10.03.2019 19:05

Միջնորդների ուղերձը եւ նախկինների աղմուկը

Միջնորդների ուղերձը եւ նախկինների աղմուկը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, մեղմ ասած, մեծ աղմուկի պատճառ է դարձել հայկական հանրության շրջանում: Եւ հատկապես ոգեւորվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց հարակից վերլուծաբանները: Եւ դա այն դեպքում, երբ այդ հայտարարությունից ամենաքիչը հենց նրանք պիտի ոգեւորվեն: Եւ ահա թե ինչու:

Ինչ են ասում համանախագահները. եթե կարճ, ապա համանախագահները/միջնորդները փաստացի «դիմադրում են» Հայաստանի նոր իշխանությունների հայտարարած` բանակցային ֆորմատն ամբողջացնելու նախաձեռնությանը, ցանկանում են պահպանել բանակցային` մինչեւ վերջերս գործած ձեւաչափը, եւ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եւ շարունակաբար փոխանցվել են Քոչարյանից Սարգսյանին: Այսինքն` բանակցային երկկողմ ֆորմատի ժառանգականությունը` միայն Հայաստանի համաձայնությամբ տարածքների վերադարձ, հետագայում երբեւէ կայանալիք կամարտահայտության իրացման խոստումով: Այսինքն, ժողովրդական լեզվով ասած, «ուրեմն, մենք 20 տարի փոխված ֆորմատով ջանք գործադրենք, դուք գաք, թե բա` հա՛յ հայկական շա՜հ, հա՛յ Ղարաբաղը բանակցությունների մասնակի՜ց, այդպես ո՞նց կլինի»:

Մինչեւ հայաստանյան հեղափոխությունը ԼՂ հարցի շուրջ բանակցություններն ընթանում էին սեղանին դրված վերջին փաստաթղթի` մադրիդյան սկզբունքների եւ դրանց նորացված տարբերակի շուրջ:

Մադրիդյան սկզբունքները բանակցային երկու կողմերը (Հայաստանն ու Ադրբբեջանը) որպես բանակցությունների հիմք ընդունել են 2007-ի նոյեմբերին Մադրիդում`Ռոբերտ Քոչարյանի օրոք:

Հայաստանում ամիսներ անց պետք է տեղի ունենային նախագահական ընտրություններ: Այդ ժամանակ թե՛ Քոչարյանը, թե՛ վարչապետ Սերժ Սարգսյանը նշում էին, որ նախագահի իշխանական թեկնածու Սարգսյանը լիովին տիրապետում է բանակցային գործընթացին եւ երաշխավորում դրանց շարունակականությունը:

Եւ այդպես էլ եղավ, Սարգսյանը միայն որպես անձ փոխարինեց Քոչարյանին, բայց բանակցությունների էության փոփոխություն տեղի չունեցավ:

2008 թվականին անգամ Սարգսյանի նախընտրական ծրագրում հստակ գրված էր ԼՂ հիմնախնդրի լուծման` տարածքների վերաբերյալ իր պատկերացումը. «...պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը, ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»:

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում գաղտնազերծվեցին Մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրված էր.

«ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության համաձայնագրով:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը`մինչև Խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը»:

2016 թվականին` Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ 2011 թվականին Կազանում Հայաաստանը պատրաստ էր ստորագրել բանակցվող փաստաթուղթը (նորացված Մադրիդյան` Կազանյան թուղթ), որով «հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է»:

Հիշեցնենք, որ 2011-ին հայաստանյան կողմը հայտարարել էր, որ Կազանում «առաջընթաց» չի արձանագրվել, քանի որ վերջին պահին Ադրբեջանի կողմից նոր պայմաններ են առաջ քաշվել:

Բանակցությունների վերաբերյալ հետագայում տեղի ունեցած արտահոսքերից պարզվում էր, որ Կազանից հետո բանակցությունները շարունակվել են նորացված առաջարկներով`այսպես կոչված՝ Լավրովյան պլանով, ըստ որի՝ տարածքների վերադարձը, այսպես ասած, փուլային եղանակով պետք է կատարվի` մի քանի շրջան, հետո մի քանի շրջան:

Բանակցությունների հենց այս փուլում էլ տեղի է ունենում հայաստանյան հեղափոխությունը:  

Հայաստանի նոր իշխանություններն իրենց ընթացող բանակցությունների իրավահաջորդ չեն հայտարարում, պարզ չէ անգամ` պատրա՞ստ են նրանք դրանք շարունակել բովանդակային առումով, թե՞ ոչ, որովհետեւ նոր իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից նախեւառաջ դրվում է մեկ հարց` սկզբում վերականգնել բանակցությունների ԵԱՀԿ կողմից հաստատված եռակողմ ֆորմատը:

Ու այստեղ ահա տեղի է ունենում ուշագրավը: ԼՂՀ իշխանությունները հայտարարում են, թե իրենք դեմ են Մադրիդյան սկզբունքներին. «Մենք ինչպե՞ս կարող էինք ընդունել մի փաստաթուղթ, որի ո՛չ մշակմանը, ո՛չ քննարկումներին առհասարակ չենք մասնակցել»: Այսինքն, փաստացի զրոյացնում են Քոչարյանի եւ Սարգսյանի ամբողջ բանակցածը: Զարմանալին այն է միայն, որ արդարացի այս տեսակետը ուղիղ տեքստով հայտարարվում է միայն այսօր եւ ոչ՝ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակն արշավ է սկսում այդ սկզբունքների դեմ եւ նոր իշխանություններից պահանջում չեղարկել դրանք:

Եւ ահա այս պայմաններում, երբ Փաշինյանը դեռ իր խոսքը չի ասել՝ համանախագահները հայտարարություն են տարածում, որտեղ փաստացի կոչ են անում նրան՝ դառնալ նախկին պայմանավորվածությունների իրավահաջորդը:

«...Համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»: 

«Հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»:

Այսինքն, համանախագահները պնդում են, որ բանակցությունները պետք է շարունակականության սկզբունքով տեղի ունենան` նախկինում քննարկված ու բանակցված սկզբունքների եւ ֆորմատի հիման վրա:

Այս ֆոնին, առնվազն զարմանալի է նախկին իշխանավորների կողմից բարձրացված աղմուկը, թե հասեք, տեսեք, «Փաշինյանը փոշիացրել է մեր նախկին ձեռքբերումները»: Այն դեպքում, երբ համանախագահների հայտարարությամբ, ակնհայտորեն հակառակն է պարզ դառնում, «այդ նախկին ձեռքբերումները» ոչ թե փոշիացվում են, այլ միջնորդները պնդում են, որ հենց դրանք մնան բանակցությունների սեղանին, այսինքն, այդ նվազագույնը Փաշինյանն ունի որպես ռեսուրս: Բայց նա, ինչպես նշեցինք, պահանջում է ավելին, քան այդ նվազագույնը, այն, ինչ կորսվել է, բայց պետք է վերադարձվի. Ղարաբաղի` որպես կողմ, ներգրավումը բանակցություններին: Այնպես, ինչպես դա ամրագրված է ԵԱՀԿ 1994 թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995 թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:

Եռակողմ ֆորմատը, հիշեցնենք, ենթադրում է բանակցող բոլոր կողմերին փաստաթղթերի գրավոր ներկայացում, եւ ձայնի` «այո եւ ոչ»-ի հավասար իրավունք: Մի բան, որ վերջին անգամ երեք կողմերին ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք` 1998-ին՝ այսպես կոչված «Ընդհանուր պետություն» տարբերակի ժամանակ (հայերենը):

1998-ից հետո Ղարաբաղին` որպես կողմ, այլեւս պաշտոնական առաջարկ չի ներկայացվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը, որպես Հայաստանի ղեկավար այլեւս միանձնյա էր բանակցում: («1998թ. Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի նախագահ`բանակցային գործընթացում հանդես եկավ նաև որպես Արցախի ներկայացուցիչ այն պարզ պատճառով, որ տեղյակ էր Արցախի նիստուկացից: Սակայն դա ճիշտ չէր: Դա մեր բացթողումն էր, միջազգային հանրության սխալն` ի դեմս Մինսկի խմբի, քանի որ դրանով խախտվել էր բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած բանաձևը», Վիտալի Բալասանյան, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար): 

Ի դեպ, Ղարաբաղի վերադարձը մի պահանջ է, որ անգամ Սերժ Սարգսյանն էր իր 2013 թվականի նախընտրական ծրագրում գրել. «Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի մեր ջանքերն ուղղելու ենք այդ հարցի շուտափույթ լուծմանը»:

Ինչ վերաբերում է նախկին իշխանավորների այն պնդումներին, թե այսօր հայկական կողմը ոչինչ չի անում Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման համար, ապա արժե հիշեցնել միայն, որ դրանց կյանքի չկոչման հարցում ընդհանրապես պարզ չէ նոր իշխանությունների դերակատարությունը: Որովհետեւ դեռ մինչեւ հեղափոխությունն էին իրենք` նախկին իշխանությունները, բազմիցս շեշտում` այդ պայմանավորվածությունները չեն կատարվում Ադրբեջանի պատճառով:

 

Հ.Գ. Ավելի քան 20 տարի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում տարվել է ստի քարոզչություն: Եւ նոր իշխանությունները հանրության հետ բաց խոսելու ե՛ւ խնդիր ունեն, ե՛ւ տեղեկացնելու խնդիր:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ նախ պետք է եւ վաղուց ժամանակն է բաց խոսել բանակցությունների մասին, վերջապես պաշտոնապես գաղտնազերծել բոլոր նախկին փաստաթղթերը` տարածքների հարցում շահարկումները դադարեցնելու համար, եւ դրանից հետո հասկանալ` ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք հասել, եւ ինչպե՞ս ենք շարժվում առաջ:

 

Քրիստինե Խանումյան