12.03.2019 20:40

Լիզա Ճաղարյան. Նավա՛կը ճոճեք, ոչ թե դու՛ք ճոճվեք

Լիզա Ճաղարյան. Նավա՛կը ճոճեք, ոչ թե դու՛ք ճոճվեք

Արդեն առիթ եղել է համեմատելու Հայաստանի անկախացման առաջին տարիների եւ ներկայիս լրատվական դաշտում տիրող իրավիճակը։ 90-ականներին մատների վրա կարելի էր հաշվել գործող լրատվամիջոցները, եւ բոլորին էր տեսանելի, թե ո՛ր քաղաքական ուժին պատկանող մամուլը չէր խորշում կեղծիքից ու աղաղակող ստերից։ Այլ հարց է, որ քիչ չէին ամենաանհեթեթ սուտն ու կեղծիքը հաճույքով կուլ տվողները։ Ի դեպ, ակնհայտ էր նաեւ, որ ստում ու կեղծում էին գիտակցված, կանխամտածված՝ կուսակցական որոշում էր։ «Պիւռօ»-ն, թե էն մյուս «մարմինը» (դրանցից բան չեմ հասկանում) որոշել էին բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով սեւացնել ու վարկաբեկել առաջին քայլերն անող, դժոխային խնդիրների առջեւ հայտնված անկախացած Հայաստանի առաջին իշխանությանը, եւ սեւացնում ու վարկաբեկում էին սառնասրտորեն, հետեւողականորեն, բարոյականության բոլոր վարքականոնները ոտնահարելով։

Ուժերն էլ, ի դեպ, անհավասար էին։ Այնքա՛ն անհավասար, որ մի կերպ գոյություն քարշ տվող իշխանական մամուլից ընդդիմադիրնե՛րն էին լրագրողներ «փախցնում» տռուզ հոնորարի խոստումներով։

Պատերի տակի փսփսուք չի ասվածը, ես էլ եմ էդ «բախտավորներից», ինձ էլ են փորձել գայթակղել փարիզներից ու լոսանջելեսներից անկախությունից հետո հզոր տեխնիկայով ու լեփ-լեցուն քսակներով Հայաստանում փափուկ վայրէջք կատարած «պահանջատերերը»։ Ավելին, հենց իմ աչքի առջեւ են մեկ օրում կերպարանափոխվել գործընկերներիցս ոմանք, որովհետեւ շատ անսպասելիորեն պարզել էին, որ իրենց պապուտատերը դաշնակցական են եղել, իսկ իրենք, հասկանում եք էլի, դեռ վաղ մանկուց շատ սիրել են իրենց պապուտատերին։

Իշխանությունների համակիր մամուլը փայլու՞մ էր անաչառությամբ։ Չէ, չէր փայլում։ Բայց ես այդ համակիր մամուլի ներկայացուցիչ էի եւ ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ՝ երբեք չճշտված լուր չէիք գտնի մեր տեքստերում, ինչ մնաց՝ կանխամտածված կեղծիք ու սուտ հրապարակեինք։ Եթե նույնիսկ թյուրիմացաբար սխալ լուր հրապարակվեր, դրան պարտադիր հետեւում էր հերքումը։ Իշխանության կատարած բոլոր քայլերո՞վ էինք հիացած։ Իհարկե՝ ոչ։ Սխալներ նույնպես կային, սայթաքումներն էլ քիչ չէին, բայց նորից կրկնեմ՝ ուժերն անհավասար էին. ընդդիմադիր մամուլ կոչվածն այնպիսի կատաղի ինքնամոռացությամբ էր հարվածում «հետեւը սուր, առաջը ջուր» վիճակում հայտնված իշխանությանը, որ սխալների ու սայթաքումների մասին լռելն արդեն իսկ իշխանություններին պաշտպան կանգնելուն էր հավասար։ Բայց նորից եմ կրկնում՝ մեր գրիչները չեն պղծվել ստով ու կեղծիքով։  

Իշխանական մամուլում լրագրողներ չկայի՞ն, որոնք հաճույքով կկատարեին իշխանությունների պատվերները՝ սուտ լինեին, թե ճիշտ։ Անկասկած՝ կային։ Հարցն էլ այն է, որ իշխանությունները պատվեր տալու հարցում նույնպես վարպետ չէին, ինչ մնաց՝ սուտ պատվեր տային։

Հետո եկան ռոբասերժականները՝ իրենց պարտկոմական եւ չեկիստական անցյալն ուսներին առած, ինչը նշանակում է՝ ագիտացիայի ու պրոպագանդայի ահռելի դերի ու նշանակության պայծառագույն գիտակցում։ Եվ ինչպես ասում են՝ իրավիճակ փոխվեց։ Նախանձելի արագությամբ ստվերային միլիարդատեր դարձած ու դարձող իշխանավորներն սկսեցին ԶԼՄ-ներ գնել, լրագրողներ գնել եւ առատ վարձատրության դիմաց թելադրել ցանկացած զազրախոսություն նախկինների հասցեին, զուգահեռաբար՝ ծաղկում էին ճենճահոտ բաժակաճառերը Հայաստանն ու Արցախը «փրկող» ռոբասերժիկների մասին։   

ՀՀԿ-ականներին՝ իրենց պախանների հետ «վաստակած հանգստի» ուղարկելուց հետո իշխանության ղեկին հասած նորերը անկախության առաջին տարիների ղեկավարների նման մատների արանքով չեն նայում լրատվամիջոցների դերին։ Արդեն փորձ ունեն, տեսել են ու գիտեն, թե մատների արանքով նայելու վերջն ինչ է լինում։ Ուզենան էլ մատների արանքով նայել՝ չեն կարող։ Հայաստանն ուղղակիորեն շնչահեղձ է լինում նախկին թալանչիների «հաչան շների» զազրախոսություններից, գումարած՝ իշխանազրկված «կոմսոմոլիկների», նախկին իշխանության «գործ տվողների» լկտի, փողոցային ելույթները (իսկ սրանք հիմա պետք է կամ բանտում լինեին, կամ՝ ինքնակամ փակվեին իրենց բնակարաններում, եթե մի կաթիլ ամոթ ունենային)։

Հնարավորություններն էլ են անսպառ։ Քսան տարի Հայաստանի քաղաքացիներին մինչեւ ոսկրածուծը կեղեքած նախկինները 90-ականների մի քանի թերթի հույսին չեն, իսկ Հայաստանն էլ արդեն՝ ողջ աշխարհի պես, սոցցանցերի տիրապետության տակ է, նախկինների թալանչի թաթերն էլ քարի տակ չեն՝ մատը ո՛ր կայքի կամ հեռուստաընկերության վրա դնեն՝ իրենցն է։

Կարճ ասած, ռոբասերժիկներին գահընկեց արեցին, բայց սրանց ստեղծած գաղջ մթնոլորտը մնաց եւ օրեցօր ավելի ու ավելի անտանելի է դառնում։

Եվ հիմա՝ ագիտացիայի ու պրոպագանդայի դերն ու նշանակությունը չարհամարհող նոր իշխանությունը հակառակ ծայրահեղության վտանգի առջեւ է կանգնած։ Ամենեւին նկատի չունեմ, որ պետք է արհամարհել վայրահաչոցները։

Դեռ 90-ականներից սխալ եմ համարել «ամեն ապուշություն հո չե՛նք հերքելու» պնդումը, որովհետեւ, ցավոք, մեր հանրության մեծամասնությունը պատրաստ է հավատ ընծայել ցանկացած անտրամաբանական զառանցանքի։ Չարժե՞ իջնել լյումպենի մակարդակին։ Բայց ուզենք, թե չուզենք, խոստովանենք, թե չխոստովանենք՝ լյումպենը բոլոր հասարակություններում փոքրաթիվ չէ (մեղմ ասած)։ Իսկ հիմա՝ առավե՛լ շատ է, որովհետեւ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ական ավազակախումբը հրաշալիորեն է իրագործել հասարակության դեգրադացման ստոր ու պետականադավ ծրագիրը։

Այնպես որ՝ ցանկացած կեղծիք պետք է հերքել, որքան էլ գիտակից հանրությանը վիրավորական թվա ամեն զառանցանքի ուշադրություն դարձնելը։

Բայց դառնանք վերը ասված վտանգին։ Նոր իշխանությունը կարծես որոշել է չարհամարհել ոչ մի կեղծիք։ Եթե նույնիսկ պաշտոնյաները չեն հերքում կեղծիքը, սոցցանցերում նրանց օգնության են հասնում նորերի համակիրները։ Բայցեւ նշմարվում է այդ նույն լյումպենի ձեռքի խաղալիքը դառնալու վտանգը։

Բոլորիս է հասկանալի, որ նախկինների ավերածը, այլասերածը, այլանդակածը շտկելու համար վիրաբուժական միջամտություն է հարկավոր, եւ ցանկացած փոփոխություն ինչ-որ մարդկանց շահերին հակառակ է լինելու, ինչին էլ հետեւելու են բողոքի ակցիաներն ու վարձկան ԶԼՄ-ների վայնասունը։ Արդեն որերորդ անգամ ականատեսն ենք դառնում, թե այդ բողոքի ակցիաներից ու վայնասունից հետո ինչպես են իշխանավորներն սկսում կուչուձիգ գալ, արդարանալ, խմբագրել ու սրբագրել իրենց խոսքն ու իրենց առջեւ դրված նպատակը։

Չգիտեի՞ք, որ դժվար է լինելու, շա՛տ դժվար է լինելու։ Վստահ եմ՝ գիտեիք։ Չգիտե՞ք, որ աստիճանաբար պակասելու են ձեր համակիրները, ինչը շատ օրինաչափ է։ Գիտեի՛ք։ Ուրեմն մի տարուբերվեք պղտոր ալիքների վրա։ Եթե գիտեք, չափել-ձեւել եք, որ Հայաստանին օգուտ է բերելու ձեր ձեռնարկած փոփոխությունը, ուրեմն արե՛ք այդ փոփոխությունը՝ առանց հաշվելու, թե դրանից հետո քանի հոգի է դադարելու «դուխով» գլխարկը գլխին քաշել, ու քանի հոգի են սպառնալու, որ հեսա-հեսա արտագաղթելու են։

Իսկ եթե նկատվող հեղհեղուկության պատճառն այն է, որ անհրաժեշտ չափով չեք կշռադատել հերթական քայլն անելուց առաջ՝ սա ավելի լուրջ վտանգ է։

Կարճ ասեմ՝ նավա՛կը ճոճեք, ոչ թե դու՛ք ճոճվեք։