13.03.2019 18:27

Քոչարյանի եւ Սարգսյանի «Մադրիդյան»-ը չի ճանաչում ԼՂՀ անկախության մասին 1991-ի հանրաքվեն

Քոչարյանի եւ Սարգսյանի «Մադրիդյան»-ը չի ճանաչում ԼՂՀ անկախության մասին 1991-ի հանրաքվեն

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքական հարցերի շուրջ քննարկումները ակտիվացել են առավել քան երբեւէ: Այս կամ այն հարցի շուրջ արտահայտվելու՝ նախկինում եղած կոնսեսուսային տաբուն հանվել է, եւ բոլորն իրենց տեսակետներն են ներկայացնում ամենատարբեր, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ: Բայց աբսուրդն այն է, որ ավելի քան 20 տարի հատկապես այս հարցի շուրջ իրականացված կեղծ քարոզչության շորշոփները երեւում են ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ անգամ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների շրջանում: Տպավորություն է, թե այդ մարդիկ ուղղակի տեղյակ չեն եղել եւ չեն բանակցային գործընթացից, նախկինում ընդունված փաստաթղթերի բովանդակությունից:

Մասնավորապես, ԵԱՀ Կ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից հետո հատկապես ակտիվացել են քննարկումները, թե այս հայտարարության հետ կապված խնդիր կա, քանի որ չի հիշատակվում ԼՂՀ անկախության մասին հանրաքվեն, եւ կամ որ ԼՂՀ-ն արդեն հռչակել է իր անկախությունը, եւ բանակցությունները պետք է ընթանան այդ արդեն իսկ կայացած անկախության մասին հանրաքվեի արդյունքները ճանաչելու վերաբերյալ:

Օրինակ՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ կայացած մեծ դեբատների ժամանակ ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանը Փաշինյանին հարցնում էր, թե արդյո՞ք նա բանակցություններում առաջնորդվելու է «այն տրամաբանությամբ, որը գրված է Արցախի Սահմանադրության 175 հոդվածի մեջ՝ արդեն Արցախի ժողովրդի արտահայտած կամքով»:

«Այդ խոսակցությունը թարմացել է այն պատճառով, որ դուք հայտարարել եք, որ ես կգամ եւ կհարցնեմ ժողովրդին, եթե ինձ մի տարբերակ առաջարկեն, ժողովուրդը ընդունում է, թե ոչ, նոր կլուծեմ այդ հարցը: Ես էլ ասում եմ՝ Արցախի ժողովուրդն արդեն ասել է, թե ինչպես է ուզում, որ լուծվի հարցը: Տեղերը պետք չի փոխել: Պետք չի ասել՝ կգամ ժողովրդին կհարցնեմ, ժողովուրդն արդեն ասել է, դուք պարտավոր եք դա իրականացնել»:

Ռուստամյանը հիշեցրել էր, թե Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածում նշված է, որ «ստատուս քվոն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եւ անկախությունը չի ճանաչվել»:  «Մեր բանակցությունների տրամաբանությունը պետք է լինի այն, որ սրան կարողանանք հասնել: Ով գալիս է իշխանության, պարտավոր է առաջնորդվել ժողովրդի կամքով: Ձեր ասածը սրան չի համապատասխանում, քանի որ դուք ասում եք՝ մեզ կասեն մի բան, մենք կբերենք, կներկայացնենք»,- ասել էր Ռուստամյանը:

Օրեր առաջ, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մասին՝ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր. «Այն ոչ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պատադիր կամքի արտահայտման միջոցով», սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի՝ նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն»:

Այսօր գրեթե նույնատիպ միտք արտահայտեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով Ստեփանակերտում տեղի ունեցած՝ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ հռչակել է իր անկախությունը:

Քիչ էին անտեղյակ պաշտոնյաները, որոնք անկեղծորեն կարծում էին, թե Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը՝ նախկին ԼՂԻՄ եւ հարակից 7 շրջանների հետ մեկտեղ, քիչ էին անտեղյակները, ովքեր «անկեղծորեն» զարմացել ու անակնկալի էին եկել համանախագահների հայտարարությունից, ասես առաջին անգամ են լսում բանակցությունների մասին, հիմա էլ, ահա, զարմանքներ են հնչում այս հարցի կապակցությամբ, ասես առաջին անգամ են լսում, կարծես տեղյակ չեն, որ սրանից 12 տարի առաջ այդ հարցը «փաստաթղթավորված» օրակարգից հանել են Ռոբերտ Քոչարյանն  ու Վարդան Օսկանյանը:

2007 թվականի նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունված եւ հետագայում Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի կողմից բանակցված Մադրիդյան եւ նորացված Կազանյան փաստաթղթերով արդեն իսկ այդ հարցը հանված է օրակարգից:

Մադրիդյան փաստաթուղթ.

ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Կազանյան փաստաթուղթ

Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում:

Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Այսպիսով, այս երկու փաստաթղթերով ամրագրված է, որ բանակցությունների մասնակից այլեւս (այն ժամանակ) միակ հայկական կողմը համաձայնվում է հետագայում՝ անորոշ ժամկետում նոր հանրաքվե անցկացնելու գաղափարին՝ 1988-ի էթնիկ համամասնությամբ: Ապագայում՝ երբեւէ, հնարավոր նոր հանրաքվեն փաստաթղթում ամրագրելը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով նախկին հանրաքվեն այդ պահից այլեւս որեւէ ուժ չունի:

Ի դեպ, եթե հիշում եք, հենց այս դրույթը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը համարում էր կարեւոր ձեռքբերում:

Այնպես որ, խիստ զարմանալի է, որ տարիներով քաղաքականության մեջ եղած անձինք զարմանում են, կամ նոր են զարմանում՝ երկար տարիների լռությունից հետո:

Շատ կարեւոր մեկ նրբություն եւս: Բանակցություններից անտեղյակ եւ ԼՂ հարցը ներքաղաքական համատեքստում շահարկողները այնքան ոգեւորված են «մտել ոչ մի թիզականության» թեզի եւ դերի մեջ, որ չեն հասկանում, թե իրենց մի միտքն ինչպես կարող է հակասել մյուսին:

Մի կողմից՝ հայտարարվում է, որ ոչ մի փոխզիջում, մյուս կողմից էլ՝ որ Արցախն արդեն հռչակել է իր անկախությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին:

Այդ փաստաթղթով հռչակվում է ԼՂՀ-ն «ներկայիս ԼՂԻՄ-ի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում»:

Լեռնային Ղարաբաղի անկախության հարցով հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հարակից Շահումյանի շրջանի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի Գեյգյոլի շրջանի մի մասի տարածքներում: Այսինքն, եթե իրենք 1991-ի անկախության հռչակման ճանաչում են պահանջում, ապա պարզ չէ, թե այդ դեպքում ինչպես են պնդում, թե ոչ մի փոխզիջում չպետք է լինի, քանի որ 91-ի հանրաքվեն նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող 7 շրջանների վրա չի տարածվել: 

Դառնանք Սահմանադրությանը: 

2006 թվականին հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրության տեքստը սկսվում է այս տողերով.

«Մենք` Արցախի ժողովուրդը,

տոգորված ազատության ոգով,

իրագործելով Հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը,

դրսևորելով անսասան կամք` զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ, իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են,

հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագրի սկզբունքներին…»:

Սահմանադրության Անցումային դրույթների Հոդված 142-ը արձանագրում է. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:

2017 թվականին ընդունված Արցախի Սահմանադրությունը սկսվում է այս տողերով.

«Արցախի ժողովուրդը,

         դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշ­ման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

         հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,

         կարևորելով  2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում,

         զարգացնելով ազգային պետականության պատմական ավանդույթները,

         ոգեշնչված Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ,

         հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը,

         իրականացնելով  իր ինքնիշխան և անօտարելի իրավունքը,

         ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը»:

Նույն խմբագրմամբ Սահմանադրության Հոդված 175-ը սահմանում է. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո»:

ԼՂՀ երկու Սահմանադրություններում էլ «մինչեւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը (Շահումյանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված շրջան)» սահմանումից բացի, նշվում է նաեւ սահմանների ճշգրտումը: Կարելի է, իհարկե, զբաղվել ինքնախաբեությամբ, եւ հայտարարել, թե երկու դրույթներն էլ վերաբերում են բացառապես նախկին ԼՂԻՄ-ի հարակից Շահումյանի շրջանին: Բայց այդ պարագայում, «սահմանների ճշգրտում» արտահայտությունը չպետք է տեղ գտներ տեքստում, այն պարզ պատճառով, որ «ամբողջականության վերականգնում» արտահայտությունն արդեն իսկ բավարար է Շահումյանի օկուպացված շրջանը հիշատակելու համար: Սահմանների ճշգրտումը մի փոքրիկ, բայց էական դետալ է, որը գրված է հենց նրա համար, որ հետագայում, երբ կարգավորման ժամանակը գա, այդ սահմանները «ճշգրտվեն»: 

Իհարկե, քաղաքական գործիչները կարող են այսօր պահանջել օրակարգից հանել մինչ այդ բանակցությունների սեղանին եղած փաստաթուղթը, կարող են նոր առաջարկներ ներկայացնել, նոր օրակարգով հանդես գալ, բայց մինչ այդ նրանք, թերեւս, պարտավոր են գնահատական տալ նախկինում տեղի ունեցած բանակցային ամբողջ գործընթացին, տեղյակ լինել բանակցությունների բոլոր մանրուքներից եւ ոչ մանրուքներից, բացատրել հանրությանը, թե ինչո՞ւ են լռել մինչեւ այսօր եւ միայն հիմա են պահանջներ ներկայացնում, եւ ամենակարեւորը՝ կենացներ ու ընդհանրական հայտարարություններ անելու փոխարեն՝ ներկայացնել հիմնախնդրի կարգավորման իրենց հստակ տեսլականը՝ հստակ ճանապարհային քարտեզով, ցույց տալ, որ իրապես պատկերացնում են իրենց յուրաքանչյուր առաջարկի հնարավոր հետեւանքները, դրանք իրականություն դարձնելու եղանակները, եւ ցույց տալ, որ իրենք իրապես պատկերացնում են, թե ինչ կարող են անել, եթե իրենք լինեին իշխանություն եւ ունենային պատասխանատվություն: Հեշտ է, անշուշտ, պատասխանատվություն չունենալով հայտարարել ցանկացած բան, բայց իրական քաղաքական գործիչենրը, որոնք իշխանության գալու նպատակ են ունենում, նախեւառաջ պետք է պատկերացնեն, որ պետության ղեկը ստանձնելով՝ իրենք պատասխանատվություն են ստանձնում մի ամբողջ երկրի համար, եւ որ իրենց յուրաքանչյուր քայլի եւ անգամ հայտարարության հետեւանքները ոչ թե եւ ոչ միայն իրենք են կրելու, այլեւ, առաջին հերթին՝ պետությունը:

Քրիստինե Խանումյան