07.03.2019 13:41

Եզդի կանայք պատմում են ԻՊ-ում գերության մեջ իրենց կյանքի մասին

Եզդի կանայք պատմում են ԻՊ-ում գերության մեջ իրենց կյանքի մասին

Սիրիայում ԻՊ գրոհայինների շուրջ օղակը սեղմվելուն զուգահեռ՝ հարյուրավոր գերիներ են ազատագրվել իսլամիստների գերությունից և կարողացել են վերադառնալ տուն: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում եզդի կանայք:

Նրանց պատմելով՝ իսլամիստները եզդիներին՝ Սիրիայի սահմանին մոտ Հյուսիսային Իրաքում բնակվող այդ ժողովրդին, հեթանոս են համարում, նրանց մարդու տեղ անգամ չեն դնում և վարվում են՝ ինչպես ուզում են:

Ազատագրված կանանցից ոմանք ԻՊ-ի գերության մեջ են եղել մի քանի տարի: Նրանց պատմությունները հաճախ շատ նման են իրար. բռնել են, ապա վաճառել սեռական ստրկության:

Բասե Խամմոն 38 տարեկան է եղել, երբ գերի է ընկել իսլամիստների մոտ: Ընդհանուր առմամբ՝ նրան վաճառել են 17 անգամ: Վերջին անգամ նա եղել է Բագուզ բնակավայրում, որտեղ էլ հունվարին վերջապես նրան փրկել են քուրդ աշխարհազորայինները: «Մի անգամ ինձ գնած գրոհայինը տուն բերեց 9-ամյա աղջկա, նույնպես եզդի: Նա ընդամենը 9 տարեկան էր, բայց արդեն նրան կնության էին տալիս երրորդ անգամ: Երբ ես ասացի, որ դա մեղք է, գրոհայինը ծեծեց ինձ և ասաց, որ ստրուկների հետ այդպես կարելի է վարվել, բարձրյալը դա չի արգելում»:

Իսլամիստների նախկին գերիների խոսքով՝ Բագուզում դեռ  առնվազն 1000 եզդի է մնում, հիմնականում՝ կանայք: Ընդ որում՝ նրանցից շատերը հրաժարվում են հեռանալ ռազմական գործողությունների գոտուց, քանի որ չեն ուզում բաժանվել  թեկուզ և գերության մեջ ծնված իրենց երեխաներից:

Փոխանցում է euronews-ը: