12.03.2019 17:35

Չեչնիայի խորհրդարանի խոսնակը արյան վրեժ է հայտարարել բլոգերին

Չեչնիայի խորհրդարանի խոսնակը արյան վրեժ է հայտարարել բլոգերին

Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մահոմեդ Դաուդովը տեսաուղերձ է հղել չեչեն բլոգեր Տումսո Աբուռահմանովին, որում նրան հայտարարել է իր թշնամին և խոստացել է եղբայրների հետ գտնել նրան:

Դաուդովին զայրացրել են բլոգերի արտահայտությունները Չեչնիայի նախկին ղեկավար Ահմետ Կադիրովի մասին:

Մարտի սկզբին Աբդուռահմանովը, որը վերջին տարիներին ապրում է Լեհաստանում և բլոգ է վարում YouTube-ում, տեղադրել էր իր զրույցը հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոյի հետ: Զրույցի ընթացքում նա Չեչնիայի առաջին նախագահին՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հորն անվանել էր չեչեն ժողովրդի դավաճան, նա շեշտել էր, որ արհամարհում է նրա հիշատակը և նրա հետ կապված ամեն ինչ:

Ի պատասխան՝ խորհրդարանի խոսնակը «Ինստագրամի» ուղիղ եթերում բլոգերին արյան վրեժ է հայտարարել: ««Պաշտոնապես հայտարարում եմ, Տումսո, ես և իմ եղբայրները,- դու գիտես, թե ովքեր են իմ եղբայրները,- այն խոսքերի համար, որ դու ասել ես Ահմատ-հաջիի մասին, պաշտոնապես քեզ արյան վրեժ եմ հայտարարում»,- տեսաուղերձում, որն արդեն անհասանելի է համացանցում, չեչեներեն ասում է Դաուդովը:

Տեսաուղերձի վերջում Չեչնիայի խորհրդարանի խոսնակը հայտարարում է, որ քանի դեռ իր երակներով արյուն է հոսում, նա և իր եղբայրները բլոգերին կհամարեն իրենց թշնամին և կփնտրեն նրան, բայց մտադիր չեն սպանել: «Ամեն ինչ կհարթենք մուսուլմանական օրենքներով: Մենք չենք պատրաստվում քեզ սպանել, մենք քեզ զարմանալի կերպով կզվարճացնենք: Սրանից հետո երբ պառկես քնելու, համոզվիր, որ դուռը բանալիով փակել ես: Համոզվիր, որ սողնակը քաշել ես: Երբ փողոց դուրս գաս, շուրջդ նայիր: Եթե հանկարծ հետևից քացի ստանաս, իմացիր, որ դա պատահականություն չի»:

Աբդուռահմանովը BBC-ին հայտնել է, որ այդ սպառնալիքները լուրջ է ընդունում: «Ես չեմ վախենում, բայց հասկանում եմ, որ այդ ամենը շատ իրական է ու վտանգավոր»,- ասել է նա:

Փոխանցում է BBC-ն: