15.03.2019 12:05

Արսեն Գրիգորյան. Ինքնորոշման համար պայքա՞ր, թե՞ հողի կռիվ

Արսեն Գրիգորյան. Ինքնորոշման համար պայքա՞ր, թե՞ հողի կռիվ

Աշխարհում լինում են տեսակետներ, կարծիքներ եւ բլթոցներ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը երեկ բլթացրել է՝ վարչապետը պետք է շարունակի բանակցությունները եւ ներկայացնի Ղարաբաղի շահերը: Ինչ է թե Մինսկի խումբը էս փուլում այլ բան չի նախատեսում:

Ճշմարտությունն այն է, որ Մինսկի խումբը դա չէր տեսնում այն ժամանակ, երբ Հայաստանն առաջարկելու այլ բան չուներ, ավելին, Քոչարյանն ինքը որոշեց, որ կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերը: Քոչարյանը ոչ թե նախագահ էր զգում իրեն, այլ համայն հայության խոսնակ: Նա Արցախի հարցով բանակցություններին ներկայանում էր որպես մի ռոմանտիկ, որը մարմնավորում է «ծովից ծով Հայաստանի» մի կտոր տեսիլքը:

Երբ Վիկտոր Սողոմոնյանն ասում է, որ Փաշինյանը պետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը, ուզում է ասել՝ բա Սփյուռքի երազանքներն ո՞վ պետք է մարմնավորի, եթե ոչ Հայաստանի առաջնորդը: Այսինքն՝ Ղարաբաղ գոյություն չունի: Այսինքն՝ մենք ծավալապաշտ ենք, Ղարաբաղը մեզանով ենք արել, ու պիտի մենք էլ խոսենք նրա մասին: Հենց այդ տրամաբանությամբ էր Ղարաբաղից զորք բերվում Երեւան մարտի 1-ին, որովհետեւ Ղարաբաղը պատասխանատու էր այն Հայաստանի համար, որը բանակցություններում տեր է կանգնում նրա շահերին:

Անցան այդ ժամանակները: Հայաստանը տեր չէ, երաշխավոր է, քանի դեռ այդ երաշխավորության իրավական գործիքը հենց միջազգային հանրությունը չէ: Հայաստանը ուզում է, որ միջազգային հանրությունն էդ երաշխիքները հենց Ղարաբաղին տա, ոչ թե Հայաստանին: Դա առնվազն հարգալից է անկախություն հռչակած երկրի հանդեպ: Դա է Հայաստանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի անկախությունը չի ճանաչել հենց այն պատճառով, որ այդ դեպքում կլիներ ոչ թե երաշխավոր, այլ՝ ագրեսոր:

Հայաստանն ասում է՝ ընկերներ, հակամարտության հիմնական օջախը՝ Լեռնային Ղարաբաղը, հարցի կարգավորման միջնորդների հետ խոսել է միջնորդավորված. այսինքն՝ Հայաստանի միջոցով, որը 1998-ից մեծ հաշվով այդ գործընթացի մեջ էր մտել՝ չներկայացնելով նույնիսկ իր ժողովրդին: Այսինքն, Հայաստանը բանակցություններին մասնակցում էր իշխանության, բայց ոչ պետության մակարդակով: Հիմա, երբ դրանք իրար չեն հակասում, պետությունն առաջարկում է խոսել այն ժողովրդի հետ, որն ապրելու է այդ հողի վրա: Հայաստանն առաջարկում է այդպիսով Ղարաբաղը դարձնել ուժային բեւեռ, որպեսզի ղարաբաղցին իրեն վտանգված չզգա: Սրան ինչո՞վ պիտի հակադրվի Մինսկի խումբը: Հո չի՞ ասելու՝ էս տարբերակի դեմ Վիկտոր Սողոմոնյանն առարկությունն ունի: Եվ հետո Մինսկի խումբն ինչո՞ւ պիտի մեզ ստիպի բանակցություններում ներկայացնել Արցախը:

Եթե մենք ենք ներկայացնում Լեռնային Ղարաբաղը, նշանակում է՝ այդ երկրի հանդեպ կարող ենք ունենալ քմահաճույքներ, կարող ենք մանիպուլացնել նրա դիրքորոշումները: Համենայնդեպս, Մինսկի խումբը կարող է ասել՝ որեւէ որոշում մեծ հաշվով լինելու է Հայաստանի որոշումը: Մենք պատրաստ չենք նման անպատասխանատվության տակ մտնել, իսկ Վիկտոր Սողոմոնյանը եւ նրա ղեկավարը նույնիսկ չգիտեն, որ նոր իրավիճակում պետք էլ չէ նման բեռի տակ մտնել: Մենք վերջապես իրերն անվանում ենք իրենց անուններով՝ հակամարտության իրական ֆորմատը Ղարաբաղի ժողովուրդ է ուզում: Առանց Ղարաբաղի ժողովրդի այստեղ ինքնորոշման համար պայքար չկա, կա սոսկ հողի կռիվ: