13.03.2019 15:05

Եվրամիությունը նույնպես դադարեցնում է Boeing 737 Max –ի թռիչքները

Եվրամիությունը նույնպես դադարեցնում է Boeing 737 Max –ի թռիչքները

Ավելի ու ավելի շատ երկրներ են շտապ կարգով արգելում Boeing 737 Max 8 օդանավի շահագործումը:

Այդ երկրներին է միացել նաև Եվրամիությունը: Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) դադարեցրել է այդ մոդելի ինքնաթիռների թռիչքը ԵՄ տարածքում:

Արգելքը կշարունակվի մինչև Եթովպիայում տեղի ունեցած և 157 մարդու կյանք խլած ավիաաղետի պատճառների բացահայտումը:

Ավելի վաղ Boeing 737 Max 8-ի շահագործումը դադարեցրել էին Նորվեգիան, Եթովպիան, Ինդոնեզիան, Ավստրալիան, Չինաստանը, Մոնղոլիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Մալայզիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Առանձին ավիաընկերություններ նույնպես որոշում են կայացրել ժամանակավորապես արգելելու այդ ինքնաթիռի թռիչքները: Դրանց թվում են ռուսաստանյան S7-ը, արգենտինական Aerolineas-ը, մեքսիկական Aero mexiko-ն, բրազիլական  Gol-ը, ինչպես նաև բրիտանական Cayman Airways-ը: Մինչդեռ ԱՄՆ ավիացիայի դաշնային վարչությունը օդանավի տվյալ տեսակը համարել է պիտանի թռիչքների համար:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարի դրությամբ՝ Boeing 737 Max 8 ինքնաթիռը շահագործում է 46 ավիաընկերություն:

Փոխանցում է euronews-ը: