07.03.2019 14:18

Արսեն Գրիգորյան. Նոր «վոյինը»

Արսեն Գրիգորյան. Նոր «վոյինը»
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Հաճախ հիմարն այդքան վտանգավոր չէ, որքան հարուստ հիմարը, որովհետեւ հարուստ հիմարն ունի նաեւ քմահաճույքներ:

Ինչո՞ւ ունի քմահաճույքներ: Որովհետեւ նա իր մանկությունից քաղել է միայն  վրիժառության դասեր: Ամբողջ մանկության ընթացքում երազել է իրավացի լինել առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ահա ինչու էր «Պապլավոկում» սպանվում Պողոս Պողոսյանը, ինչու էին որոշ ընդդիմադիրներ մի քանի 0 ավել գումարով դառնում իշխանամետ, եւ ինչու այդ ամենի արդյունքում եղավ Մարտի 1-ը:

Էս մարդը հենց նույն պատճառով աֆրիկաներում սպանում էր առյուծներին, թալանում էր Հայաստանը: Որովհետեւ վատ մանկություն է ունեցել: Էս մարդը Հայաստանի քաղաքական Օլիմպոս է մտել գրեթե ծակ գրպանով: Ու էդ գրպանում տասը տարի բյուջե է լցվել: Բայց գրպանը չի փոխվել, որովհետեւ գլուխը չի փոխվել: Մարդ էր, որն առանց էսթետիկայի ու էթիկայի զգացման եկավ ու առանց դրանց գնաց:

Եվ հիմա ո՞րն է այս մարդու խնդիրը: Նա այդպես էլ չճանաչեց այն պետությունը, որը տասը տարի ղեկավարել է: Ասում է՝ հեղափոխական էյֆորիայից առաջացած զանգվածների ոգեւորվածությունն ակնհայտորեն սկսել է փոխարինվել չիրականացվող սպասումներից առաջացած հիասթափությամբ: Այսինքն՝ վատ է, որ հեղափոխությամբ եկավ, որովհետեւ ժողովրդի հիասթափությունն ավելի ուժեղ է լինելու, քան մեզնից եղավ: Հետո այդ հիասթափությունը վերածվելու է ատելության: Իսկ աշնանից հետո հայտնի չէ, թե ինչ կլինի: Այս մարդը ակնարկում է, որ ժողովուրդ կառավարելու համար Նիկոլ Փաշինյանը «ձեռագրի» կարիք է ունենալու: Իսկ «ձեռագիր» ասելով՝ ի՞նչ է հասկանում երկրի թիվ մեկ ամբաստանյալը՝ մենք արդեն գիտենք: Փաշինյանն, այսինքն, չի խուսափելու ուժային մեթոդներով իշխանություն պահելուց:

Բայց ես չեմ կարող այս մարդուն պատկերացնել այսքան ծիծաղելի իրավիճակում: Ինչ-որ մեկը նրա ականջին շշնջացել է (գուցե Մաքիավելիի ուրվականը), որ բոլորն էլ իշխանությունը պահում են նույն մեթոդներով: Այսինքն՝ խնդիրը իշխանությունը պահելն է: Ինքը գիտեր՝ ինչու է պահում: Հասկանո՞ւմ եք, ինքը գիտեր, որ որպես մարդկային տեսակ՝ օտար օրգանիզմ է Հայաստանի վրա, ուստի ոչ թե պետք է գործով զբաղվի, այլ՝ գրպանները լցնելով: Եվ հարցազրույցում ինքը սղացնում է իր զարմանքը, թե ինչպե՞ս կարելի է իշխանություն ունենալու առիթը կորցնել ժողովրդավարության նման թիթիզ բաների վրա: Ինքը դեռ Փաշինյանի մեջ իր նմանին գտնելու հույսեր ունի:

Բայց ամենասարսափելին այն է, որ այս մարդը ուղերձների հասցեատեր չունի: Հայտնի չէ, թե ընդհանրապես ո՞ւմ համար է ինքը հարցազրույցներ տալիս: Պատմությա՞ն: Որովհետեւ ժամանակակիցները վտանգավոր բան են, նրանք հիշողություն ունեն, նույնիսկ եթե իր կողմնակիցներն են: Եվ չի կարելի կարծել, թե կողմնակիցներին էլ հասկացնում է, որ՝ համբերեք, ճտերին աշնանն են հաշվում: Մանկությունը հետապնդում է նրան: Ինքը հայտնվել է այնտեղ, որտեղից սկսեց՝ վրեժի ծարավի մեջ: Այսինքն՝ ինքը ծամում է նոր «վոյինի» մի կերպար, որը դեռ հաշվում է այն գլուխները, որոնք պիտի թռչեն: