14.03.2019 14:32

Ճապոնիան նախապատրաստվում է անցնելու նոր կայսեր իշխանության դարաշրջանին

Ճապոնիան նախապատրաստվում է անցնելու  նոր կայսեր իշխանության դարաշրջանին

Ճապոնիայում ավարտվում են երկրի պետական և մասնավոր տեղեկատվական համակարգերը նոր կայսեր իշխանության դարաշրջանի անվանմանը նախապատրաստելու աշխատանքները: Նոր կայսրը գահ կբարձրանա մայիսի 1-ին:

Ճապոնիայում թվագրությունը վարում են ինչպես բոլորի կողմից ընդունված օրացույցով, այնպես էլ կայսրերի իշխելու տարիներով: Այդ պատճառով էլ հիմա երկրում ընթանում է և՛ 2019 թվականը, և՛ Հեյսեյի 31-րդ տարին՝ ինչպես անվանվում է ներկայիս կայսր Ակիհիտոյի իշխանության դարաշրջանը: Ակիհիտոն, իր ցանկությամբ, գահը կլքի ապրիլի 30-ին, իսկ մայիսի 1-ին նրա տեղը կգրավի ավագ որդին՝ թագաժառանգ Նարուհիտոն:

Նոր դարաշրջանի անվանումը, ամենայն հավանականությամբ, հույժ գաղտնի պայմաններում արդեն որոշել է հատուկ պետական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են կառավարության ներկայացուցիչներ, հայտնի բանասերներ և իրավաբաններ, պատմության մասնագետներ: Ենթադրվում է, որ նոր անվանումը կհայտարարվի ապրիլի 1-ին, որպեսզի տեղեկատվական համակարգերի օպերատորները կարողանան հանգիստ «Հեյսեյի 31-րդ տարին» փոխարինել նոր դարաշրջանի 1-ին տարով:

Փոխանցում է tass.ru-ն: