12.03.2019 15:21

Ուկրաինայի ՆԳ նախարարը Պոռոշենկոյին մեղադրել է ընտրողներին կաշառելու մեջ

Ուկրաինայի ՆԳ նախարարը Պոռոշենկոյին մեղադրել է ընտրողներին կաշառելու մեջ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախագահ Պետրո Պոռոշենկոյի շտաբը կազմակերպում է ընտրողներին կաշառելու գործընթացը՝ վարչական ռեսուրսի և բյուջետային միջոցների օգտագործմամբ:

«Իշխանամետ թիմի շտաբներից մեկը վարձում է քարոզիչների, որոնք ընտրում են հարյուր հոգու, որպես կանոն՝ ամենակարիքավորներին, գնում են նրանց բնակարաններ և հարցնում՝ պատրա՞ստ են պաշտպանել իրենց թեկնածուին, և եթե այո, ապա օգնություն են առաջարկում: Հարյուրից 30-ը «այո» են ասում, և այդ մարդկանց  ցուցակ են կազմում, գնում են շրջխորհուրդ այդ ցուցակով և շրջխորհրդի ղեկավարին կամ քաղաքապետին հանձնարարում՝ այդ մարդկանց հազարական գրիվնա վճարել»,- հայտարարել է նախարարը ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում:

Ավակովի խոսքով՝ նման դեպքեր գրանցվել են մի քանի շրջաններում, ինչպես նաև Կիևում և Օդեսայում:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Վերջին հարցումների համաձայն՝ առաջատարը Վլադիմիր Զելենսկին է, իսկ երկրորդ և երրորդ տեղերը միմյանց միջև կիսում են գործող նախագահ Պետրո Պոռոշենկոն և «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:

Փոխանցում է tass.ru-ն: