04.03.2019 16:16

Ալումյանը տեղյակ չէ՞ մարտի 1-ի գործից

Ալումյանը տեղյակ չէ՞ մարտի 1-ի գործից

Հանրային հեռուստաընկերության եթերում երեկվա հանրային քննարկումը նվիրված էր մարտիմեկյան դեպքերի քննությանը: Հաղորդման ընթացքում մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնում էր ըստ 2008 թվականին կայացված դատավճիռների եւ այդ նույն ժամանակ քոչարյանական ԶԼՄ-ներով ներկայացվող մեկնաբանությունների:

Մասնավորապես, շատ ուշագրավ էր Ալումյանի մեկնաբանությունը մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ, որտեղ նա փորձում էր առաջ մղել դեպքերի՝ քոչարյանական այն վարկածը, թե իբր ոստիկանները առավոտյան գնացել էին զննության, քանի որ, նրա խոսքով, տեղեկություններ էին ստացվում այն մասին, թե ցուցարարները զենք են կուտակել, սակայն ցուցարարները, իբր, դիմադրություն են ցույց տվել, տեղի է ունեցել բախում, իսկ վերոնշյալ զենքն էլ, իբր, հայտնաբերվել է արդեն ցուցարարներից հրապարակը «մաքրելուց հետո»:

Ավելին, փաստաբանը նշում է նաև, թե «զննությունից» ժամեր առաջ ոստիկանական համակարգի մի գնդապետ զանգել և ցուցարարներին տեղյակ է պահել ոստիկանների սպասվող գործողությունների մասին: Հետո, Ալումյանն ասում է, թե ինքը իրավաբան է, և պետք է զգույշ լինել, և որ պետք է խոսել դատավճիռների հիման վրա։ Բայց Հայկ Ալումյանը, որպես հիմք կամ ապացույց՝ բերում է միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի  դատարանների դատավճիռները, ապա թեթևակի անցում է կատարում նաև ՄԻԵԴ վճիռներին, մասնավորապես՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի վճռին, և հայտարարում, թե ՄԻԵԴ-ն այդ վճռով համարել է, որ «ուժի կիրառումը ոչ թե օրենքով նախատեսված չի եղել, կամ իրավաչափ չի եղել, այլ եղել է անհամաչափ՝ կոնկրտ Սաղաթելյանի նկատմամբ»:

Դրանից, ըստ Ալումյանի, այլ հետևություններ չպետք է անել, քանի որ եղել են մարդիկ, ովքեր դատապարտվել են սառը զենք պահելու համար:

Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է նշված Ալումյանի մատնանշած գործով ՄԻԵԴ վճռում՝ մասնավորապես, Ազատության հրապարակում զենք որոնելու վերաբերյալ:

«229. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործը նախեւառաջ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական գործողություններին հանգեցնող դեպքերին, քանի որ դիմումատուն դրանից կարճ ժամանակ անց ձերբակալվել է եւ չի մասնակցել Երեւանում նույն օրն ավելի ուշ ծավալվող իրադարձություններին, այդ թվում՝ հետագայում անցկացված հանրահավաքներին եւ ոստիկանության ու ցուցարարների միջեւ ենթադրյալ բախումներին։ Ավելին, թեեւ տեխնիկապես ոստիկանական տվյալ գործողությունների արդյունքում քանդվել է ճամբարը, այդ ճամբարը 2008 թվականի փետրվարի 20-ից ի վեր Ազատության հրապարակում անցկացվող առավել մեծ հավաքի մի մասն է եղել, որը գրավել է հազարավոր մարդկանց, եւ որը սույն գործի հիմքում է ընկած։ Կառավարությունը պնդել է, որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել՝ պնդելով, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել առ այն, որ 2008 թվականի մարտի 1-ին զենքեր եւ ռազմամթերք պետք է մատակարարվեր ցուցարարներին՝ զանգվածային անկարգություն հրահրելու համար, եւ որ ցուցարարներն առաջինն են հարձակվել ոստիկանության վրա Ազատության հրապարակում։

230. Դատարանը կրկին նշում է, որ ցույցի կազմակերպիչների բռնի մտադրությունների ապացուցման բեռն ընկած է իշխանությունների վրա (տե՛ս Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի (թիվ 2) [Christian Democratic People’s Party v. Moldova (no. 2)], թիվ 25196/04, § 23, 2010 թվականի փետրվարի 2)։ Այն ի սկզբանե նշում է, որ ապացույցներ չկան այն մասին, որ ընդդիմության շատ կողմնակիցների կարծիքով կեղծված նախագահական ընտրությունների անցկացման դեմ Ազատության հրապարակում 2008 թվականի փետրվարի 20-ից իրականացված ցույցերում առկա է եղել որեւէ բռնություն հրահրելու կամ բռնության գործողություններ՝ մինչեւ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանական գործողությունները։ Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ ցուցարարները ծրագրել են զինվել զանգվածային անկարգություն հրահրելու համար, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել տվյալ ապացույցները կամ նույնիսկ որեւէ համապատասխան մանրամասներ կամ բացատրություններ չի տրամադրել։ Դիմումատուի քրեական գործը քննող դատարանները նույնպես մանրակրկիտ քննություն չեն անցկացրել տվյալ ապացույցների մասով եւ ուղղակի հիմնվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի՝ 2008 թվականի մարտի 27-ի գրության վրա, որն իր հերթին, ընդհանուր առմամբ, հղում է կատարել «ստացված հետախուզական տեղեկություններին»: Ենթադրյալ հետախուզական տեղեկությունների բնույթն ու աղբյուրը, այնուամենայնիվ, պարզ չեն եւ, ըստ երեւույթին, երբեք էլ չեն բացահայտվել կամ քննվել վարույթի որեւէ փուլում։ Դատարանն այնուհետեւ նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որեւէ ապացույց այն մասին, որ Ազատության հրապարակում հայտնաբերված զենքերը, այդ թվում՝ ատրճանակները, նռնակներն ու «ծակող» սուր առարկաներն առնչություն են ունեցել ցուցարարներից որեւէ մեկի հետ։ Ոչ էլ որեւէ ապացույց է եղել, որը կհիմնավորեր, որ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ժամանակ ցուցարարների կողմից օգտագործվել են հրազեններ, պայթուցիկ նյութեր կամ սառը զենք, ինչը զարմանալի է՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել եւ մտադրություն են ունեցել զինված ապստամբություն սկսելու»:

Հաջորդիվ կարդում ենք, որ «244. Դատարանը նշում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո մեծ բազմությունը, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներն ու կողմնակիցները, 2008 թվականի փետրվարի 20-ից ամեն օր հավաքվել են Ազատության հրապարակում՝ մասնակցելու հանրային լուրջ մտահոգություն առաջացնող հարցերի, մասնավորապես՝ այն նախագահական ընտրությունների անցկացման եւ արդյունքների վերաբերյալ քաղաքական բանավեճերի, որոնք շատերի կարծիքով կեղծված են եղել։ …

245. Դատարանն արդեն վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, եւ ոչինչ չի վկայում այն մասին, որ այդպես չէր շարունակվելու։ Իսկապես, պարզ է դառնում, որ իշխանությունները թույլ են տվել հավաք կազմակերպել, այդ թվում՝ ցուցարարներին թույլ են տվել ճամբար կառուցել ու շարունակել այդ կերպ եւ ինն օր շարունակ այն քանդելու փորձեր չեն կատարել, մինչեւ հավաքը չի դադարեցվել 2008 թվականի վաղ առավոտյան ոստիկանական գործողությունների արդյունքում։ Ինչպես արդեն վերեւում նշվել է, հանգամանքները, որոնցում ոստիկանական տվյալ գործողությունները կատարվել են, այդ թվում՝ դրանց նպատակը եւ իրականացումը, վիճարկվել են կողմերի կողմից։ Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է իր այն եզրահանգմամբ, որ Կառավարությունը չի ներկայացրել իրադարձությունների վերաբերյալ իրենց այն տարբերակը հիմնավորող ապացույցներ, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարներին ռազմամթերք է մատակարարվել։ Ավելին, Կառավարությունը տվյալ [ոստիկանական] գործողության պլանավորման, կազմակերպման եւ հրամանի վերաբերյալ որեւէ ապացույց կամ մանրամասներ չի տրամադրել, այդ թվում՝ թե ով է կարգադրել կամ վերահսկել այն, ներգրավված ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները եւ ձեռնարկված հատուկ միջոցառումները։ Միեւնույն ժամանակ, պարզ է դառնում, որ սա լայնածավալ գործողություն է եղել, որում ներգրավված են եղել մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ եւ ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում՝ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այդպիսի ծավալի գործողություններ պլանավորելու եւ կազմակերպելու համար անկասկած որոշակի ժամանակ է պահանջվել, եւ պարզ չէ, թե ինչպես է սա կատարվել 24 ժամից պակաս ժամանակահատվածում, եթե ենթադրվում է, որ հետախուզական տեղեկությունները ոստիկանության կողմից ստացվել են գործողության նախորդ օրը, մասնավորապես՝ 2008 թվականի փետրվարի 29-ին։ Վերջապես, ինչպես արդեն վերեւում նշվել է, թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշումից եւ մի քանի այլ փաստաթղթերից, այդ թվում՝ ոստիկանական գործողություններին ենթադրաբար մասնակցած՝ ոստիկանության ծառայողների ցուցմունքներից պարզ է դառնում, որ գործողությունների միակ նպատակն է եղել ցրել Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, եւ որ այդ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են կատարվել (տե՛ս 15-ը, 28-ը, 29-ը, 30-ը եւ 39-ը)։ Իրադարձությունների վերաբերյալ այս տարբերակը սկզբում մասամբ, իսկ հետագայում ամբողջովին քննությամբ հերքվել է, եւ զենքերի ստուգումը ներկայացվել է որպես ոստիկանական գործողությունների միակ նպատակ (տե՛ս վերեւում՝ 2008 թվականի մարտի 3-ի եւ օգոստոսի 5-ի՝ դիմումատուին առաջադրված մեղադրանքների մասին որոշումները՝ 41-րդ եւ 68-րդ պարբերություններում)։ Ոչ իշխանությունների եւ ոչ էլ Կառավարության կողմից այդպիսի ակնհայտ հակասությունների մասով որեւէ բացատրություն չի տրամադրվել։ Դատարանը, այնուամենայնիվ, դժվարանում է հավատալ, որ սա կարող է ուղղակի բացթողում լինել, եւ իրականում տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանական գործողությունների՝ եթե ոչ միակ, ապա հիմնական նպատակը քողարկելու կամ առնվազն չբացահայտելու միտումնավոր փորձ է կատարվել։ Այսպիսով, Դատարանը չի գտնում, որ ոստիկանության՝ 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների նպատակի վերաբերյալ պաշտոնական բացատրությունը բավականաչափ արժանահավատ է, եւ հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը՝ պատճառ չունի կասկածելու, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակն Ազատության հրապարակում առկա ճամբարը եւ ներկա գտնվողներին ցրելն ու հետագայում հավաքների անցկացումը կանխելն է եղել։ ․․․

247. Դատարանը նաեւ չի կարող չնկատել հավաքը ցրելու եղանակը։ Այն մատնանշում է մի շարք հավաստի զեկույցների առկայությունը, որոնցից պարզ է դառնում, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ անհիմն եւ չափից ավելի ուժ է օգտագործել (տե՛ս վերեւում՝ 124-րդ, 129-րդ, 132-րդ եւ 134-րդ պարբերությունները)։ Այդ զեկույցներից որոշներում նաեւ առկա է պնդում առ այն, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելու նախնական հրաման չի տրվել (տե՛ս վերեւում՝ 124-րդ եւ 134-րդ պարբերությունները)։ Հատկանշական է, որ ոստիկանության գործողությունները, ըստ երեւույթին, երբեւէ անկախ եւ անաչառ քննության չեն ենթարկվել։ Վերջապես, Դատարանը նշում է ոստիկանական գործողություններին առնչվող բոլոր հակասությունների եւ թափանցիկության բացակայության մասին, այդ թվում՝ այդ գործողությունների նպատակի հաճախակի փոփոխվող տարբերակը»։

Այս շարադրությունից հետո ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ «առանց բավարար հիմնավորման եւ ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաեւ չհիմնավորված եւ չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելը անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները»:

Սա՝ ՄԻԵԴ վճռի մասով: Ալումյանը նաեւ այդպես էլ չկարողացավ հիմնավոր պատասխան տալ այն հարցին, թե եթե ցուցարարներին ժամեր առաջ զգուշացրել են ոստիկանական գործողությունների մասին, ապա եթե ցուցարարներն իրոք զենք ունեցել են, ինչո՞ւ այդ զենքը չեն տեղափոխել այլ վայր կամ չեն պաշտպանվել այդ զենքով: Ալումյանը ասում է՝ «քանի որ ցանկանում էին դիմադրել»:

Ավելին, Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած պարոն Ալումյանը անգամ չկարողացավ հստակ մատնանշել, թե եթե զննություն էր իրոք, ապա ինչու սկզբում մաքրում են հրապարակը վրաններից, ապա նոր միայն՝ հրապարակի մոտ գտնվող ծառերի տակ «հայտնաբերվում» ատրճանակներ, որոնք  իրավապահները բարձրացնում են բաց ձեռքերով՝ թողնելով դրանց վրա իրենց մատնահետքները, այդպիսով վերացնելով դրանց վրա եղած հնարավոր մատնահետքերը, որոնցով կարելի կլիներ գտնել այդ ատրճանակների հնարավոր տերերին:

Պարոն Ալումյանին լսելիս տպավորություն է ստեղծվում, որ նա ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է եղել մարտի 1-ին, ծանոթ չէ դեպքերի իրական ընթացքին, և որ նրա ամբողջ ինֆորմացիան հիմնված է բացառապես Հ1-ի 2008 թվականի փետրվարից մինչեւ ապրիլ թողարկումների վրա:

iLur.am