01.03.2019 12:00

Անդրանիկ Թևանյանի անսպասելի պայծառատեսությունը

Անդրանիկ Թևանյանի անսպասելի պայծառատեսությունը

Հանրահայտ տնտեսագետ, վերլուծաբան և քաղտեխնոլոգ Անդրանիկ Թևանյանը հանդես է եկել «Ազատվել «Մարտի 1»-երի գերությունից» մանիպուլյատիվ վերնագիրը կրող հոդվածով (7or.am, 27.02.2019): Հոդվածի բուն ասելիքն ամփոփված է հետևյալ քաղվածքում.

«Հանրության մեջ կա տեսակետ, որ 2008-ի մարտի 1-ը պետք է տարանջատել ընտրական մյուս լարված շրջաններից, քանզի եղել է 10 զոհ:

Զոհերի հարցը, ի դեպ, դարձել է շահարկման առարկա, բայց ուզում եմ բոլորին զգուշացնել, որ դա կարող է բումերանգի էֆեկտով հարվածել շահարկողներին, քանզի շահարկումների ֆոնին կյանքի իրավունք է ստանում նաև «Եթե ընտրությունները կեղծվել են 1995-ից սկսած, ապա ինչո՞ւ միայն 2008-ին զոհեր եղան» հարցադրումը: Դրանից հետո կառաջանա մյուս հարցադրումը, ըստ որի՝ միգուցե պատճառն այն էր, որ 2008-ին փողոցը ցնցումների տանողը միտումնավո՞ր էր անցնում սահմանագիծը, քանզի լինելով նախկին իշխանություն՝ շատ լավ հասկանում էր, որ առանց ֆորսմաժորային զարգացումների՝ հնարավոր չէ արդյունքի հասնել:

Եթե զոհեր չեն եղել մյուս ընտրությունների ժամանակ, ապա դա չի նշանակում, որ դրանք չէին կարող լինել: Դա, ի վերջո, կախված էր ոչ միայն օրվա իշխանության, այլ նաև օրվա ընդդիմության վարքագծից:

Օրվա իշխանություններին երբևէ ձեռնտու չեն զոհերը: Նրանք ուզում են պահել իշխանությունը, բայց ոչ զոհերի գնով: Նախագահական ընտրություններից հետո հանրային ընդվզումներ եղել են 4 անգամ՝ 1996-ին, 2003-ին, 2008-ին և 2013-ին: Հանրային ընդվզում եղավ նաև 2018–ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հետ կապված։ Իշխանություններին, բոլոր դեպքերում էլ, զոհեր պետք չէին, բայց միայն 2008-ին զոհեր եղան:

Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը (2018–ին) իշխանության հարցն արյան գնով չէին ուզում լուծել։ Իսկ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ մթնոլորտն այնպես էր միտումնավոր շիկացվել ու այնպիսի բաժանարար գծեր էին անցկացվել հանրության տարբեր հատվածների միջև, որ բախումն ու արյունն անխուսափելի էր դարձել»։

Ընթերցողի ուշադրությունն ուզում ենք հրավիրել հատկապես սույն քաղվածքի վերջին պարբերության վրա, որի ակնարկն այն է, որ 1996 թվականին Վազգեն Մանուկյանը, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանը, 2013-ին` Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության հարցը չէին ուզում արյան գնով լուծել, իսկ 2008-ին` Տեր-Պետրոսյանը հենց այդ ճանապարհն էր ընտրել: Բան չունենք ասելու: Ցանկացած վերլուծաբան իրավունք ունի այսպիսի վարկած առաջ քաշել: Տարօրինակն այն է, սակայն, որ ժամանակին նույն հեղինակը` հարգարժան Անդրանիկ Թևանյանը հանդես է եկել ամբողջովին հակառակ տեսակետով: Խոսքը վերաբերում է 2016թ. մարտի 18-ին հրատարակած նրա հոդվածին, որը, թեև վերջերս վերատպվել է մեր կայքում (11.02.2019), բայց այս առիթով կրկին անհրաժեշտ ենք համարում ներկայացնել ընթերցողին:

«ՀՀ առաջին նախագահին ձեռնտու չէր մարտի 1-ը: Նրա մարտավարությունը հստակ էր՝ Ազատության հրապարակում պահել հոծ զանգվածներին այնքան ժամանակ, մինչև որ իշխանական բուրգը լուրջ ճաքեր կտա և, ի վերջո, կփլուզվի: Նման երևույթներ կամաց-կամաց տեղի էին ունենում, և իշխանությունների համար գնալով դժվարանում էր բուրգի փլուզումը կանխելը:

Շուրջօրյա հանրահավաքները, պարբերաբար տեղի ունեցող երթերն ու այլ ակցիաները նպատակ ունեին փողոցային «ռասկաչկան»հասցնել գագաթնակետին մինչև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկումը:

Հայտնի է, որ ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը սուպերկոնյունկտուրային պաշտոնյա է, և եթե փողոցում հարյուր հազար մարդ լիներ, ապա նա կդառնար անկանխատեսելի ու անկառավարելի իշխանությունների համար: 2003-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացները ցույց տվեցին, որ Հարությունյանը մի թեթև փողոցային ճնշումից անգամ կարող է տեղի տալ և խուճուճ որոշում կայացնել, էլ ուր մնաց՝ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված հսկայական զանգվածի ճնշմանը դիմանար: Մանավանդ որ Հարությունյանը որևէ խնդիր չէր ունենալու Տեր-Պետրոսյանի հաղթանակի արդյունքում և կարող էր հանգիստ հանձնել գործող իշխանություններին:

Եթե ՍԴ-ն ընտրության առաջին փուլի արդյունքները չեղյալ հայտարարեր ու նշանակեր երկրորդ փուլ, ապա պետական ապարատը կփլուզվեր, կսկսվեր «առնետավազք», և Սերժ Սարգսյանը չէր կարողանա նախագահ դառնալ: Իշխանությունները շատ լավ հաշվեցին այս ամենը և փորձեցին կանխել ՍԴ-ում տեղի ունենալիքը՝ որոշում կայացնելով ցրել Ազատության հրապարակում հավաքվածներին մինչև ՍԴ նիստը (նիստն, ի վերջո, տեղի ունեցավ արտակարգ դրության պայմաններում):

Հարկ է նկատել, որ հանրահավաք ցրելը չստացվեց այնպես, ինչպես պլանավորվել էր: Եղավ դիմադրություն, և հնարավոր չեղավ մեկ գրոհով հարցը փակել: Մարդիկ ցրվեցին Ազատության հրապարակից, բայց հետո հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Ուժի կիրառումը հակառակ էֆեկտն ունեցավ, և դիմադրությունը դարձավ զանգվածային:

Թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն: Արդյունքն այն էր, որ կանխվեց առաջին նախագահի պլանը, և նա չվերադարձավ Բաղրամյան 26: Եվ այսպես, Տեր-Պետրոսյանին բախումը ձեռնտու չէր, քանզի նա նախ դրա ռեսուրսը չուներ, և բացի այդ, ինչպես վերևում նշեցինք, լրիվ այլ մարտավարություն էր ընտրել, ինչը ուժի չկիրառման դեպքում գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք էր ապահովելու իր համար»:

Այսպիսով, Թևանյանն իր նոր հոդվածում բառացի փոխառել է Սամվել Նիկոյանի գլխավորած տխրահռչակ հանձնաժողովի եզրակացությունը, որի համաձայն, մարտի 1-ի արյունահեղությունը տեղի է ունեցել Առաջին նախագահի ստեղծած անհանդուրժողականության մթնոլորտի պատճառով: Փառք Աստծու, որ Թևանյանը չի տրվել նաև Աղվան Հովսեփյանի հանճարեղ գաղափարը կիսելու գայթակղությանը. գաղափար, որի իմաստն այն էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նեյրոլինգվիստիկայի գործիքներով հոգեխանգարմունքի է ենթարկել ժողովրդին: Մինչև հիմա Թևանյանի կողմից ընդունված և հաճախակի հղված հեղինակություններն էին Ադամ Սմիթը, Ֆրեյդը, Ստիգլիցը, Կրուգմանը, Աճեմօղլուն և ուրիշներ: Իսկ եթե հիմա այդ հեղինակությունը Նիկոյանն է, ասելու բան չունենք:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Թևանյանն ինքը պետք է ասի` 2016-ի՞ն էր նա անկեղծ, թե՞ հիմա: Տրամաբանության կանոններով կամ մաթեմատիկական մեթոդներով` եթե «մի միտքը հակասում է մյուսին, երկուսն էլ ճիշտ են» պարադոքսն անլուծելի է: Կամ մեկը պետք է ճիշտ լինի, կամ մյուսը: Ընտրությունը թողնում ենք Անդրանիկ Թևանյանին: Պատկերացնելի է, իհարկե, թե նա իր պատվի հետ խաղալու ինչպիսի ծանրակշիռ դրդապատճառ պետք է ունենար` նման տհաճ ընտրության առջև հայտնվելու համար: Իսկ այս ամենի մասին դատելը մնում է հանրությանը:

 

iLur.am