06.03.2019 12:01

Փաշինյան-Հան-Յունկեր ասուլիս

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո երեկ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի պարոն հանձնակատար Հան
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Յունկերին և ԵՄ ղեկավարությանը` ջերմ ընդունելության ու կառուցողական քննարկումների համար:

Այսօր մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ներկայիս վիճակի, մասնավորապես՝ անցյալ տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած անշրջելի ժողովրդավարական վերափոխումների համատեքստում: Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում:

Միևնույն ժամանակ ակներև է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով: Սա մեր հիմնական նպատակներից մեկն է և մեր կառավարության նոր ծրագրի անկյունաքարը:

Եվրոպական միությունը մեր առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է: Բանակցությունների ընթացքում ես նախագահ Յունկերին ներկայացրի մեր կառավարության տեսլականը և մեր առաջնահերթությունները, որոնց շուրջ օգտակար փոխանակումներ ունեցանք: Այսօրվա այցելությունը և Եվրամիության ղեկավարների հետ մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք և պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը:

Ուրախ եմ նշել, որ նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակենք և ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` նշված խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ:

Այս առումով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարևոր հարթակ է: Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ առիթներով իր նվիրվածությունն ու քաղաքական կամքն է ցուցադրել այս փաստաթղթի արդյունավետ իրականացման գործում: Այս համաձայնագիրը և ճանապարհային քարտեզը կարևոր է: Մեր հանդիպման ընթացքում մենք նաև քննարկել ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից:

CEPA-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մեր եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: Մենք ընդհանուր առմամբ CEPA-ին և մասնավորապես, Ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների:

ԵՄ ղեկավարության հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ մեր երկկողմ հարաբերություններում գերակա առաջնահերթություն: Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում: Ես նաև հավաստեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ «2020-ի 20 նախադրյալները» փաստաթղթի անշեղ իրագործման և արդյունքների ներկայացման համար:

Մենք անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ես արտահայտել եմ մեր երախտագիտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Մենք նաև անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

Ամփոփելով, կցանկանայի մեկ անգամ ևս շեշտել մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, փոխըմբռնման ու գործընկերության մթնոլորտը, որը գերակայում է Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Նախագահ Յունկերին ջերմ ընդունելության և դրական երկխոսության համար»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր. «Բարի գալուստ Բրյուսել, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորել անձամբ անցյալ տարվա ընտրությունների կապակցությամբ: Ձեր ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակը լավ նորություն է Հայաստանի համար և մեզ համար: Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ հասմագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես:

Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումնեևրի համար: Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում: Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատել: Մենք խոսել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մասին: Այսօր ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք՝ տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են և հիմա ժամանակն է բոլոր անդամ պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որպեսզի մենք միասին կարողանանք ազատ առաջ շարժվել:

Ես ինքս, ինչպես նաև հանձնակատար Հանը, անձամբ պատրաստ ենք աջակցել այս պրոցեսին որքան կարողանանք, և վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի ուժեղ երկխոսություն կծավալենք այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում: Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ: Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն: Նաև վեց ծրագրեր ենք նախատեսել հարևանների հետ կապերը խթանելու համար: Շարունակությունը շատ կարևոր է, մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ոչ միայն պետություններն ու կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում: Ես ավելի շատ ժամանակ անցկացրեցի վարչապետի հետ, քան նախատեսված էր, ես ցավոք մի քանի րոպեից պետք է մեկնեմ, բայց մեծ ուշադրությամբ կլսեմ իմ բարեկամ Նիկոլին և հանձնակատարին:

Պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում: Ես խոսքս ուղղում եմ հիմնականում ասուլիսի հայ մասնակիցներին՝ մենք դաշնակիցներ ենք և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք:

Հարց – Հայաստանում հեղափոխության երկրորդ փուլն է սկսվել՝ տնտեսական հեղափոխությունը, ինձ հետաքրքրում է, թե Դուք այս առումով համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում Հայաստանի հետ, կոնկրետ ո՞ր ոլորտներում, հաշվի առնելով նաև «ավելին ավելիի դիմաց» Ձեր որդեգրած սկզբունքը: Շնորհակալություն:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան - Վարչապետը նշեց, որ Հայաստանը մեկ շաբաթ առաջ մեզ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին և մենք եկանք համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին: Դրա համար մենք արդեն ստեղծել ենք մի արդյունք, այսինքն՝ եվրոպական փողերով տեղական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրո ընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխանակման կուրսի ռիսկերը հանենք մեջտեղից: Սա տնտեսական մասով, բայց տնտեսությունը կարիք ունի գործող ենթակառուցվածքների: Դրա համար կապակցվածությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում և այլն: Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը մի կողմից բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այդքան արդյունաբերության ոլորտում, այլ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Մենք հիմա միասին՝ մեր թիմով, նայում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր: Մենք չենք կարող ընդամենը մի բան անել և անտեսել ուրիշ բաները, պետք է միասին զուգահեռ տանենք և ինչպես մեր նախագահն ասաց, մենք պատրաստ ենք Հայաստանին աջակցել այս բոլոր ջանքերում:

Հարց- Վերջին շրջանում մի քանի անգամ հանդիպել եք Ձեր ադրբեջանցի գործընկերներին: Կցանկանայինք իմանալ՝ կան արդյոք նոր շեշտադրումներ, որ հնարավոր է հրապարակել: Եվ եթե կարելի է՝ կցանկանայինք պարոն Հանի արձագանքը լսել այն հարցի շուրջ, թե Եվրամիությունն ինչպե՞ս կարող է ավելացնել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման արագացման ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Հետևաբար, Ձեր հարցի մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու: Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան - Նախ ուզում եմ նշել, որ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև: Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև համագործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն: