06.03.2019 21:01

2008, Մարտի 4. «Հերիք եղավ դերասանություն անեք». Ինչպես 4 պատգամավորներին զրկեցին անձեռնմխելիությունից

2008, Մարտի 4. «Հերիք եղավ դերասանություն անեք». Ինչպես 4 պատգամավորներին զրկեցին անձեռնմխելիությունից
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

2008 թվականի մարտի 4-ին Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ Աժ-ում հրավիրվում է արտահերթ նիստ, որի օրակարգում միայն մեկ հարց կար՝ «ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին»:

Արտահերթ նիստին գրանցվում է 97 պատգամավոր:

Միջնորդությունը ներկայացնում է այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Բացման ելույթում նա ներկայացնում է իրադարձությունների իշխանական վարկածը:

Մասնավորապես. «Սկսած  2008 թվականի փետրվարի 20-ից Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա իբր ընտրված Նախագահ հռչակած իր համախոհներն ու աջակիցները Երեւանի «Ազատության» հրապարակում կազմակերպել եւ 10 օր տեւողությամբ անընդմեջ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացրել են մայրաքաղաքի կենսունակությունը, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ, որոնց ընթացքում զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքների կիրառմամբ հանդես են եկել քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու, պետական մարմինների, մասնավոր ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարելու, չարտոնված հրապարակային միջոցառումները դադարեցնելու, իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու հրապարակային կոչերով, որոնք զուգորդվել են ապատեղեկատվական բնույթի սադրիչ ելույթներով եւ հայտարարություններով, հասարակական կարգի պահպանությունն իրականացնող պետական ծառայողների բացահայտ շանտաժով։

Նախապատրաստելով հատուկ գրոհային խմբեր իրավապահ մարմինների հետ բախումներ սադրելու, նրանց կողմից հասարակական կարգը վերականգնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման դեպքում ոստիկանությանը գործուն դիմադրություն ցուցաբերելու, օրինաչափ միջամտությունը բռնությամբ հաղթահարելու նպատակով։

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները նախապատրաստում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1-ին մայրաքաղաքում հրահրել զանգվածային անկարգություններ, եւ այդ նպատակով «Ազատության» հրապարակում ընթացող նստացույցի մասնակիցներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ հրազեն եւ նռնակներ։

…Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների կողմից ուղղորդվող ամբոխը դիրքավորվելով Գրիգոր Լուսավորչի պողոտայում, կրկեսի, Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի, «Մետրոպոլիտեն»  հյուրանոցի առջեւ ընկած տարածքում, զինված հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով, դյուրավառ հեղուկով լի տարաներով, զբոսայգուց քանդած սալահատիկների բեկորներով հարձակումներ են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որի հետեւանքով  շուրջ 100 ոստիկանների պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը ստացված վնասվածքներից մահացել է։ Զանգվածային անկարգությունների հետեւանքով ընդհանուր առմամբ զոհվել է 8 անձ։

Ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն, անմիջական մասնակցությամբ դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում՝ գրոհայինների հավաքագրումով եւ նրանց  զինելով, զանգվածային անկարգությունները կազմակերպելուն ակտիվ մասնակցություն են ունեցել այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյանը եւ Խաչատուր Սուքիասյանը, ինչը բավարար հիմք է տալիս սույն քրեական գործով նրանց ներգրավելու որպես մեղադրյալներ, առաջադրելով մեղադրանք 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ եւ վնասումով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով, որով իսկ թվարկված պատգամավորները կատարել են հանրորեն վտանգավոր արարքներ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով»։

Այնուհետեւ պատգամավորները հարցեր են ուղղում Աղվան Հովսեփյանին:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը հարցնում է. «Միջնորդագրում նշված է, որ փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով եւ այլն, այսինքն՝ ենթադրվում է, որ փետրվարի 20-ից իրականացվել են պետական իշխանությունը բռնությամբ  յուրացնելու  գործողություններ, մինչդեռ, եւ մեղադրանքը ներկայացված մեր 4 գործընկերներին, ըստ էության, վերաբերում է հենց մարտի 1-ից լույս 2-ի գիշերվան։ Արդյոք միջնորդագրում գտնո՞ւմ եք, որ ճիշտ է ներկայացված փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը։ …Փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում միջնորդագրում ներկայացված ձեւակերպումը, երբ համադրում ենք  Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի հետ, որով ներկայացվում, մեղսագրվում է այս արարքը, ասվում է, որ սույն հոդվածի 1-ին  կամ 2-րդ մասով  նախատեսված արարքները, այսինքն՝ զանգվածային  անկարգություններ կազմակերպելը, որոնք զուգորդվել են սպանությամբ, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ մինչեւ մարտի 1-ը, մինչեւ կուլմինացիան, տեղի է ունեցել սպանություններ, եւ նույնը վերաբերում է 300-րդ հոդվածին, որովհետեւ այստեղ էլ խոսվում է կոնկրետ կոչերի, բռնությամբ տապալելու  կոչերի մասին կամ կոնկրետ գործողությունների մասին։ Մինչեւ մարտի 1-ը»։

Աղվան Հովսեփյանը պատասխանում է. «Միջնորդագրի մեջ նշված է իրոք փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածը։  Հանցագործությունը, որը մեղսագրվում է 4 պատգամավորների, կատարվել է հենց այդ ժամանակահատվածում, ոչ միայն մարտի 1-ից 2-ը։ Այդ մասին նշված է միջնորդագրի մեջ։ Նշված է, որ իրենց կոչերով, օժանդակություններով կատարել են նշված հանցագործությունները, որի կուլմինացիան, արդեն իրականացումը տեղի է ունեցել մարտի 1-ից 2-ը։ …Մինչեւ մարտի 2-ը, երբ  հարուցվեց այս բոլոր փաստերի վերաբերյալ քրեական գործ իր ամբողջականության մեջ, կային արդեն իսկ հարուցված քրեական գործեր 225 պրիմ հոդվածով, որը նախատեսվում է քրեական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու, իրականացնելու համար։

Քրեական գործ կար հարուցված 300 հոդվածով, որը նախատեսվում է պատասխանատվություն, իշխանությունը, սահմանադրական կարգը բռնի յուրացնելու փաստով։ Եվ մարտի 1-ին, 2-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործին միացվեց այդ բոլոր քրեական գործերը մեկ ընդհանուր վարույթում։ Այսինքն, արդեն իսկ կային հարուցված գործեր, եւ իրավապահ մարմիների կողմից ձեռնարկվում էր միջոցառումներ այդ ուղղությամբ»:

ՀՅԴ-ից պատգամավոր Լիլիթ Գալստանը հարցնում է. «Խնդրում եմ պատասխանել, թե հոգեխանգարմունքի տարատեսակ հնարքների մեջ ի՞նչ տեսակներ են մտնում»։

Աղվան Հովսեփյանը պատասխանում է. «Դուք կարող եք երեւի դա պարզել հոգեբաններից, ոչ թե ինձանից, ես ընդամենը իրավաբան եմ»։

Գալստյանն արձագանքում է. «Անկեղծ ասած, եթե ձեր ներկայացրած միջնորդագրում կա այսպիսի արտահայտություն՝ «հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքներ», ես կարծում եմ, որ դուք նաեւ պիտի համապատասխան պատասխանը կամ մեկնաբանությունը տայիք, որովհետեւ չի կարելի սրան կցել հոգեբան եւ պատասխան ստանալ, թե ինչ է նշանակում հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքներ։ Եվ եթե այդ արտահայտությունը ներառված է ձեր միջնորդագրում, պիտի որ դրա պատասխանը, նաեւ մեկնաբանությունն այսօր մենք ստանայինք»։

Հովսեփյանը նշում է. «Այդ բառը բերված է, եւ այդ հանգամանքը բերված է բազմաթիվ վկաների կողմից տրված ցուցմունքների հիման վրա»։

ՀՅԴ-ից Արա Նռանյանը հարցնում է. «Դուք ունե՞ք տեղեկություններ այլ պատգամավորների մասնակցության վերաբերյալ այս պրոցեսին, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիր ասեմ, այլ նաեւ իշխանական դաշտից, գուցե անկարգություններին մասնակցում է այլ կողմից»:

Աղվան Հովսեփյանը պատասխանում է. «Այսօր նախաքննության արդյունքներով, բացի այս պատգամավորներից, որեւէ այլ պատգամավորների մասնակցության մասին դեռ մենք որեւէ տվյալներ չունենք, ունենալու դեպքում, մենք անպայման քննության առարկա կդարձնենք»։

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը հարցնում է. «Մինչ այդ պահը չի հրապարակվել խուզարկություն կատարելու համար հիմք հանդիսացող որեւէ որոշում, եւ ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում էլ նման որոշման մասին խոսք չի գնում։ Խուզարկությունը դատավարական գործողություն է, որը կարող է կատարվել հարուցված քրեական գործի շրջանակներում իրավասու անձի կողմից կայացրած որոշման հիման վրա քննչական խմբի մեջ մտնող անձի կողմից։ Իսկ մինչեւ խուզարկությունը սկսելը որոշումը պետք է ծանոթացվի խուզարկվողին»։

Աղվան Հովսեփյանը պատասխանում է. «Հրապարակում հանրության համար վտանգ ներկայացնող տարածքում եւ զանգվածի մոտ վրաններում, ապօրինի տեղադրված տարածքներում, բաց տարածքում զենք, զինամթերք, ինչպես նշվեց, մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր առգրավելու համար խուզարկության որոշում պետք չի կայացնել եւ դա կարող են անել իրավապահ մարմինները այդ տարածքը վնասազերծելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում հասարակական կարգի պահպանության եւ հանրության կյանքը, առողջությունը ապահովելու նկատառումներով»։

Հովսեփյանը նաեւ հավելում է. «Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից առանց ձեռնոցների այդ զենքն ու զինամթերքը առգրավելուն, համամիտ եմ, որ դա կարելի էր անել ավելի պրոֆեսիոնալ ձեւով։ Համամիտ եմ, սակայն պիտի ասեմ, որ մեր հանրապետությունում, ինչպես շատ երկրներում, մատնահետքերի համատարած հաշվառում չի իրականացվում, որպեսզի հայտնաբերված մատնահետքերով կարողանայինք պարզել, թե մի քանի հազար մարդուց ո՞րն է, որ թողել է այդ մատնահետքերը։ Իսկ պրակտիկապես ես, որպես պրակտիկ աշխատող, պիտի ասեմ, որ դա անհնար է մի քանի հազար մարդուց մատնահետքեր վերցնել եւ համեմատել մի ատրճանակի կամ մետաղյա ձողի վրա հայտնաբերված մատնահետքերի հետ։ Այնպես որ, այդ ոչ պրոֆեսիոնալ, ասեմ, մոտեցումը որեւէ պրակտիկ կամ էական նշանակություն ունենալ չէր կարող»։

Խիստ ուշագրավ պատասխան է տալիս Հովսեփյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին: Վերջինս հարցնում էր, թե այդ ինչ միասնական կենտրոնի մասին է խոսքը, որը հիշատակվում է միջնորդագրում, ըստ որի՝ իբր «միասնական կենտրոնից ցուցարարների շրջանում կազմակերպել են ավելի ագրեսիվ մարդկանց ցուցակներ»։ 

Աղվան Հովսեփյանն այսպես է մեկնաբանում. «Գրված է, որ միասնական կենտրոնից է կազմակերպվել։ Այո, այս բոլոր գործողությունների վերաբերյալ մենք ունենք հստակ եւ բազում ապացույցներ, որ այս ամենը կազմակերպվել է մի միասնական կենտրոնից։ Ակնհայտ է, որ այս բոլոր գործողությունները կազմակերպված են եղել։ Կազմակերպված են եղել շատ լուրջ ձեւով, ծրագրավորված ձեւով եւ հատուկ նկատառումներով։ Դա մենք ունենք քրեական գործով եւ հիմնավորված է այսօրվա դրությամբ։ Մենք, իհարկե, դեռ ապացույցներ ձեռք կբերենք եւ այդ ապացույցներին դուք՝ ե՛ւ թվարկմանը, ե՛ւ վերլուծմանը, կարող եք ականատես լինել, ունկնդիր լինել դատարաններում քրեական գործերը քննելիս»։

Հարցուպատասխանից հետո պատգամավորներն անցնում են ելույթներին:

Հակոբ Հակոբյանը իր խոսքում մասնավորապես նշում է. «Վաղը բոլորս էլ գնալու ենք, ոչ մեկս չենք մնալու, բայց մի քանի տարի հետո մեր սերունդները մեզ չդատապարտեն դրա համար, մեր ախմախ քայլերի համար»:

Մյասնիկ Մալխասյանը նշում է. «Որոշումը ձերն է, դուք պիտի կայացնեք։ Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պիտի այս ճանապարհով գնանք, այլ պիտի այստեղ ԱԺ-ն իր դերը ունենա, որ պիտի քաղաքական երկխոսության ճանապարհն ընտրվի, որ երկիրը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերի։ Սա լավագույն ճանապարհը չի ընտրված, անկեղծությամբ»։

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այսօրվա քվեարկությունը փակ է, գաղտնի է եւ իրապես մեր հավաքական խղճի հերթական արտահայտությունն է ունենալու։ Սա մեր իրավունքների, մեր ազատության, մեր արժանապատվության եւ մեր երկրի ապագայի քվեարկությունն է լինելու»:

Անահիտ Բախշյան. «Եթե այդ միջնորդագիրը վերաբերում է չորս պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից, ապա ինձ նույնպես զրկեք այդ անձեռնմխելիությունից, որովհետեւ ես նույնպես այդ միտինգում ելույթ եմ ունեցել, խոսք եմ ասել եւ հավատացել եմ, եւ շարունակու՛մ եմ հավատալ, որ ի վերջո մեր երկրում ազատ քաղաքացին ասելիք ունի, գործ ունի եւ կարող է իր ասելիքը պաշտպանել մինչեւ վերջ»։

Վարդան Խաչատրյան. «Այստեղ հայտարարվեց, որ մատնահետքերն ընդհանրապես, որն իմ ոչ շատ խորը գիտելիքների շրջանակում, այնուամենայնիվ, 13-րդ դարից սկսած կարեւորագույն, ամենակարեւոր՝ փաստորեն, ապացույցներից մեկն է, որ նրա ուսումնասիրության, նրա ֆիքսման հարցում մենք դեռեւս գտնվում ենք էն մակարդակի վրա, որ դրա կարեւորությունն էական չէ։

Եվ վերջապես՝ ամենակարեւորը, որ մենք մի քանի անգամ տվեցինք միեւնույն հարցը մեր հարգելի պրն դատախազին, թե ո՞վ է հրամայել առավոտյան միջոցառման իրականացումը, ու՞մ հրամանով է, ու՞մ որոշմամբ է իրականացվել դա, եւ այնուամենայնիվ, չլսեցինք պատասխանը։

Իսկ մեր ընկերների հարցում պարզ պատկերացնենք, որ գործում է հռոմեական կարգը, որն ասում էր՝ վառվում է հարեւան Ուկալոգենի տունը, այսինքն, եթե մենք, ուղղակի, սպասում ենք, թե հրո ճարակ ե՞րբ պետք է դառնա այդ տունը, վաղ թե ուշ հրդեհը կտարածվի նաեւ հարեւան տները եւ կհասնի, երեւի թե, նաեւ՝ մեզ»:

Ստյոպա Սաֆարյան. «Եթե դուք, իսկապես, կարծում եք, որ մեր հարգարժան գործընկերները՝ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Հակոբ Հակոբյանը, որոնց կենսագրության առջեւ ես, իսկապես, խոնարհվում եմ, եթե կարծում եք, որ նրանք, ուրեմն, իրենց վարքագծով նպաստել են ապակայունացմանն ու անկարգություններին, ապա ես եւս միանում եմ «Ժառանգություն» խմբակցության իմ գործընկերներին եւ հորդորում ձեզ՝ հանդես գալ միջնորդությամբ նաեւ մեզ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար»։

Լարիսա Ալավերդյան. «Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այսօր խղճի մտոք պետք է քվեարկեն, տա՞լ համաձայնություն, թե՞ չտալ, չտալ համաձայնություն, համոզված լինելով, որ մեր 20 տարվա, առնվազն, ճանաչված գործընկերները բոլորովին միտված չէին այս երկրի խաղաղությունը կամ բարեկեցությունը խախանդել»:

Արտահերթ ելույթ է ունենում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:  

Վերջինս իր ելույթում մասնավորապես նշում է. «…Հայտարարվում է, որ կարեւոր է, թե երբ է զոհվել ոստիկանության գնդապետը, քաղաքացիական անձանցից հետո՞, թե՞ առաջ։  Մարդը զոհվել է եւ զոհվել է, որ ավելի մեծ թվով մարդիկ չզոհվեն։  …

…Ես համարում եմ ակնհայտ շահարկում, երբ այստեղից ասվում է, որ անհամապատասխան էր եւ իրավաչափ չէր Հանրապետության Նախագահի հատուկ դրություն մտցնելու վերաբերյալ հրամանագիրը, ի՞նչ պետք է լիներ այլեւս, բացի նրանից, ինչ տեղի ունեցավ։ …

Երբ մենք արտահերթ նիստ էինք անում, ուզում եմ հիշեցնել, որ որեւէ մեկը՝ ներկա 91 պատգամավորներից, ընդ որում, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասին է խոսքը, բոլորն անխտիր, որեւէ մեկը ԱԺ որոշման նախագիծ չներկայացրեց մերժելու համար Հանրապետության Նախագահի մտցրած արտակարգ դրության այդ հաստատումը։ Չներկայացվեց, եւ սա է իրականությունը։ 

Գիտեք, ես անկեղծ պետք է լինեմ, այստեղից հայտարարությունները, որ մեր գործընկերները քաղբանտարկյալներ կլինեն, մենք էլ ենք պատրաստ։ Ներողություն, հարգելի գործընկերներ, ովքեր դա ասացին, ես ձեզ չեմ հավատում»։

Թորոսյանի այս խոսքին Րաֆֆի Հովհաննիսյանն է արձագանքում, եւ նրանց միջեւ կարճ լեզվակռիվ է տեղի ունենում.

Հովհաննիսյան - Մի ծաղրեք։

Թորոսյան - Ոչ ոք ձեզ չի ծաղրում։

Հովհաննիսյան - Մի ծաղրեք։

Թորոսյան - Ձեզ ոչ ոք չի ծաղրում. եթե հայերեն լավ չգիտեք, ձեր գործն է։ Այո՛...

Հովհաննիսյան - Իմ գործընկերներին չծաղրեք։

Թորոսյան - Ոչ ոք չի ծաղրում ձեզ, հերիք եղավ դերասանություն անեք։

Եզրափակիչ ելույթ է ունենում Աղվան Հովսեփյանը, որտեղ իբրեւ թե պատասխանում է պատգամավորների մեղադրանքներին: Այդ ելույթում մասնավորապես անդրադառնում է այն պնդումներին, որ մարտի 1-ի երեկոյան իրադարձությունների ժամանակ սադրիչների խմբեր են գործել: Հովսեփյանը հայտարարում է. «Մեր Երեւանի, մեր մայրաքաղաքի ողջ պատմության ընթացքում նման բան տեղի չի ունեցել, նույնիսկ պատերազմների ժամանակ, սովի ժամանակ ե՞րբ էր.... խանութներ չեն գրավվել եւ չեն թալանվել։ Փորձ է արվում դրանք մեկնաբանել ինչ-որ սադրիչ խմբերով։ Խնդրե՛մ, բերե՛ք ապացույցներ։ Առ այսօր նման տեղեկատվություն քրեական գործում չկա։»

Ելույթներից հետո տեղի է ունենում փակ գաղտնի քվեարկություն:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ-ն 4 պատգամավորներին զրկում է անձեռնմխելիությունից եւ «հանձնում» աղվանհովսեփյանական «արդարադատությանը»:

Քվեարկության արդյունքները.

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցով քվեարկությանը 131 պատգամավորից մասնակցել են 107-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ քվեատուփում առկա էր 107 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 85 
Դեմ՝ 22

Հակոբ Հակոբյանի հարցով՝ բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ քվեատուփում առկա էր 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 2-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 84 
Դեմ՝ 20

Մյասնիկ Մալխասյանի հարցով՝ քվեատուփում առկա էր 107 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 84 
Դեմ՝ 22

Սասուն Միքայելյանի հարցով՝ քվեատուփում առկա էր 107 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

Կողմ՝ 86 
Դեմ՝ 20

Նիստի ավարտին Տիգրան Թորոսյանը հայտարարում է. «Հարգելի գործընկերներ, քվեարկության արդյունքների համաձայն, Ազգային ժողովը համաձայնություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար։ Նիստն ավարտված է, ցտեսություն»։

iLur.am