01.03.2019 13:27

Խմբագրական. Եվ տուր մեզ գարունը մեր

Խմբագրական. Եվ տուր մեզ գարունը մեր

2008 թվականի մարտի 1-ին, Երեւանի կենտրոնում գնդակահարվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ:

2008 թվականի մարտի 1-ին, իշխանությունները կրակեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող եւ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների վրա:

Այդ առիթով վերահրապարակում ենք 2014 թվականին մեր կայքում հրապարակված «Եւ տուր մեզ գարունը մեր» խմբագրականը:

 

***

Վեց տարի է անցել, բայց կարծես` չէ, չի էլ անցել, հենց երեկ էր, Երեւանի սրտում զինված հայը կրակեց անզեն հային, Կայենը սպանեց Աբելին, մայրաքաղաքի սիրտն սկսեց արնահոսել, ու վերքը չամոքվեց մինչեւ այսօր: Ծով բազմությունը, որ հորդացել էր փողոց` արդարության պահանջ ուներ, բայց կռիվ տալու համար չէր դուրս եկել ու կռիվ չէր տալիս, խաղաղ ու հանգիստ էր: Բայց դեպի երկինք պարզված հազարավոր բռունցքներից սարսափել էին ու մարդկանց ոչինչ չունեին ասելու. եւ քանի որ ասելիք չկար` կրակ բացեցին: Ու ի՞նչ կարեւոր է, թե քանի քաղաքացու կյանք խլեցին. երբ ընկավ առաջին զոհը, այդ պահից սկսած իշխանությունները վերջնականապես հատեցին ռուբիկոնը` կրակի մատնելով ինքնամաքրման ու զղջման բոլոր ուղիները: Դա հետո` երբ մի փոքր արդեն կրքերը տեղի կտային, ու արդեն ունակ կլինեինք քիչ թե շատ սառը դատելու, պիտի տեսնեինք ամենաստոր անարդարությունը, որ կարող էին անել: Ոչ ոք չդատվեց եւ ո՛չ մի սպանության համար: Ոչ ոք: Իսկ այն ժամանակ Երեւանի սիրտը շոկից կանգ առավ, որովհետեւ սարսափելի մի բան էր տեղի ունեցել իր իսկ համար. մի հայը մյուս հային թշնամի էր հռչակել ու կրակել: Թե պատերազմ տեսած լինեք, կիմանաք, որ երբ լսում ես առաջին կրակոցը, հասկանում ես, որ դրանից հետո` ամեն բան պետք է սպասել: Որովհետեւ պատերազմ է, իսկ սահմանի  մյուս կողմում թշնամին է:

Ու թշնամուց կարելի է սպասել ամեն ինչ: Ու այդ ժամանակ դադարում ես զարմանալ, որ ռազմական ինքնաթիռը կարող է ռմբակոծել խաղաղ բնակչությամբ քաղաքը: Զարմանքը սկսվում է հետո` երբ մայրաքաղաքիդ կենտրոնում պակաս ապահով ես զգում, պակաս ավելի՛, քան` թշնամուդ կողմից ռմբակոծվող քաղաքում: Աննկարագրելի մի բան է տեղի ունենում. մի փոքրիկ պտուտակ ներսումդ ուղղակի այլեւս դադարում է աշխատել, իսկ հետո, երբ փորձում ես ուշքի գալ, հասկանում ես, որ ինչ-որ մի բան` ներսում, արդեն քարացել ու սառել է:

Հայաստանը մարդն է, Հայաստանը ՀՀ քաղաքացիներն են հենց, որ կան: Հայաստանը հողը չէ, ճանապարհը չէ, ու ոչ էլ անգամ սահմանն է, որ պատմության քառուղիներում մշտապես փոխվել ու վերափոխվել է` մկրատի մի հարվածով ձեւվել է հազար ու մի կերպ, ծվեն-ծվեն եղել, մաշվել ու բարակել: Հայաստանը Հայաստանի քաղաքացին է նախ, եւ վեց տարի առաջ, կամ` միգուցե երեկ, առնվազն տասը Հայաստան սպանեցին:  

Վեց տարի է անցել, բայց կարծես չի էլ անցել. հենց երեկ էր, Կայենը սպանեց Աբելին ու հայտարարեց` «Երկիրը արդեն երկիր ա»: Ու գարունը պատանդ դարձավ, փոքր Մհերի նման փակվեց քարանձավում: Ու դուրս չի գալիս` արդեն վեցերորդ տարին: Խռովել է: Արդարություն է պահանջում: Մեր գարունը: Չկա՛:  Ու մենք դեռ շատ անելիք ունենք: Գործ շատ կա անելու: Մենք դեռ բոլոր պատասխանատուներին պիտի արդարադատության առաջ կանգնեցնենք: Բոլոր հարցերի պատասխանները պիտի ստանանք ու տանք: Մեր վեցամյա այս վերքը պիտի ամոքենք վերջապես: Սկսածը կիսատ թողնելու իրավունք չունենք: Մենք մեզ չենք ների, տղաները մեզ չեն ների, ու գարունն էլ չի ների մեզ: Ու այսօր, որ նորից գարնան առաջին օրն է, պիտի նորից փորձենք վերադարձնել մեր կորսված գարունը, խռոված գարունը. Մհերի նման տարվա մեջ մեկ օրով չէ, որ պիտի դուրս բերենք նրան քարանձավից: Երբ նորից վերականգնվի արդարությունը, գարունը Մհերի պես դուրս կգա: Ու մենք այսօր այդ արդարությունը հաստատելու հնարավորություն ունենք: Տղաների շիրիմներին հանգստություն տալու հնարավորություն ունենք: Կիսատ գործն ավարտին հասցնելու հնարավորություն ունենք: Մեր երազած երկիրը կառուցելու հնարավորություն ունենք: Ինքներս մեզանից խռոված մնալու, մենք մեզանից օտարվելու իրավունք չունենք: Մենք մեր կորսված ապրումների հետ նույնականացվելու հնարավորություն ունենք:

Այսօր: Ազատության հրապարակում...

Քրիստինե Խանումյան