05.03.2019 13:02

Արսեն Գրիգորյան. Ճահճում մնացածները

Արսեն Գրիգորյան. Ճահճում մնացածները

Մարդկային մի արատ կա՝ իր միջավայրից դուրս ընկած պատվախնդրությունը: 20 տարի իշխանության մեջ գտնվող հանրապետականը եւ Ռոբերտ Քոչարյանն էդ վիճակում են: Բացարձակապես չեն կողմնորոշվում, թե ինչ ասեն իրենց մասին, որ անմիջապես էլ հիմարություն չստացվի:

Խնդիրն այն է, որ ժամանակին էդ նույն բաները հիմարություն չեն համարվել, մարդիկ ասել են մտքներով անցածը, ու քիչ չեն եղել ծափահարողները: Որովհետեւ ծափահարելը փող էր: Հիմա դա չի աշխատում: Ծափահարողները խուճապահար անհետացել են: Իրենք իրենցով հիանալուն են մնացել: Ընդդիմություն լինել չեն կարողանում: Իրենց թվում է, թե եթե Նիկոլ Փաշինյանին անվանում են վարչապետ, լեգիտիմացնում են հակառակ ճամբարում լինելու բարոյականությունը: Բայց անհեթեթություն անհեթեթության հետեւից են դուրս տալիս, որովհետեւ «ժամանակի շառավղից դուրս են»:

Ասենք՝ Արմեն Աշոտյանն առաջարկում է փետրվարի երեքը հայտարարել Արցախի փրկության օր: Ինչու՞ է ինքն իր առաջարկը պայմանավորում այն տեղեկությամբ, որ իշխանությունն առաջարկում է ապրիլի 23-ը դարձնել Քաղաքացու օր:

Ենթադրենք՝ իշխանությունը չի պնդում իր առաջարկը: Ապրիլի 23-ին քաղաքացին «վերադարձել» է Հայաստանի Հանրապետություն, իսկ ո՞վ ասաց, որ 1998-ի փետրվարի 3-ից Արցախ է փրկվել: Դա ախր մի այլ որակի անգրագիտություն է: Դա նույնն  է, որ դուք փետրվարի 3-ը հռչակեք Ճահճի օր, որովհետեւ ձեր իշխանության 20 տարիների ընթացքում Արցախը բանակցային գործընթացից դուրս մղելուց բացի՝ ուրիշ ոչինչ տեղի չի ունեցել, եթե չասենք, որ դրությունը միայն վատացել է:

 Այդպես է նաեւ ճահճի դեպքում: Երբ նրանում բացակայում է թթվածինը, կենդանի օրգանիզմները մեռնում են, իսկ ջուրը ճահճանում է: Ճահիճը բնության մասնի՞կ է՝ այո, բայց ճահիճ է: Արտաքնապես էլ նույնպիսի ջուր է, ինչպես առվակի ջուրը: Ձեր իշխանության տարիներին Արցախը միայն արտաքնապես էր ազատ ու անկախ: Բայց ներսում եռում էր այդպիսին չլինելու վտանգը: Որովհետեւ բռնեցիք ու հեռացրիք բանակցային գործընթացից: Իսկ հիմա կրկին հնարավորություն ունի բանակցային սեղան վերադառնալու: Այսինքն՝ 20 տարի կանգնեցրել եք փրկությունը:

Եվ երբ աջ ու ձախ մարգինալների մի խումբ թմբկահարում է հողեր հանձնելը, նմանվում է ճահճից սնվող մլակների տզզոցին, որոնք կորցնում են միջավայրը: Այդպիսի մի տզզոց է Ռոբերտ Քոչարյանի «մարգարեությունը»՝ աշնան մոտ իշխանությունների լեգիտիմության հարցը օրակարգային կդառնա: Ձերը 10 տարի ոչ միայն օրակարգային էր, ձերը հիմքից էր օրակարգային, բայց, ոչինչ, մնացիք: Խորամանկորեն ասվում է, որ լեգիտիմության հարցը կառաջանա այն բանից հետո, երբ էյֆորիան կփոխվի ապատիայի: Քաղաքագիտական տարրական գիտելիքների պակասից զատ՝ պատմական իմացության հարց կա՝ ժողովուրդը ոչ մի վայրկյան չի մոռանա, թե ումից կամ ինչից է ազատվել:

Ապատիան ինքն իրենով ճահիճ է, որովհետեւ ապատիա ունեցող ժողովուրդները զուրկ են զգոնությունից: Նրանք դառնում են անտարբեր: Իսկ մենք դեռ հիշում ենք ապատիան, որում կայինք ուղիղ մեկ տարի առաջ: Ամոթ էլ է ասելը՝ պետությունը ճահճից դուրս է գալիս, դուք ձեզ համար ճահիճ եք ստեղծում, որպեսզի փայփայեք ձեր տզզոցները: