04.03.2019 21:58

Քոչարյանի մոտ ցուգցվանգ է, ցանկացած քայլ իր դեմ է աշխատում. 1in.am

Քոչարյանի մոտ ցուգցվանգ է, ցանկացած քայլ իր դեմ է աշխատում. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանը։

– Պարոն Հովսեփյան, այս տարի առաջին անգամ Մարտի 1-ի հիշատակի երթը իրականացվեց իշխանության մակարդակով, իսկ 2008-ի իրադարձությունների գլխավոր մեղադրյալների մի մասը կա՛մ կալանքի տակ է, կա՛մ հետախուզվում է։ Ինչպե՞ս կգնահատեք այդ փաստը։

– Անշուշտ, գովելի էր վարչապետի քայլը՝ ստանձնելու Մարտի 1-ի բացահայտման քաղաքական պատասխանատվությունը, և առավել ուշագրավ էր Մարտի 1-ի համար պետության անունից ներողություն հայցելու դրվագը։ Ըստ էության, վարչապետն արեց այն, ինչ պետք է արված լիներ դեռ տասնմեկ տարի առաջ, եթե այնժամ Հայաստանն ունեցած լիներ լեգիտիմ իշխանություն։ Եվ այդ լեգիտիմության բացակայությամբ ու, ըստ էության, իշխանության բռնազավթմամբ էլ բացատրվում էր, որ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը չկարողացան վեր կանգնել նեղ-անձնական բարդույթներից ու այդպես էլ չդարձան բոլորի նախագահը, այդ թվում՝ Մարտի 1-ի զոհերի։ Այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ցույց էր տալիս նախորդ իշխանությունը ողբերգությունից առաջինը տուժած մեր համաքաղաքացիների նկատմամբ, հնարավոր էր ակնկալել միայն թշնամու հանդեպ։ Ի դեպ, այսօր Քոչարյանը մազաչափ իսկ չի շեղվել 10 տարի առաջվա վարքուբարքից՝ մեկ ցավակցական բառ իսկ չարտասանելով Մարտի 1-ի զոհերի հասցեին։ Ի վերջո, եթե անգամ դու մեղավոր չես նրանց մահվան համար, գոնե մարդկային ցա՞վ էլ չես ապրում այդ կորսված ճակատագրերի համար։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն խնդրեց 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: Սա խորհրդանշակա՞ն ժեստ էր, թե՞ այսկերպ վարչապետը փորձում է փակել այդ իրադարձությունների կրկնման հնարավորությունը։

  • – Քաղաքականության մեջ, առավել ևս՝ դեռ ինստիտուցիոնալ զարգացման առաջին քայլերն անող պետությունների ու ազգերի համար, խորհրդանշական ժեստերը չափազանց կարևոր են։ Դրանք նաև ավանդույթներ են ստեղծում, որ պահպանվում ու ամրանում են տասնամյակներով, հարյուրամյակներով։ Այժմ վարչապետը, կարծում եմ, փորձում է առարկայորեն ձևակերպել պետության պոզիտիվ պարտականությունը հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Այլ հարց է, սակայն, թե արդյոք դա ձեռք կբերի՞ ավանդույթի կարգավիճակ ու անշրջելի կլինի՞ հաջորդ իշխանությունների համար։ Ուստի Ձեր նշած իրադարձությունների կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները՝ պետական ինստիտուտների կայացում, Մարտի 1-ի ողբերգության բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկում և իշխանության քաղաքական կամք։

– Ըստ Փաշինյանի՝ այդ իրադարձություններից 11 տարի անց չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Կարելի՞ է արդյոք արձանագրել, որ գործող իշխանությունը սկսել է քաղաքական գնահատական տալ նախորդ իշխանությունների կատարած ապօրինություններին։

– Երբ Հայաստանն անկախանում էր, նոր իշխանություններն այնժամ ձեռնպահ մնացին կոմունիստական ռեժիմին պաշտոնապես քաղաքական գնահատական տալուց։ Դա առաջին իշխանությունների վրիպումներից էր։ Բայց որքան էլ զավեշտալի լինի, Հայաստանում նախորդ իշխանություններին այսքան ժամանակ քաղաքական գնահատական տվել է միայն Քոչարյանը՝ հանձին 1999թ. «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» օրենքի, որտեղ կետ առ կետ նշված են այն ձեռքբերումները, որոնք ունեցել էր Հայաստանը անկախության առաջին տասնամյակում։ Այսօր, անշուշտ, նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական պետք է տրվի, և դա պետք է անի խորհրդարանը՝ հատուկ հայտարարության, ուղերձի կամ իրավական որևէ տարբերակով։ Դրա նպատակը նախ՝ մինչհեղափոխական դրության համալիր արձանագրումն է, ապա՝ անցյալի խոշոր վրիպումների հնարավոր կրկնության չեզոքացումը և, վերջապես, կոնկրետ երևույթների ու անձանց՝ պետկառավարման համակարգից իսպառ բացառումը։

– Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել՝ հաշվի առնելով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների ունեցած մեծ ռեսուրսները։

– Իրենից քաղաքականապես որևէ լրջություն չներկայացնելով՝ նշյալ շրջանակը իրական խնդիրներ չի կարող ստեղծել։ Պարզ է, որ Քոչարյանը չի կարող հաշտվել «երիտասարդ դատապարտյալի» ճակատագրի հետ, բայց նաև ակնհայտ է, որ նա որևէ աշխատող քայլ չունի։ Նրա մոտ, շախմատային լեզվով ասած, ցուգցվանգ է, երբ ցանկացած քայլ իր դեմ է աշխատում։ Հետևաբար մնում է առավելագույնը տեղեկատվական պրիմիտիվ հնարքներով պահպանել լարվածությունը երկրի ներսում և, իհարկե, բացասական մթնոլորտ ձևավորել՝ որևէ ֆորս-մաժորի, «օտար բանակի» աջակցության հույսով։ Այստեղ ավելի կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը չտրվի այդ սադրանքներին ու արհամարհի այդ պարզագույն հակաքարոզչությունը՝ փոխարենը կենտրոնանալով պետության համար կենսական ռեֆորմների իրագործման վրա։