13.03.2019 16:01

Իրանցի իրավապաշտպանը դատապարտվել է ազատազրկման և մտրակահարության

Իրանցի իրավապաշտպանը դատապարտվել է ազատազրկման և մտրակահարության

Իրանի Հեղափոխական դատարանը փաստաբան և իրավապաշտպան Նասրին Սոտուդեին դատապարտել է տասը տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի, France24-ին հաղորդել է Սոտուդեի ամուսինը: Նկատի ունենալով նաև նախկինում նրա նկատմամբ արձակված դատավճիռը՝ իրավապաշտպանի պատժաժամկետը կազմում է 15 տարի:

Ամուսնու խոսքով՝ իր կնոջը մեղավոր են ճանաչել յոթ հանցագործություններում, մասնավորապես՝ «համակարգի դեմ դավադրության» և հասարակական կարգը խախտելու: Ընդհանուր առմամբ՝ դատարանը Նասրինի համար սահմանել է 33 տարվա ազատազրկում, սակայն իրանական օրենսդրության համաձայն՝ նա կկրի պատժի ամենաերկար չափը՝ տասը տարի:

Նաև հաղորդվում է, որ իրավապաշտպանը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին վիրավորելու համար:

Սոտուդեն մտրակահարության է դատապարտվել առանց հիջաբի դատարան ներկայանալու և մեկ այլ մեղադրանքով:

Փոխանցում է newsru.com-ը: