախանների կճղակների տակ։

Եվ սրանց վայրահաչին ականջ կախողները կամ մտածելու ունակությունից են զուրկ, կամ՝ սրանց նման պիղծ սրիկաներ են։

Խաղաղություն Մարտի 1-ի անմեղ զոհերի հոգիներին։