14.03.2019 12:45

Դա պետական դավաճանությանը համազոր ծանրագույն հանցանք է

Դա պետական դավաճանությանը համազոր ծանրագույն հանցանք է

Ամեն մի պարտված իշխանություն ձգտում  է  կրկին իշխանության վերադառնալ։

Դա ոչ միայն նորմալ է, այլ նաեւ ժողովրդավարության իրականացման պարտադիր պայման։ Օրինական ընտրությունների միջոցով մի քաղաքական ուժից իշխանության անցումը մյուսին երկրի ու նրա հասարակության համար որեւէ ցնցում չի ենթադրում, բնակչության մեծագույն մասը դա չի էլ զգում։

Բոլորովին այլ է խնդիրը, երբ խոսքը վերաբերում է տապալված ռեժիմներին, որոնք ռեւանշի են ձգտում։ Այսինքն՝ այնպիսի իշխանությունների, որոնք ոչ մի կապ չեն ունեցել ժողովրդավարության եւ օրինականության հետ, որոնք ոչ միայն իշխանության են եկել ոչ օրինական ճանապարհով, այլեւ իշխանությունը պահել են բռնությունների եւ ապօրինությունների միջոցով, որոնց իշխանությունը եղել է մշտապես ոչ օրինակարգ, որոնք բազում հանցանքներ են գործել սեփական ժողովրդի դեմ, եւ որոնց իդեա-ֆիքսը եղել է ունեցած իշխանությունը ամեն գնով պահելն ու այն առավելագույնս սեփական հարստացմանը ծառայեցնելը։ Ժամանակի ընթացքում այս խնդիրները լուծելու համար ռեժիմները ստեղծում են համապատասխան համակարգ։

Հայաստանում ստեղծված ռեժիմային այդ համակարգը ավազակապետությունն էր, որ տեւեց մոտ 20 տարի։ Համակարգի ճարտարապետը, կառուցողը եւ առաջին պարագլուխը Ռ. Քոչարյանն էր, շարունակողը եւ երկրորդ պարագլուխը՝ Ս. Սարգսյանը։

Ռեժիմներից իշխանության անցումը այլ ուժի ընդունված է կոչել «հեղափոխություն», անկախ այն բանից, թե ինչպես է այն իրականանում։ Այս դեպքում նոր իշխանությունը կանգնում է երկու մարտահրավերի առջեւ.

Առաջին՝ արմատական քայլերով փոխել ստեղծված ռեժիմային համկարգը ու վերացնել դրա հետեւանքները.

Երկրորդ՝ դիմակայել տապալված ռեժիմի՝ ամեն գնով վերականգնման փորձերին։

Արդեն մոտ մեկ տարի Հայաստանում այս վիճակն է։

Ընդ որում՝ ցանկացած նոր իշխանություն չէր կարող խուսափել այս երկու մարտահրավերներից։ Ավելի ճիշտ՝ կարող է, բայց այդ դեպքում ինքը կդառնա նախորդի օրգանական շարունակությունը, կփոխվեն միայն դերակատարները։

Մարտահրավերներից առաջինին չենք անդրադառնա։ Ոչ թե այն պատճառով, որ այն ավելի պակաս կարեւոր է։ Պարզապես ամբողջական համակարգային վերափոխումներ անելու բանալին, վերջին հաշվով, երկրորդ մարտահրավերի հաղթահարման մեջ է։

Նախորդ ռեժիմի օրգանական շարունակությունը չհանդիսացող որեւէ իշխանություն չէր կարող խուսափել Մարտի 1-ի բացահայտումից, որ ոչ միայն ոճրագործություն է՝ սեփական ժողովրդի վրա կրակելու եւ զոհերի, այլ նաեւ՝ սահմանադրության մակարդակով արձանագրված միակ՝ սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման ամենածանր հանցագործություն։ Անհնար է որեւէ լուրջ շարունակություն՝ առանց այս հարցում լիակատար արդարադատության իրականացման։ Դրանով վերջնականապես կփակվի նախորդ ռեժիմի՝ որեւէ ձեւով եւ որեւէ դեմքով վերակենդանանալու, վերադառնալու հնարավորությունը, կբացվի մյուս բոլոր խնդիրների լուծման ճանապարհը։

Եւ հիմա նախորդ ռեժիմը ամբողջ հզորությամբ ծառս է եղել ոչ թե Քոչարյան անձի համար, այլ իր վերադարձի հնարավորության վերջնական խափանումը թույլ չտալու մոլուցքով։ Խնդրի կենտրոնում Ռ. Քոչարյանն է հայտնվել ոչ թե իր քաղաքական կշռի, ունեցած հեղնակության, այլ հայտնի հանգամանքների բերումով։

 Ուժերը ոչ թե անհավասար, այլ անհամեմատելի են։ Հրապարակ է նետված անսահման փող, գնված են տասնյակ լրատվամիջոցներ, վերլուծաբաններ ու լրագրողներ։ Ամենօրյա լրահոսին հետեւող ցանկացած մեկի համար այլեւս բարդ խնդիր չէ կազմել այն լրատվամիջոցների ցանկը, որոնց ինքնամոռաց գերակտիվությունց կարելի է պատկերացում կազմել Քոչարյանից ստացած վարձատրության կամ ակնկալիքի չափի մասին։ Բնականաբար, տարբեր են «սեւ աշխատանք» անող սովորական ֆեյքի ու ճանաչված վերլուծաբանների հատուցման չափերը։ Դա կարելի է որոշել նաեւ յուրաքանչյուրի թափած ճիգերի չափով եւ հանձնարարված թեմաների բարդությամբ. մի բան է՝ իշխանության առօրյա քայլերի քննադատությունը, մի այլ բան՝ այնպիսի բարդ «թեմաների կատարումը», ինչպես, ասենք՝ տրամագծորեն միմյանց հակադիր՝ 2008թ. մարտի 1-ի եւ 1996-ի սեպտեմբերի 25-ի համեմատության ու հավասարեցման փորձերը։

 Չլիներ փողի հանգամանքը, նոր իշխանության համար շատ ավելի հեշտ կլիներ լուծել նախկինների ռեստավրացիան թույլ չտալու խնդիրը։

Նկատի ունենալով ավազակապետության շրջանի փորձը եւ առաջին պարագլխի հայտնի նկարագիրը, կարելի է չկասկածել, որ այդ փողի տերը ընդունակ է, բառիս բուն իմաստով՝ ամեն ինչի՝ խույս տալու համար արդարադատությունից, բավարարելու համար ոչ մի կերպ չմարող ամբիցիաները, լուծելու համար այն՝ բնածինի նմանվող վրեժը, որ ունի Հայաստանի ու նրա քաղաքացիների նկատմամբ։

 Սակայն ինչպես Քոչարյանին, այնպես էլ այսօր նրա շուրջ համախմբված «նախկիններին» պակասում է մի բան՝ շատ թե քիչ նշանակալի սոցիալական բազա. 20-ամյա շրջանում նրանց հաջողվել է վաստակել հասարակության շատ ավելի, քան 99֊֊֊֊%-ի անսքող ատելությունը։ Դրա վառ վկայությունն էր Քոչարյանին պաշտպանելու համար հրավիրված մի քանի հանրահավաքների փորձերի խոսուն «մարդաշատությունը»։

Հրապարակային միջջոցառումների ձախողումը «պաշտպանական թիմին» ստիպեց դիմել այլ մեթոդների։ Առատ վճարի դիմաց հավաքագրված լրատվամիջոցների, «վերլուծաբանների», լրագրողների, սոցիալական ցանցերում հաստիքով «աշխատող» հարյուրավոր «ֆեյքերի» միջոցով փորձել ՝

-         հավատացնել, թե Քոչարյանը «տեղյակ չի եղել» սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հիմքում դրված 0038 հրամանից.

-         համոզել, թե նա «տեղյակ չի եղել» մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված ոստիկանական ջարդարարական գործողությունից.

-         խեղաթյուրել նույն մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական գործողության էությունը.

-         կատարվածի մեղքը բարդել ընդդիմության եւ խաղաղ ցուցարարների վրա եւ այն։

Անարդյունավետ եղան նաեւ այս ուղղությունները մի պարզ պատճառով. դրանք հենվում են ստի, կեղծիքի եւ ակնհայտ փաստերի եւ իրողությունների խեղաթյուրման վրա՝ փաստեր եւ իրողություններ, որոնք պահպանվել են փաստաթղթերի, տեսագրությունների, լուսանկարների, կենդանի մարդկանց վկայությունների տեսքով։ Քոչարյանն ու նրա «թիմը» չխորշեց անգամ տարրական բարոյականության սահմանները խախտելուց։ Մի քանի ամիս առաջ հրապարակ նետած հայտնի ֆիլմով փորձեց Մարտի 1-ի մեղքը բարդել ընդդիմության եւ խաղաղ ցուցարարների վրա։ Այդ ֆիլմը ոչ միայն հասարակական դաժան հակահարվածի արժանացավ, այլեւ վերջերս, որպես օրենքի, բարոյականության եւ էթիկայի նորմերը խախտող նյութ, հանվեց «Յութուբից»։

«Ամբաստանյալի» պաշտպանության կենտրոնից տրված էլի ուղղություններ ու «թեմաներ» կան։

Դրանցից մեկը, որին պարբերաբար հատկապես դիմում են, երբ «պաշտպանությունը» դժվար վիճակում է հայտնվում, եւ որը, մեղմ ասած, «փրփուրներից կախվելու» դասական մի դրսեւորում է, միմյանցից տրամագծորեն տարբեր՝ Մարտի 1-ի եւ 1996թ. սեպտեմբերի 25-ի իրադարձությունների մեջ հավասարության նշան դնելն է։

Հաջորդ, դեռ չմարած ամենօրյա թեման նոր իշխանության քննադատությունն է, նրա ղեկավարի տված խոստումներից ու դրանք չկատարելուց սկսած՝ մինչեւ Սորոսից ֆինանսավորվելու մեղադրանքներ։ Կարծես թե՝ հնարավոր է հաշվել, թե ով որքան է ստացել Սորոսից եւ ինչ նպատակով, սակայն երբեւէ անհնար պիտի լինի հաշվել, թե ով ինչքան է ստացել եւ ստանում Քոչարյանից՝ վերջին հաշվով՝ հակապետական գործունեություն ծավալելու համար։ Աչքաչափով անգամ Քոչարյանից ստացածը տասնապատիկ, գուցե հարյուրապատիկ ավելին է։

Ընդհանրապես՝ Քոչարյանի եւ նրա շուրջ համախմբված «նախկինների» հույսը նոր իշխանության սխալվելն է, երազանքը՝ կոպիտ սխալվելը։ Ուստիեւ, հասկանալի է, որ նրանց թիրախը նոր իշխանության կողքին, հաճախ՝ նրանից էլ առաջ, այն հնարավորությունների չեզոքացումն է, որոնք, իրենց կարծիքով, պոտենցիալ կարող են օգնել կանխելու այդ սխալները կամ դրանց մի մասը։  

Վերջերս «պաշտպանական կողմը» դիմեց մի նոր մեթոդի, այն է՝ վարչապետին ուղղված ահաբեկչական սպառնալիքի (7or.am, 05.03.2019) ։ Էլի է եղել նման բան, բայց՝ խոր ենթատեքստերում, այս անգամ սպառնալիքն անսքող էր եւ ցինիկ։ Դժվար չէ ենթադրել, որ նման մի քայլ կարող էր արվել միայն «պաշտպանության» կենտրոնի, այն է՝ Քոչարյանի անձնական թելադրանքով։ Կարելի էր համարել, որ նման քայլը մատնում է նրա ճարահատությունը։ Սակայն նկատի ունեալով «ամբաստանյալի», ինչպես վերեւում ասվեց՝ ամեն ինչի ընդունակ լինելու հանգամանքը, այն, իրավացիորեն, լուրջ մտահոգությունների տեղիք տվեց (ադ մասին տե՛ս, iLur.am, 05.03.2019, 1-in.am. 10.03.2019)։ Ինչպես դժվար չէ, հասկանալ, խոսքն այս դեպքում, ոչ թե մեկ մարդու, այլ երկրի անվտանգությանն է վերաբերում, եւ պատկան մարմինները ամենայն լրջությամբ պետք է զբաղվեն դրանով։

***

Եւ վերջապես՝ ամենակարեւորի ու ամենավտանգավորի մասին։

Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Իշխանությունը կորցրած ուժը կարող է քննադատել նոր իշխանությանը եւ ցույց տալ նրա սխալները - դա նորմալ է։ Իշխանության հասնելու համար կարող է երազել, որ սխալներր թույլ տա գործող իշխանությունը ու անգամ սադրանքներով նրան դրդի դրան - դա դուրս է քաղաքական պայքարի հարթությունից եւ անբարո է։ Կարող է կազմակերպել սաբոտաժ ու վնասարարություն - դա հանցագործություն է։ Իսկ եթե նա որդեգրել է հանուն իր նպատակի երկիրը պատերազմի վտանգի առջեւ կանգնեցնելու, պատերազմի մեջ ներքաշելու գործելակերպ - դա պետական դավաճանություն է։

Երկիրը պատերազմի վտանգի առջեւ կանգնեցնելը արդարադատությունից խուսափելու, ապա, ինչու չէ, նաեւ կրկին իշխանության գալու նպատակով որպես միջոց օգտագործելը այսօր դարձել է «քոչարյանական թիմի» հիմնական ուղղությունը։ Քոչարյանի խոսափողերից մեկի (Ա. Չալաբյան) հոդվածը հենց այդպես էլ վերնագրված է. «Պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին և սկսել երկիրը պատրաստել պատերազմի»։

Ինչո՞վ է դա վտանգավոր։

Թվարկված մյուս դեպքերում ռեւանշի գնացողների ապօրինի գործողությունները, սաբոտաժը, վնասարարությունը եւ այլն, կարելի է բացահայտել ու փաստերով մատուցել հասարակությանը, դա ամեն մեկը կընկալի եւ կհասկանա։ Պատերազմի քարոզը եւ իշխանությանը դրան դրդելը արվում է «հայրենասիրական» կարգախոսներով, «հայրենասիրության» քողի տակ, մարդկանց ամենաազնիվ զգացումները շահագործելով։ Այս դեպքում բացատրությունները միշտ չէ, որ կարող են օգնել (քանզի դա ենթադրում է զգացումներից վերացում, քաղաքական իմացությունների եւ պատրաստվածության որոշակի պաշարր), եւ շատերն, ակամա, կարող են ազգադավ այս ծրագրերի համար գործիք դառնալ։

Այս ուղղությունը կամ միջոցը հիմնականը դարձնելու մեկնարկը տվեց Քոչարյանը։ Վերջերս նա «հայրենասիրաբար» հայտարարել է. «Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից»։

Եւ դա ասում է մի մարդ, ով՝

-         որպես Ադրբեջանին մեծագույն նվեր՝ զրկեց Լեռնային Ղարաբաղին հակամարտության կողմի՝ միջազգայնորեն ճանաչված մանդատից,

-         ստորագրեց կարգավորման «ընդհանուր պետության» տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններում» եւ ադրբեջաներենը որպես երկրորդ պետական լեզու կարգավիճակով,

-         ստորագրեց «Ստամբուլի խարտիան՝ ճանաչելով Ադրբեջանի սահմաննների անձեռնմխելիությունը, մի մարդ, ով պատրաստ էր Հայաստանի Մեղրու շրջանը հանձնել Ադրբեջանին,

-         ստորագրեց «Մադրիդյան սկզբունքները», ինչի հիմնական դրույթների դեմ այսօր, «ոչմիթիզական» դարձած՝ «հերոսաբար» կռիվ է տալիս։

Ասենք, որ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու արկածախնդրության մեջ իրենց փրկությունը տեսնելու այս հաշվարկը ճիշտ է կատարված։

Կեղծ հայրենասիրությամբ, արհեստական մաքսիմալիզմով պատերազմի, դրա անխուսափելիության քարոզչությամբ մթնոլորտը լցնելը, անգամ առանց պատերազմի հասցնելու, նվազագույնը մի արդյունք տալու է. արտագաղթի թիվը չի զիջելու կամ գերազանցելու է նախորդ տարիներին։ Դա արդեն նոր իշխանության դեմ կարեւոր փաստարկի «ձեռքբերում» է քոչարյանական թիմի համար։

Նրանց երազած պատերազմը, որպես Քոչարանի համար փրկօղակ ու «նախկինների» վերադարձի հույս, կտա շատ ավելին, թող տարօրինակ չհնչի, անգամ՝ ամենահաղթական ավարտի դեպքում։ Նկատի չունենալով «Բաքուն գրավելու», «Քուռ-Արաքսյան հանրապետության», «Ծովից ծովի» քաղաքական շիզոֆրենիան, ասենք հետեւյալը։ Այդ ամենահաղթական ավարտը (ավելի վատ տարբերակների մասին չխոսենք) ավելին լինել չի կարող, քան 1994-ից առ այսօր ունեցած գծի պահպանումը։ Նայած պատերազմի տեւողությանը՝ այսքան հազար զոհ տալով։ Եւ պարզ է, չէ՞, թե ինչ մեղադրանքներ են հնչելու դրանից հետո։ Եթե պարզ չէ, հիշեցնենք նախորդ փորձը, այն է՝ 1992-94 թվականների պատերազմական հաղթանակներրը իրենց ամրագրված արդյունքներով ու դրա գնահատականը։ Որեւէ մեկը կարո՞ղ է նախորդ՝ ոչ թե հարյուր, ոչ թե մի քանի հարյուր, այլ վերջին հազար տարվա կտրվածքով մատնանշել դրան հավասար այլ մի դրվագ Հայոց պամության մեջ։ Եւ հենց նույն այս ու այսօրինակ մարդկանց անբարո տոտալ քարոզչության հետեւանքով ի՞նչ դարձան այդ հաղթանակները հասարակության մեծ մասի ընկալումներում՝ «ցրտի ու մթի» տարիներ։

Ամեն մարդ եւ ամեն մի հասարակություն ու ժողովուրդ ունի իր արժեքները եւ արժեքային համակարգը։ Կարծես թե նորություն ասած չենք լինի, որ Քոչարյանի արժեքային համակարգում բարձրագույն արժեքը սեփական անձն է, ուստիեւ՝ մնացած ամեն ինչ, ներառյալ՝ Ղարաբաղն ու Հայաստանը, նրա համար այլ բան չեն, քան միջոց՝ այդ «բարձրագույն արժեքին» ծառայելու, եթե պետք է՝ նաեւ դրա համար ծախսվելու, սպառվելու համար։ Նույնը՝ նրա ստեղծած «դպրոցն» է՝ ի դեմս իր երեւացող ու դեռ չերեւացող «թիմի», ապացույցը՝ ավազակապետության 20-ամյա փորձը։

Կեղծ հայրենասիրությամբ քողարկված, մաքսիմալիզմի մթնոլորտ ստեղծելով իշխանությանը «անկյուն քշելն» ու պատերազմի դրդելով՝ Քոչարյանն ու նրա «պաշտպանական թիմը», հանուն իրենց նպատակների իրականացման, զոհասեղանին են դնում Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը։ Եւ դա պետական դավաճանությանը համազոր ծանրագույն հանցանք է։

Աշոտ Սարգսյան