05.03.2019 10:04

Հերթական խեղաթյուրման հետքերով

Հերթական խեղաթյուրման հետքերով

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ՀՀՇ-ական լինելու մեջ՝ նշելով հետևյալը․ ««Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ»։ (168.am, 04.03.2019)։

Հասարակությանը հերթական քոչարյանական շփոթից հեռու պահելու համար անհրաժեշտ է պարզաբանել, որ․

1. Նիկոլ Փաշինյանը երբեք ՀՀՇ անդամ չի եղել, ավելին 90-ականներին եղել է ՀՀՇ ամենաթունդ հակառակորդներից մեկը։

2. ՀՀՇ-ական եղել է Ռոբերտ Քոչարյանը, այն էլ` ոչ շարքային: ՀՀՇ առաջին համագումարում նա ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ (ավելի մանրամասն՝ Իլուրի հոդվածում, 22.04.2015):

Այսինքն մի մարմնի, որի նախագահը ոչ այլ ոք էր, քան Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ՀՀՇ առաջին համագումարում վարչության անդամի թեկնածու է եղել նաև Սերժ Սարգսյանը, որը չհավաքելով բավարար ձայներ, դուրս է մնացել վարչության կազմից: Ավելորդ չէ հիշեցնել, որ, եթե հիմա Քոչարյանը անխնա քննադատում է ՀՀՇ-ական իշխանության ժամանակաշրջանը (1990-1998թթ), ապա նույն այդ ժամանակաշրջանում մի քանի անկեղծ թե քծնողական ներբողներ է ձոնել Լևոն Տեր-Պետրոսյանին, որոնք բազմիցս հրապարակվել են մամուլում: Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ սեփական անցյալի խեղաթյուրումն ու աղավաղումը դարձել է Քոչարյանի ու մերձքոչարյանական շրջանակների վարքագծի անբաժան մասը։ Հերթական այս փորձն էլ, կարծում ենք ևս մեկ ցուցիչ է, ինչպես Քոչարյանի բարոյական կերպարի, այնպես էլ նրանց, ովքեր սեփական արժանապատվության հաշվին մտել են նույն անպատվաբեր գործի մեջ:

iLur.am