04.03.2019 15:37

Լիզա Ճաղարյան. Ճղճիմ չարչիները կրկին աղմկում են

Լիզա Ճաղարյան. Ճղճիմ չարչիները կրկին աղմկում են

Ռոբասերժերի աղաղակները, թե ինչ «լավություններ» են արել Ռուբեն Հախվերդյանին, հուշեց, որ պատմեմ իմ սիրելի դասախոս Լեւոն Ներսիսյանի մասին։

Ով բախտ է ունեցել նրան ճանաչելու կամ նրա ուսանողը լինելու, կարիք չունի իմ հիշեցման, թե ինչ պատկառազդու եւ մեծ անհատ էր Լեւոն Հրաչյայի Ներսիսյանը։ Չճանաչողներին ի՞նչ ասեմ։ Ցավում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը երբեք չի հատվել ու այլեւս չի հատվելու ինտելեկտի անսպառ պաշարով բեռնված այդ ԱԶՆՎԱԿԱՆԻ հետ։

Եվ ահա մի օր ինչ-որ մեկը փսփսում է Քոչարյան Ռոբերտի ականջին, որ մի մարդ կա Լեւոն Ներսիսյան անուն-ազգանվամբ, եւ նախկին իշխանությունները հոգատար են եղել նրա նկատմամբ։

Դե, հո Քոչարյանի ձեռը քարի տակ չէր, գումարած՝ նրան չլքող միջակության բարդույթը, նախկինների հետ մրցելու ու ոտ մեկնելու խղճուկ փորձերը։

Եվ ահա մի օր կարդում ենք մամուլում, որ զանազան «մտավորական» եւ «մշակույթի գործիչ» կոչեցյալների հաջողությամբ առնող ու ծախող «միակ տղամարդը» որոշել է թոշակ՝ ինչ-որ չնչին գումար, նշանակել Լեւոն Ներսիսյանին։

Արդեն շատ վատառողջ եւ անօգնական Լեւոն Ներսիսյանի պատասխանը սա էր. «Ես ապրում եմ ողորմությամբ, բայց Աստծո ողորմությամբ»։

Թվում է՝ մեծ մտավորականի մերժումը պետք է ընդամենն անհանգստացներ «մեծահոգի» եւ «առատաձեռն» փադիշահին։ Թվում է՝ պետք է սա փորձեր հասկանալ, թե ինչու նախկինների, հատկապես Վանո Սիրադեղյանի օգնությունը չէր մերժում Լեւոն Ներսիսյանը իսկ ահա «վոյին» Քոչարյան Ռոբերտինը մերժում է։

Ընդամենը թվում է։ Լեւոն Ներսիսյանի արժանապատիվ պատասխանից հետո քոչարյանական հայլուրականները, որ այդ մեծ Անհատի կոշիկի փոշին չարժեին, եթերից սկսեցին լկտիաբար ծաղրել նրան։ Մի մարդու, որի նույնիսկ ստվերի առջեւ ակնածանքից արձանանում էինք նրան ճանաչելու բախտ ունեցողներս։

Եղկելի, մանրախնդիր հաշվեհարդարից չխորշեցին անգամ նրա մահից հետո։ Լեւոն Ներսիսյանի երկրային կյանքի հրաժեշտի արարողության մասին «Հայլուր»-ի ռեպորտաժում՝ նրա մտերիմ ընկեր ու բարեկամ Էդմոն Ավետյանի անկեղծ ու անմիջական խոսքից առանձնացրին ու ներկայացրին խոսքի այն հատվածը, որը ենթատեքստից կտրված՝ հնչում էր բացասական երանգով։

Զարհուրելի բան եմ ասում, չէ՞։ Գիտեմ։ բայց հուսով եմ, միայն ես չեմ հիշում Քոչարյանի անձնական օգտագործման հայլուրականների այդ զազրելի արարքը։ Հուսով եմ, որովհետեւ նման անբարոյությունը մոռանալ հնարավոր չէ։

Եվ այսպես, կատարվել էր անսպասելին. մեծ մտավորականը մերժել էր Քոչարյանի ողորմությունը։

Իսկ ահա նրանք, ովքեր չեն մերժել, կամ՝ պետք է լռեն, կամ՝ պետք է սեփական խղճին դեմ գնալով (եթե ունեն) այսօր պաշտպանեն իրենց ոսկոր շպրտած գլխավոր ամբաստանյալին, կամ՝ եթե մոռանան ռոբասերժերի արած «լավությունները», գամվեն անարգանքի սյանը, ինչն էլ այսօր արվում է Ռուբեն Հախվերդյանի նկատմամբ՝ նրան հատ-հատ հիշեցնելով ռոբասերժիկի կատարած «ծախսերը»։