07.03.2019 17:22

Թիվ 0038 հրամանի հեղինակը հենց Ռոբերտ Քոչարյանն է

Թիվ 0038 հրամանի հեղինակը հենց Ռոբերտ Քոչարյանն է

Փետրվարի 28-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ հարցազրույցում ասել է.

«Նա (Ռոբերտ Քոչարյանը) որեւէ բան «իր վրայից գցելու» խնդիր չունի: Սեյրան Օհանյանն էլ հաստատեց, որ եթե ինքն էլ լիներ նախարար՝ նույն հրամանն էր արձակվելու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթ չի եղել հրամանի (նկատի ունի թիվ 0038 հրամանը ) տեքստի հետ» (Aravot.am, 28.02.2019):

Այնինչ իր գրքում Ռոբերտ Քոչարյանը գրում է. «Բարձրագույն հրամանատարական կազմի հետ փետրվարի 23-ի առավոտյան տեղի ունեցած հանդիպումը կարճատև էր և կոշտ: ...Պահանջեցի պաշտպանության նախարարից՝ միջոցներ ձեռք առնել՝ բանակը քաղաքական գործընթացներից զերծ պահելու համար» (Роберт Кочарян, Жизнь и свобода, Москва, 2019, стр. 457):

Այս պահանջին հետևել է հենց նույն օրը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած թիվ 0038 հրամանը, որի շրջանակներում փետրվարի 23-ից Հայաստանի ողջ տարածքով սկսվել է Զինված ուժերի ահռելի տեղաշարժ, որի կուլմինացիան մարտի 1-ի իրադարձություններին բանակի լայնամասշտաբ ներգրավումն էր: Այն փաստը, որ Գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարից պահանջել է միջոցներ ձեռք առնել, անհնար է դարձնում հավանականությունը, որ որևէ պաշտպանության նախարար կարող է չզեկուցել գերագույն գլխավոր հրամանատարին՝ նրա իսկ կողմից իր առջև դրված խնդրի կատարման մասին: Հատկապես որ՝ այդ պահանջի արդյունքում ծնված թիվ 0038 հրամանը կրում է հետևյալ վերնագիրը. «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»:

Սա ապացուցում է, որ պաշտպանության նախարարի փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանը ծնվել է հենց Ռոբերտ Քոչարյանի անմիջական կարգադրության արդյունքում, և նա չէր կարող ծանոթ չլինել հրամանի տեքստի հետ: