13.03.2019 13:41

ԵԱՀԿ գործող նախագահ. Պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգնեմ գտնել ԼՂ հակամարտության լուծումը

Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ, ու կարողանամ օգնել գտնել հակամարտության լուծումը: Ամբողջովին վստահում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»: Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այսօր՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Ա1+»-ի փոխանցմամբ, Լայչակը նշել է, որ ողջունում է, որ սահմանին տիրող բռնությունը նվազել է, եւ վստահ է, որ այդ ամենը կնպաստի համակողմանի  գործընթացի իրականացմանը՝ խաղաղ կարգավորման նպատակով:

«Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը լուծված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող երկխոսությունը կբերի այն չնչին բարեփոխումները մարդկանց առօրյա կյանքում: Սա հնարավոր է ապահովել»,- ասել է գործող նախագահը: 

Լրագրողի դիտարկմանը, թե որպես  ԵԱՀԿ գործող նախագահ, որը  տարածաշրջանում կոչ է անում խաղաղություն, բայց Սլովակիայի սպառազինությունը հայտնվում է Ադրբեջանում, առանց վերջնական օգտագործման փաստաթղթում նշվելու, և դրանով տարածաշրջանում նպաստում է  սպառազինությունների մրցավազքին, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, և Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, որպեսզի վերջնական  հասցեատիրոջը պարզեն, Միրոսլավ Լայչակը պատասխանել է.

«Մենք տեղեկացվել ենք իրավիճակի վերաբերյալ  հայ դիվանագիտական առաքելության կողմից, անցյալ տարվա օգոստոսին էկոնոմիակայի նախարարության հետ միասին ուսումնասիրություն են իրականցրել, համենայնդեպս ուսումնասիրության ընթացքում  սլովակիական կողմից որևէ սխալ չեն գտել: Իսրայելի և Սլովակիայի միջև առանձին համաձայնագիր է եղել և առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողը Իսրայելն է: Մենք հարցը մի քանի անգամ քննարկել ենք ներառյալ  նախարար Մնացականյանի հետ և կարծում եմ՝ գործը փակ է: Մենք ամեն ինչ միմյանց մանրամասնորեն բացատրել ենք,  հասկացել ենք միմյանց և կարծում եմ այս քննարկումը դադարել է և չի շարունակվել»:

ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան շատ կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ Հարավային Կովկասում նվազագույնի է հասցվել ԵԱՀԿ ներկայացվածությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշնային առաքելությունները, և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը: Հատկանշական է նաև, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է Հայաստան մեր երկրում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական հեղափոխությունից և 2018թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արժանացան միջազգային հանրության, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամենաբարձր գնահատականին»,- ասել է Մնացականյանը:

Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությանը:

«Մենք հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր հարթություններում կազմակերպության օրակարգի հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ»,- նշել է Մնացականյանը: